ԿարևորՔաղաքական

Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են մուտքի արտոնագրերի դյուրացմանն ուղղված հարցերը

Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանի և Եվրոպական հանձնաժողովի վիզաների քաղաքականության հարցերով բաժնի ղեկավարի տեղակալ Անտուան Սավարի համանախագահությամբ տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի 7-րդ նիստը: Նիստին ներկա էին նաև ՀՀ համապատասխան գերատեսչությունների և Հայաստանում ԵՄ պատվիրակության, ԵՄ անդամ երկրների հյուպատոսական բաժինների ներկայացուցիչներ:

Հանդիպմանը հայկական կողմը ներկայացրել է «ՀՀ և ԵՄ միջև մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի կիրարկման հետ կապված խնդիրները՝ մասնավորեցնելով այն դրույթները, որոնց պահանջները չեն կատարվում։ Հանգամանալից անդրադարձ է կատարվել ՀՀ քաղաքացիների կողմից ստացվող բողոքներին, ներկայացվել են հետընդունման հարցում համագործակցության դրական ցուցանիշներն ու Հայաստանի արձանագրած առաջընթացը:

Բարձրաձայնված խնդիրների համատեքստում եվրոպական կողմն իր հերթին ներկայացրել է փաստարկներ, որոնք հիմնականում կապված էին դեսպանությունների աշխատանքային ծանրաբեռնվածության և հայաստանյան զբոսաշրջային կազմակերպությունների գործունեության հետ։ Միաժամանակ ԵՄ կողմը պատրաստակամություն է հայտնել համատեղ լուծումներ փնտրել՝ խնդրո առարկա հարցում իրավիճակը շտկելու համար։

Արա Մարգարյանն անդրադարձ է կատարել նաև ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականաման շուրջ երկխոսության մեկնարկի անհրաժեշտությանը՝ նշելով, որ հարցը Հայաստանի կառավարության առաջնահերթությունների շարքում է:

Back to top button