Վերնատուն

Անտիպներ՝ երկու կարմիր ձեռագիր գրքույկից․ Արմեն Շեկոյան-70․ «Վերնատուն»

Այս տարի լրանում է բանաստեղծ, արձակագիր, լրագրող Արմեն Շեկոյանի 70– ամյա հոբելյանը։ «Վերնատուն» հրատարակչության նախաձեռնությամբ լույս է տեսել «Երևան հյուրանոց» բանաստեղծությունների ժողովածուն, որտեղ ընդգրկված են գրողի շուրջ 50 և ավելի անտիպ ստեղծագործություններ։

Արմեն Շեկոյանի դուստրը, արվեստաբան Սեդա Շեկոյանը, խոսելով գրողի ստեղծագործական ժառանգության առանձնահատկությունների մասին, նշում է, որ անտիպները Շեկոյանի 1980– ականներին գրված երկու կարմիր ձեռագիր գրքույկներից է արտագրել։

«Գրել է անկանոն և ընդմիջումներով ու դժվար է հաճախ թվագրել, որ բանաստեղծությունը, որ թվականին է գրվել, կամ պատրաստվել հրատարակության։ Այս գրքի գլխավոր շարժառիթը իր անտիպ բանաստեղծություններն երևան բերելն ու հրատարակելն է։ Իմ գործն այստեղ «Երևան հյուրանոցի» վերախմբագրումը և հիսունից ավելի անտիպ բանաստեղծությունների ձեռագրերից արտագրելն ու հրատարակության պատրաստելն է», – ասում է գրողի դուստրը։

Սեդա Շեկոյանն ասում է, որ մեծ խմբագրական աշխատանք չի արել, պարզապես ընդգրկել է այն գործերը, որոնք ամբողջական են։ Խոսելով անտիպների առանձնահատկության մասին, նշում է, որ տրամադրությունով ու «ձայնով» համահունչ են 90-ականներին տպագրված ստեղծագործություններին՝ դրանք համարելով «սահմանային», քանի որ մի կողմից ձևով և ֆորմայով հիշեցնում են ուշ խորհրդային շրջանը, մյուս կողմից՝ ներդաշնակ են «Երևան հյուրանոց» գրքում ներառված շարքերի հետ։

Սեդան ասում է, որ ընդգծված հետաքրքրություն ունի Շեկոյանի մինչանկախական շրջանի գործերի նկատմամբ, նշում է, որ հայրը երևի վերջին գրողներից էր, ով տեխնոլոգիական բումերի ժամանակաշրջանում նախընտրում էր ձեռքով գրել ու նաև նկարազարդել սեփական ստեղծագործությունները։

«Անտիպները, որոնք ես արտագրեցի, ես գտա ինձ համար նոր Արմեն Շեկոյան՝ գուցե լուսանցքից նայող, փոքրիկ մի հայացք է, ես ինձ համար գտա, հուսով եմ ընթերցողն էլ կգտնի», – ասում է գրողի դուստրը։

Back to top button