ԿարևորՔաղաքական

Իսրայելա-պաղեստինյան հակամարտություն․ ինչից է սկսվել կոնֆլիկտը և ուր է գնում

Ինչ պատմություն ունի իսրայելա-պաղեստինյան՝ արդեն տասնամյակներ ձգվող, պարբերաբար սրվող  ու համեմատաբար հանգիստ փուլ տեղափոխվող հակամարտությունը, ինչի շուրջ է այն ու որտեղ է լուծման բանալին։

Պաղեստինյան ինքնավարության հատվածում մոտ 360 քառակուսի կիլոմետր տարածք զբաղեցնող գոտում այս օրերին ընթացող պատերազմն արդեն 5-րդն է՝ Իսրայել պետության ստեղծումից ի վեր։ Պատերազմները տարբեր են եղել, արդյունքները՝ նույնպես․ Գազան պարբերաբար Իսրայելի կամ  Պաղեստինի վերահսկողությանն է անցել։ Փորձագետները դժվարանում են կանխատեսել , թե ուր կհասնի հակամարտությունն այս անգամ, բայց համոզված պնդում են՝ խոսքը  բազմաշերտ ու բազմավեկտոր կոնֆլիկտի մասին  է, որտեղ տարբեր շահեր են բախվում։

Այս հակամարտությունը բավական խորն է ու երկարատև։ Այն սկսվել է Պաղեստինի տարածքում Ւսրայել պետության ստեղծումից էլ վաղ՝ 20-րդ դարի սկզբին, երբ խնդրահարույց տարածքները դեռ բրիտանական մանդատի տակ էին։

«Տարածքները, որոնք բրիտանական մանդատի տակ էին, բաժանվում են մասերի և այդ տարածքում ստեղծվում են տարբեր տեսակի հրեական օջախներ, իսկ հետո խնդիրներ են ծագում երկու ժողովուրդների միջև»։

Արևելագետ Հայկ Քոչարյանը հիշեցնում է՝ բրիտանական զորքերն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գրավեցին Գազան, ապա այն վերածվեց Պաղեստինի ենթամանդատային տարածքի՝ Գազայի ենթաշրջանի։ Հակամարտության առնչությամբ  ՄԱԿ-ի ԱԽ-ն մի քանի որոշումներ ընդունեց։

«Վերջինը նաև նախատեսում էր այս տարածքում ունենալ երկու պետություն՝ հրեական և պաղեստինյան։ Խնդիրը հենց սրանից էլ ծագեց՝ այդ որոշումները չընդունվեցին և պաղեստինյան ժողովուրդն ուզում է իր իրավունքը այդ տարածքների վրա ամփոփելու, ինչը հանդիպում է տարբեր աշխարհաքաղաքական իրավիճակներում տարբեր դիմադրությունների»։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1947 թվականին, ՄԱԿ-ը հաստատեց Պաղեստինի Բաժանման նախագիծը։ Դրանով նախատեսվում էր ստեղծել  անկախ արաբական և հրեական պետություններ` առանձնացնելով Երուսաղեմը, որը պետք է ղեկավարվեր ՄԱԿ-ի հատուկ միջազգային կառավարման ռեժիմով։ Այսպիսով՝ հրեական պետության հիմնադրումից հետո, որը 1948 թվականի մայիսի 14-ին ստացավ Իսրայել անվանումը, այն ներքաշվեց պատերազմների մեջ արաբական բանակների հետ։

1948 թվականի արաբա–իսրայելական պատերազմի արդյունքում, նոր կազմավորված Գազայի հատվածը անցավ Եգիպտոսի վարչարարության ներքո։ 1967 թվականի Վեցօրյա պատերազմի ժամանակ Գազան գրավվեց Իսրայելի կողմից, Պաղեստին պետության մեծ հատվածն օկուպացվեց ։ 1993 թվականին, սակայն, Գազա քաղաքը իսրայելական իշխանությունների կողմից փոխանցվեց Պաղեստինի Ազգային Իշխանությանը։ 2006 թվականի ընտրություններից հետո պաղեստինյան քաղաքական ուժերի միջև ծագեց Ֆաթահ-Համաս զինված հակամարտությունը, որի  ընթացքում՝ Համասը 2007 թ. իր վերահսկողության տակ վերցրեց Գազան։ Գազայում իսրայելա-պաղեստինյան բախումները պարբերական բնույթ են կրում:

«Խնդիրներ են առաջանում տարածքների կառավարման հետ կապված և անընդհատ կա այդ կոնֆլիկտը։ Երկու էթնիկ խմբերը խնդիր ունեն չլուծված, և խնդիրը շարունակում է մնալ չլուծված։ Խորքային իմաստը սա է, որ կա անարդար լուծում խնդրի կամ խնդիրը լուծված չէ և տարբեր ժամանակներում, տարբեր կերպ արտահայտվում է»։  

Միջազգայնագետ Արթուր Խաչիկյանը նկատում է, որ այսօր ընթացող արաբա-իսրայելական պատերազմն արդեն 5-րդ խոշոր պատերազմն է՝ Իսրայել պետության ստեղծումից ի վեր և դժվար է ասել, թե այս անգամ այն մինչև ուր կգնա։

«Սա 5-րդ պատերազմն է։ Մինչև ո՞ւր այն կգնա։ Իհարկե, տեսնում ենք, որ արդեն շրջափակման մեջ է Գազան, Իսրայելը պատրաստվում է ցամաքային ուժեր առաջ տանել, գրավել Գազայի սեկտորը, որը մեծ արյունահեղության կբերի։ Մինչև որտե՞ղ է այն գնալու. Սիրիա կարո՞ղ է հասնել՝ այո՛, կարող է, իսկ Իրանի տարածք կարո՞ղ է հասնել, այո՛ կարող է։ Այդ դեպքում Իրանը ստիպված կլինի պատասխանել, կլինի էսկալացիա։ Հնարավոր է էսկալացիա և եթե դա սկսվի, իհարկե, Իսրայելի համար օգտակար կլինի երկրորդ ճակատ բացել Իրանի դեմ հենց մեր կողքին, որից միանգամից կօգտվեն Ադրբեջանը և Թուրքիան»։

Արևելագետ Հայկ Քոչարյանը նույնպես այն կարծիքին է, որ հակամարտության վերջը չի երևում, քանի որ խոսքը բազմաշերտ ու բազմավեկտոր կոնֆլիկտի մասին  է, որտեղ տարբեր շահեր են բախվում։ Իսրայելը վերջին շրջանում արաբական երկրների հետ հարաբերություններ կարգավորելու ուղեգիծ  էր բռնել, ինչը, սակայն, առկախվեց։ Արևելագետը կարծում է, որ պետք է հասկանալ նաև, թե ինչու հենց հիմա սկսվեց արաբա-իսրայելական հերթական բախումը, քանի որ, հասկանալի է, խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու հնարավորություն չունի։ Միջազգային լայն կոնսենսուսով լուծելիք խնդիր է՝ ասում է արևելագետը ու հավելում՝ այս փուլում այդպիսի կոնսոլիդացիա չի նշմարվում՝ չնայած Գազայի հատվածն այս պահին էլ հումանիտար ճգնաժամի առջև է։  

Back to top button