
Ուկրաինայից այսօր ստացվող լուրերը մոտալուտ պատերազմ են գուժում։ Երկրի արևելքում այսօր մեկնարկել է լայնամասշտաբ հակաահաբեկչական գործողությունը։ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի հրավիրած խորհրդակցության ժամանակ հստակեցվել են զինված ուժերի տեղաբաշխման հետ կապված հարցեր և օպերացիայի այլ մանրամասները։ «Պետք է բոլոր դետալները մանրազնին մշակել՝ արդյունքներ և ոչ թե մարդկային զոհեր ունենալու համար»,- Տուրչինովի խոսքերն է մեջբերում է newsru.com- ը։
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշպանության խորհուրը թույլ է տվել երկրի արևելյան շրջանում սկսվող հակաահաբեկչական գործողության անցմացմանը ներգրավել բանակը, առաջին գումարտակներն ու տեխնիկան արդեն ուղարկվել են շրջաններ, որտեղ մի քանի շաբաթ է ռուսամետ ուժերը խռովություն են բարձրացրել: Առաջին գծում են այսպես կոչված հայրենասերների հատուկ ջոկատները, որոնց ստեղծման մասին երեկ հայտնել էր Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը:
Ուկրաինան հետագա մասնատումից պաշտպանող առաջամարտիկներից է նաև Ազգային գվարդիայի գումարտակը՝ կազմված Մայդանի ինքնապաշտպանության կամավորներից: Ուկրաինայի արևելյան շրջաններից, որտեղ դաշնայնացման կողմնակիցները գրավել են վարչական շենքերը, հակասական լուրեր են ստացվում բախումների և զոհերի մասին: Այսօր առավոտյան տարածված լուրը, թե Սլավյանսկում 10 մարդ է սպանվել, Դոնեցկի շրջանի իրավապահները հերքել են։
Վաշինգտոնը չի բացառել Ուկրաինային զենքի մատակարարման հնարավորությունը: ԱՄՆ պետքարտուղարի օգնական Թոմաս Շեննոնը հայտնել է, որ հարցը քննարկվում է ռուս-ուկրաինական հարաբերություններին արձագանքելու այլ տարբերակների հետ մեկտեղ: Ինչ վերաբերվում է Ուկրաինային անմիջական ռազմական աջակցություն տրամադրելուն, ապա Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր չէ ակտիվ մասնակցություն ցուցաբերել Ուկրաինայում տիրող իրավիճակին:
ՆԱՏՕ- ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ, իր համոզմամբ, ճգնաժամի դիվանագիտական և քաղաքական հանգուցալուծման ուղիների որոնումն է արդիական: «Այդուհանդերձ՝ ռազմական առումով մեր գլխավոր խնդիրը մեր դաշնակիցների ինքնապաշտպանության ամրապնդումն է»,- ասել է Ռասմուսենը՝ Եվրամիության պաշտպանութան նախարարների՝ Լյուքսեմբուրգում կայացած հանդիպումից առաջ։




