ԿարևորՀասարակություն

Գիտության և տեխնոլոգիաների հրեշտակների ցանցը՝ առանձին կառույց․ ինչպե՞ս է տրանսֆորմացվել ներդրումային շուկան

Այս տարի լրանում է Գիտության և տեխնոլոգիաների հրեշտակների ցանցի՝ STAN-ի կազմավորման 5-ամյակը, որը նշանավորվում է կառույցի՝ որպես առանձին կազմակերպություն հանդես գալով։ STAN-ը Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի գիտության առևտրայնացմանն ուղղված ծրագրերից է, ստեղծվել է Հայաստանում ձեռնարկատիրական գործունեությունը խթանելու նպատակով։ Ծրագրի նպատակը սաղմնային փուլում գտնվող գիտական և տեխնոլոգիական հայկական ստարտափերում ներդրումներ կատարելն է։

FAST-ի Գիտության և տեխնոլոգիաների հրեշտակների ցանցը ստեղծվել է 2018 թվականին՝ 18 հիմնադիր հրեշտակների կողմից։ Այժմ միավորում է 40 հրեշտակների՝ 6 տարբեր երկրներից: Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյան.

«Մինչ օրս STAN-ի հրեշտակներն ավելի քան 620 հազար ԱՄՆ դոլար են ներդրել 14 խոստումնալից ստարտափներում՝ հորիզոնում ունենալով ավելի հետաքրքիր նախագծեր։ Այսօր հայտարարում ենք, որ STAN-ը, վերջին հինգ տարիների ընթացքում հասունացել և հասել է մի կետի, որ կարող է գործել որպես անկախ ընկերություն: 2023 թվականի հունիսի 30-ին STAN-ը պաշտոնապես առանձնացավ FAST-ից՝ շարունակելու իր առաքելությունը որպես շահույթ չհետապնդող նոր հիմնադրամ։ Սա կարևոր հանգրվան է կազմակերպության կյանքում, որի համար պարտական ենք մեր հրեշտակ ներդրողներին, էկոհամակարգի բոլոր գործընկերներին ու ստարտափներին»։

Թեև STAN-ն առաջ է շարժվում որպես անկախ կազմակերպություն, FAST-ը պահպանելու է իր դերը՝ STAN-ի խորհրդում ունենալով իր տեղը: Գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնած Ռուբեն Օսիպյանի խոսքով՝ 2010 -ից ՏՏ ոլորտը գիտակցեց, որ Հայաստանի առավելությունը՝ «ցածր աշխատավարձ, բարձր արդյունավետություն», աստիճանաբար մարում է․ մարդկանց փորձը մեծանում էր, աշխատավարձերն աճում էին, իսկ շահույթը՝ փոքրանում։ Քանի որ Հայաստանն ունի բնակչության քանակի խնդիր, ընկերությունները սկսեցին մտածել ստարտափ նախագծելու մասին։ 2013-ին ստեղծվեց առաջին վենչուրային ֆոնդը, սակայն այդ ժամանակ ընկերություններն իրենց լուծման նախատիպը ստեղծելու միջոցներ չունեին։ Դրանք նախագծելու ամենահարմար տարբերակը բիզնես հրեշտակների կողմից ներդրումներն էին։ Իբրև այս տրամաբանության շարունակություն՝ FAST-ը ստեղծեց STAN-ը։ Ռուբեն Օսիպյանի խոսքով՝ հիմա իրավիճակն այլ է։

«Հիմա Հայաստանում մի մեծ տրանսֆորմացիա է տեղի ունեցել եթե երիտասարդ մասնագետը մշակում է պրոդուկտ, որը մարդիկ ուզում են օգտագործել, լավ արդյունք ունես, դու խնդիր չունես փող ճարելու առումով։ Հիմա հակառակն է խնդիրը, մենք չենք կարողանում գտնել այնպիսի ստարտափ, որը պատրաստ լինի այդ ներդրումը ստանալ»։

Իրավիճակի փոփոխության մասին է նշում նաև ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ 2022-23թթ․ ստարտափ-ընկերությունների գրանցման աննախադեպ աճ ենք ունեցել։ Բարձր տեխնոլոգիական բազմաթիվ ընկերություններ, որոնք ունեն մինչև երեսուն աշխատակից, նախարարության կողմից հավաստագրվել են՝ հարկային արտոնություններից կամ հավաստագրումով նախատեսված արտոնություններից օգտվելու համար։

Վերջին տարիներին ԲՏԱ նախարարությունը նախատեսում էր ստեղծել Ազգային վենչուրային ֆոնդ՝ Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ։ ԲՏԱ նախարարի խոսքով՝ այն դասական ֆոնդ էր լինելու, բայց քանի որ անվանել էին Ազգային վենչուրային ֆոնդ՝ նախընտրելի էր առավելություն տալ հայկական արմատներով կամ հայկական մասնակցությամբ ընկերություններին, ոչ միայն Հայաստանում, այլև՝ դրսում։ Այս պահին նախագիծը վերանայման կարիք ունի։

«Ազգային վենչուրային ֆոնդի ստեղծումը այն տարբերակով, որ նախանշել էինք, վերանայելու կարիք ունի։ Հիմա այլ գործընկերների հետ ենք քննարկումներ սկսել, բանակցություններ, որ գործընթացը վերանայենք։ Դա համաշխարհային բանկի աջակցությամբ էր արվում, ծրագրի մեջ որոշակի փոփոխություններ են առաջացել , որն ընդհանրապես ծրագիրը վերանայելու կարիք է առաջացնում։ Վերանայում ենք ձևաչափը և թե ում հետ կլինի համագործակցությունը։ Ժամկետների խնդիր կա, հստակ ժամկետում դա պետք էր բանկի հետ անել, որն արդեն մի քիչ ռիսկային է։ Փաստաթղթերի փաթեթը պատրաստ է, բայց կարևորը հիմնական լուծումը գտնելն է, թե ում հետ ենք աշխատելու, ինչպես ենք շարունակելու, մնացածը տեխնիկական հարցեր են»։

Ի՞նչ մարտահրավերների առջև է կանգնած տեխնոլոգիական համայնքը, և ի՞նչ լուծման տարբերակներ կան։ Քննարկման մասնակիցներն առանձնացնում են հետևյալ խնդիրները՝ համակարգման շղթան կտրված է, գիտությունը  բավարար չափով չի ֆինանսավորվում, ձեռնարկատիրական կրթությանը և հնարավորություններին հասանելիության խնդիր կա։ Այս խնդիրների լուծմանը կնպատի ոլորտային ռազմավարության մշակումը։ FAST հիմնադրամի ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյան․

«Պետք է մի քիչ ավելի շատ համակարգում լինի մեր գործունեությունում, այսինքն՝ որպես կառույց փորձենք իրար մեջ ավելի լավ պատկերացնել սիներգիաները, երկրորդը՝ ԲՏԱ, էկոնոմիկայի նախարարությունների, Գիտպետկոմի կողմից համակարգում ու ռազմավարությունը լինի, թե երկրին ինչ տեսակի նորարարություն է պետք, որ, ըստ դրա, մեր ռեսուրսները համակարգենք»։ 

Շամախյանի խոսքով՝ ռազմավարության բացակայությունը խնդիրների է հանգեցնում նախևառաջ պետական գերատեսչություններում, քանի որ միմյանցից անտեղյակ տարբեր գործունեություն են ծավալում։ Այդյունքում՝ ընդհանուր շղթան չի աշխատում, և պետության խնդիրները չեն լուծվում։

Back to top button