ԿարևորՔաղաքական

Ֆրանսիան «կպաշտպանի» Հայաստանի օդը․ սպառազինությունը պաշտպանական բնույթի է

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի փարիզյան այցով կարող է դրվել հայ–ֆրանսիական ռազմական համագործակցության մեկնարկը։ Որպես առաջին քայլ է դիտարկվում  ռազմական մատակարարումների մասին պայմանագրի կնքումը, որի մասին խոսել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն։

Այն մասին, որ Փարիզը համաձայն է Երևանի հետ նման պայմանագիր կնքել, Հայաստան այցի ժամանակ հայտնել էր Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան:

Հայկական կողմն առայժմ ձեռնպահ է մնում մանրամասներից, մինչդեռ Սուրեն Պապիկյանի հետ հանդիպումից երկու օր առաջ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ պայմանագրի ստորագրումը նախատեսված է հոկտեմբերի 23-ին։ «Դրանով «ֆրանսիական արտադրողներից որոշակի քանակությամբ սպառազինության ձեռք բերում է նախատեսվում, ինչը Հայաստանին թույլ կտա ապահովել իր երկնքի պաշտպանությունը»,-ասել էր ֆրանիսացի պաշտոնյան:

Հայ-ֆրանսիական պայմանագրով առաջին հերթին փորձ է արվելու պաշտպանել Հայաստանի օդը։ Ֆրանսիայից հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռք բերման մասին խոսակցությունների հիմքում այդ երկրի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուի խոսքերն են այն մասին, որ պայմանագիրը «թույլ կտա Հայաստանին պաշտպանել իր երկինքը»։ ԱԺ պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, մինչդեռ, հայ-ֆրանսիական պայմանագրի մասին խոսելիս կարևոր է համարում հետևյալ հստակեցումը․

«Առաջնահերթ՝ պաշտպանական բնույթի, որովհետև հարձակողական զենքերը ոչ մեկը այսօր չի տալու ոչ մեկին, որովհետև հարձակողական զենքերը այլ ռազմական կոնցեպտ են թելադրում, իսկ մեր ռազմական կոնցեպտը իր մեջ պարունակում է առաջին հերթին պաշտպանական բնույթի ամրություններ։ Իհարկե, հակաօդային պաշտպանությունը մեր առաջնային լուծելիք խնդիրների տիրույթում է, բայց օդից էլ պետք է պաշտպանված լինի զինվորը, օդից եկող հրթիռից էլ պետք է պաշտպանված լինի։ Այսինքն՝ դրանք հարցեր են, որոնց լուծումները ամենօրյա ռեժիմով դառնում են իրականություն։ Ցանկացած պետություն իր համագործակցության շրջանակը պետք է մեծացնի, ինչպես նաև քաղաքական հարցերում պետք է ունենա նաև բարեկամների ավելի մեծ ներգրավվածությունը։ Հենց 44-օրյա պատերազմը մեզ հուշեց, որ բոլոր այդ հարթակներում պետք է լուրջ աշխատանք ծավալենք։ Եվ ոչ միայն ունենանք բարեկամներ, այլև այնպիսի հարաբերություններ, որոնք միտված կլինեն մեր անվտանգային միջավայրն ավելի ներառական դարձնելուն»։  

Այս հստակեցումը թերևս կարևոր է այն տեսանկյունից, որ Բաքուն քննադատել էր Երևանի հետ ռազմատեխնիկա տրամադրելու մասին պայմանագիր կնքելու Փարիզի մտադրությունը։ Եվ հենց այդ պատճառաբանությամբ էր Ադրբեջանի նախագահ Ալիևը չեղարկել իր մասնակցությունը Գրանադայի բանակցություններին:

Սպառազինության մատակարարման տեսանկյունից Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցության ծավալը դեռ չի բացահայտվում։ Սրանք հարցեր են, որոնց մասին Հայաստանի իշխանությունը հորդորում է հնարավորինս քիչ խոսել։ Ֆրանսիական արտադրության սպառազինությունը, սակայն, Հայաստանի համար հետաքրքիր է ամբողջությամբ՝ ասում է ԱԺ պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ցանկացած սպառազինություն մեզ համար, կարելի է ասել, հետաքրքիր է․ լինեն օդատիեզերական տեխնոլոգիաներ, զենքեր, զինամթերք, հետախուզական համակարգեր, չգիտեմ արբանյակային ծառայություն և այլն, վերջացրած ցամաքային զոր՝քերի կամպոնենտներով՝ հրետանային համակարգեր, զրահատեխնիկա, հրետանու մեծ տեսականի, հակատանկային միջոցներ, հրաձգային զենքեր, օպտիկակակն սարքեր։ Ֆրանսիան աշխարհի առաջատարներից է գիշերային հայտնաբերման տարատեսակ սարքավորումների և այլ միջոցներով»։

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն իր հարցազրույցում երկու օր առաջ նշել էր․«Անհրաժեշտ է Հայաստանին թույլ տալ պաշտպանել իր քաղաքացիական բնակչությանը եւ ապահովել իր սահմանների պաշտպանությունը»։ Այս նպատակների մասին նա խոսել էր նաեւ նախորդ շաբաթ՝ Սենատում 2024-ի բյուջեի քննարկման ժամանակ։

Հայաստանին Ֆրանսիայի օժանդակության ծավալը հասկանալու համար, սակայն, կարևոր է նախարարի ավելի վաղ արված հայտարարությունը։ Լըկորնյուն չի կարծում, որ Փարիզը կարող է ռազմական միջամտությամբ պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Միաժամանակ Լըկորնյուն տեղեկացրել էր, որ Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի պաշտպանական կարիքները։

Ֆրանսիայում Սուրեն Պապիկյանի և Սեբաստիեն Լըկորնյուի հանդիպումների և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին մեկնաբանություններ չի շտապում տալ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը։ Փոխնախարար Արման Սարգսյանը ԱԺ-ում փարիզյան հանդիպումների օրակարգը չմանրամասնեց։

«Ֆրանսիայում պաշտպանության նախարարի այցի արդյունքներով մենք համապատասխան տեղեկատվություն կտրամադրենք։ Ամեն ինչի մասին կտեղեկանաք։ Պաշտպանության նախարարի այցի շրջանակներում քննարկումների արդյունքների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն կտրամադրվի»։

Արդյո՞ք Ֆրանսիան երրորդ երկիրն է, որտեղից Հայաստանը սպառազինություն ստանալու հնարավորություն կունենա։ Մինչև այժմ ակտիվորեն շրջանառվում էր նաև Հնդկաստանի հետ համագործակցելու հնարավորությունը, կա նաև ավանդական ուղղությունը՝ Ռուսաստանը, որտեղից դեռ սպասում են վճարված 400 միլիոնի դիմաց ակնկալվող սպառազինությունը։

Անդրանիկ Քոչարյանը, սակայն, երկրների ամբողջական ցանկը չի բացահայտում:

-Ձեռք բերելը հարցի մի մասն է, նաև փորձարկումների են ենթարկվում, և փորձարկումները շատ գոհացուցիչ են։ Երկրների ցանկն այնպիսին է, ինչպիսին քննարկվում է՝ գուցե մի քիչ ավելի, գուցե մի քիչ պակաս։ Կարևորը դա չէ։ Կարևորը, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։
Ռուսաստանն էլ կա՞։
Ի՞նչ եք ուզում Ռուսաստանից։
400 միլիոնի զենքերը։
Բայց այդ միլիոնները մենք տվել ենք զենք ունենալու համար, հիմա սպասում ենք զենքին։ Տեսնենք։ Ես կարծում եմ, ցանկացած պայմանագիր նախատեսում է և՛ ժամկետներ, նաև՛ ժամկետների խախտման դեպքում՝ պատժամիջոցներ։

Սպառազինությանն առնչվող հարցերի մի մասն առաջիկայում կպարզաբանվի ԱԺ-ում։ Սկսվելու են հաջորդ տարվա բյուջեի խորհրդարանական քննարկումները, և առաջիններից մեկը հենց պաշտպանության և անվտանգության ոլորտի հատկացումներն են։

«Այնտեղ բոլորդ հնարավորություն կունենանք թույլատրելիի սահմաններում ստանալ ձեզ հետաքրքրող հարցերի չեմ ասում ամբողջությամբ, բայց բացված փակագծերով պատասխաններ, որոնք կվերաբերեն թե՛ սպառազինությանը, թե՛ նրա կառուցվածքին»։

Ռազմատեխնիկայի տրամադրման հայ-ֆրանսիական պայմանագիրը, ըստ ամենայնի, նոր հնարավորություններ է ստեղծում նաև այլ հարթությունում, որտեղ խնդիրներն առնչվում են լոգիստիկ և քաղաքական հարցերին․ ինչպե՞ս և ո՞ր ճանապարհներով է ֆրանսիական սպառազինությունը հասնալեու Հայաստան՝ հարցեր են, որոնց պատասխանները դեռ չեն հնչում։ Նաև կա մտավախություն, որ փորձ կարվի խոչընդոտելու ՆԱՏՕ-ի անդամ երկրից ՀԱՊԿ անդամ երկրին սպառազինության մատակարարումը։

Back to top button