ԿարևորՀասարակություն

Անանուխ՝ կլոր տարին. Աղավնատուն գյուղի հայկական բույրերը

Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում վերջին տարիներին լայն տարածում է ստացել անանուխի մշակությունը, որն աճեցնում են, ոչ միայն տնամերձ հողամասերում, այլև սեփականաշնորհված հողերում:

Մշակաբույսի իրացման հիմնական շուկան Ռուսաստանն է: Աղավնատանն աճեցնում են անանուխի իսրայելական սորտը՝ խոշոր տերևներով ու հաստ ցողունով: Բույսը վաճառում են նաև չորացրած վիճակում:

Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում թարխունի, ռեհանի, մաղադանոսի մարգերի կողքին արդեն մի քանի տարի իր հաստատուն տեղն ունի նաև անանուխը: Խոհարարական արվեստի զարգացմանը զուգընթաց մեծացել է անանուխի պահանջարկը, որից պատրաստում են ոչ միայն թեյ ու օշարակ։ Անանուխի թարմ տերևներն օգտագործում են զանազան կերակրատեսակների ու ըմպելիքների մեջ: Աղավնատանը մշակում են անանուխի իսրայելական սորտը: Սա ավելի ակնահաճո ապրանքային տեսք ունի և դիմացկուն է՝ գործից չկտրվելով ասում է Լուսինեն. անանուխը  դաշտից քաղել, բերել էին տուն ու խրձի դիմաց նստած կապում էին.

«Այս տարի մեզ մոտ՝ Երևանում, պահանջարկը շատ էր. տարել են «Մոխիտո» ըմպելիք սարքելու համար: Եղել է, որ հնձել  ու այդպես  էլ վաճառել ենք՝ ամբողջական քաշով, էլ չենք կապել: Հիմա դրսի համար անանուխը  ռեզիններով ենք կապում, իսկ մեր շուկայի համար՝ թարխունի պես՝ թիթեղե լարերով»:

Անանուխի համաչափ կապոցներն արտահանում են Ռուսաստան: Գյուղացիները  դռան շեմից են վաճառում և շուկա չեն գնում: Անանուխի մշակությունն անհամեմատ ավելի էժան է, բայց աշխատատար: Լուսինեն ու Միհրանը 700 քմ սեփական հողատարծքի վրա արդեն մեկ տարի է՝ անանուխ են  աճեցնում: Փարթամ բույս ստանալու համար հողը մշտապես խոնավ են պահում,  ժամանակին բուժում.

«Բուժում ենք ցեցի դեմ, որդի, լվիճի։ Եթե  լվիճոտվի, ապա  ամբողջ տերևները կծկվելու, ոլորվելու են: Առանց բուժանյութերի անանուխի տերևները կարող են նաև  ցեցոտվել: Մարգերում շատ են մոլախոտերը, բայց դրանց դեմ չենք կարող պայքարել, եթե բուժենք՝ անանուխն էլ հետը կչորանա, իսկ  եթե չմաքրենք ու խոտի մեջ մնա՝ որակ չի ունենա»:

 Մոլախոտերի դեմ պայքարի միակ միջոցը մնում է քաղհանը: Ամռանը բաց դաշտերում, աշնան վերջին պոլիէթլենային թաղանթների տակ ամբողջ տարին գյուղացիները անանուխ են ունենում: Լուսինեն ասում է՝ այդ բույսը խոնավասեր է, մշակության  դժվարությունն ամռանն է զգացվում, իսկ ձմռանը կարող է դիմանալ մինչև 7 աստիճան ցրտին.

«Հիմա այս շյուղը, որ մի քիչ աճի ու երկարի, ընկնի հողին՝ կողքից արմատներ կտա: Խոնավասեր բույս է, ամռանը պետք է միշտ խոնավ պահենք, եթե ծարավ մնա, շուտ ծաղկում է: Հիմա ծաղկման շրջանն անցել է, հով է, ամբողջ դեկտեմբեր ամսին Ռուսաստան ենք ուղարկում: Ձմռանը անանուխի մարգերը պահում ենք ջերմոցների տակ, չի ցրտահարվում, մինչև -7 աստիճանին դիմանում է. կսառի, բայց երբ արև լինի՝ կամաց-կամաց կբացվի»:

Անանուխի մշակության համար սածիլներ հարկավոր չեն, քաղած ցողունները մի անգամ դնում են հողում և երկու տարի քաղում՝ առանց լրացուցիչ վար ու ցանքի ու ծախսերի: Լյուդմիլա Ավետիսյանն անանուխն աճեցնում է իր  տան բակում: Մի մարգում կանաչած բույսն է, մյուսում՝ նոր դրած սածիլները.

«Հիմա նոր սածիլել եմ, գարնանը կքաղեմ, լավ նանա կլինի: Սրանք հատ-հատ տնկում ենք, առանց արմատի կպնում է հողին: Երբ դնենք՝ կկպնի, բայց անընդհատ պետք է ջրենք՝ երկու օրը մեկ անգամ: Հիմա գնում եմ, որ ոռոգման ջուրը կապեմ, բերեմ, ջրեմ»:

Տիկին Լյուդմիլան Աղավնատուն գյուղի առաջին հացթուխն է եղել։ Ասում է՝ բոլորի թոնրատանը լավաշ է թխել: Հիմա չի թխում, եկամուտը վաստակում է սեփական հողամասից. տնամերձ հողակտորում նանա է աճեցնում, բակում կապում և տնից վաճառում: Իմ այցելությունից առաջ արդեն 50 կգ վաճառել էր՝ մեկ կիլոգրամը 1000 դրամով. Ռուսաստան արտահանողներն են գնել:

 «50 կգ արդեն տվել էի, 50 կգ  քիչ առաջ վաճառեցի, առավոտյան ժամը 6-անց կես կքաղեմ, կլցնեմ այստեղ, կկապեմ նորից ու կդնեմ արկղերի մեջ, կգան, կտանեն: Եթե ուզող լինում է՝ չորացրած էլ ենք վաճառում՝ 1 կգ 2000 դրամ»:

1000 դրամը կայուն գին չէ, գյուղացիներն ասում են, որ տարբեր ժամանակաշրջանում տարբեր գներ են լինում՝ 300-ից մինչև 1000 դրամ:  

Բացի անանուխից, Աղավնատանը մշակում են նաև ռեհան, թարխուն, տարբեր բանջարեղեն: Բնակավայրի վարչակազմի գլխավոր մասնագետ Արմեն Մարտիրոսյանն ասում է, որ գյուղում վարելահողերը շուրջ 430 հեկտար է և գրեթե  անմշակ հողեր չկան, ոռոգման ջուր ունեն.

«Մեր գյուղում շատերը մեծ ջերմոցներ են դնում, որտեղ մշակում են նանա, ռեհան, լոլիկ, վարունգ, բրոկոլի, ծաղիկներ, բայց ավելի շատ նանա են ցանում: Բաց դաշտերում նանան փոքր ջերմոցների տակ են դնում, ամռանը բացում, իսկ մեծ ջերմոցներում՝  հիմնականում ձմռան վաճառքի համար են աճեցնում: Նանան ամբողջ տարին լինում է, հիմա քաղում են,  նորից աճում է կամ նորն են սածիլում»:

Աղավնատուն գյուղն արտաքուստ մաքուր ու բարեկեցիկ համայնք է, գյուղացիներն՝ աշխատասեր: Այդ մասին վկայում են նաև զրուցակիցներս.

«Գյուղացին, եթե չմշակի ու չանի, շուկա չունենա՝  չի կարող ապրել։Մեր գյուղի ժողովուրդը շատ աշխատող է, բոլորն էլ, մեկը չէ»:

Գյուղի յուրաքանչյուր մշակաբույսն իր մշտական շուկան ունի. անանուխն իրացվում է Ռուսաստանում, թարխունը՝ Վրաստանում, մնացած բանջարեղենն ու կանաչիները՝ ներքին շուկայում:

Back to top button