Մենք բարեգործներ չենք, փոստատարներ ենք, ովքեր ճիշտ ժամանակին հանձնարարական են ստանում և առանց ժամանակ կորցնելու հասցնում այն ճիշտ հասցեով, ասում է «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանը։ Կենտրոնը Գորիսում աջակցություն է տրամադրում Արցախից բռնի տեղահանվածներին, օժանդակություն ցույց տվող փրկարարներին, կամավորներին։
«Բարեգործությունը հիմնվում է նվիրատվության ու նվիրյալների վրա․ երբ դուք նվիրում եք այն, ինչ ունեք և կցանկանայիք նվիրեն ձեզ այն, ինչ դուք եք ուզում նվիրել ուրիշին»,- ասում է նա։
Արցախից բռնի տեղահանված ֆիզիկապես և հոգեպես հյուծված բնակչությանը պետք է տալ օրվա ջերմությունը․ հոգեբանական աջակցություն և տաք սնունդ, ասում է Մովսես Պողոսյանը։
Կազմակերպության գործունեության սկզբունքներից է աջակցել պետությանը՝ սոցիալական լարվածության նվազեցման գործում։
«Մենք պետությունից մեզ չպիտի տարանջատենք, պետությունը մենք ենք։ Մատնացույց անել պետությանը, նշանակում է ինքդ քեզ մատնացույց անել։ Ես ինձ եմ մեղադրում բոլոր բացթողումների համար, քանի որ պետությունը ձևավորված է մեզ պես անհատներից։ Մենք ենք հենքն ու հիմքը, որի վրա կառուցվում է բուրգը։ Պիտի հաշվետու լինենք նախ ինքներս մեր առաջ»,- շեշտում է Մովսես Պողոսյանը։
Խոսելով բարեգործության առանձնահատկություններից՝ ասում է, եթե այդ մարտադաշտում ես, պիտի գնաս մինչև վերջ, առանց որևէ սպասումների՝ շնորհակալության կամ երախտիքի խոսքերի և քո արածը նախ ինքդ քեզ պիտի հոգեկան բավարարվածություն պատճառի։