ԿարևորՀասարակություն

Սևանա լիճ են դուրս բերվել պարեկային ծառայության մոտորանավերը

Հոկտեմբերի 6-ին Սևանա լիճ դուրս բերվեցին պարեկային ծառայության մոտորանավերը։ Արարողությանը մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ոստիկանության և պարեկային ծառայության ղեկավար կազմը։

Կարևորելով ջրային պարեկային ծառայության տեխնիկական համալրման գործում արված ներդրումը՝ Արամ Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանին աջակցության համար։



Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն ընդգծեց երկու երկրների ՆԳ նախարարությունների միջև արդյունավետ համագործակցությունը և հույս հայտնեց, որ Սևանա լճում ջրային փոխադրամիջոցներով ծառայության իրականացումը հնարավորություն կտա պարեկներին առավել արդյունավետ կատարել իրենց առաքելությունը։

Արա Ֆիդանյանն ընդգծեց Սևանա լճում և ափամերձ տարածքներում ինչպես քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու, այնպես էլ հանցագործությունների նախականխման, կանխման և խափանման ընթացքում ջրային փոխադրամիջոցների անհրաժեշտությունը։



Ներկաները նավերով շրջեցին Սևանա լճում՝ տեղում ծանոթանալով փոխադրամիջոցների հնարավորություններին և համալրվածությանը։ Դրանք կահավորված են ջրի վրա պարեկային ծառայություն իրականացնելու համար անհրաժեշտ ժամանակակից տեխնիկական սարքերով և միջոցներով։ Մոտորանավերը պատրաստ են ծառայության ցանկացած եղանակի։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին ՌԴ ՆԳ նախարարությունը ՀՀ ՆԳ նախարարությանն է նվիրել մոտորանավեր և ծառայողական շներ, որոնք կնպաստեն Հայաստանի ոստիկանության ստորաբաժանումների ծառայողական խնդիրների կատարմանը։

Զուգահեռ իրականացվում են նաև վերապատրաստումներ՝ դեկտեմբերին Սևանա լճի տարածքում ջրային պարեկային ծառայության գործարկման նպատակով։

Կարդացեք նաև

Back to top button