ԿարևորՔաղաքական

Հնգակողմի փոխարեն՝ քառակողմ հանդիպում․ ինչո՞ւ է Բաքուն զգուշանում Փարիզից ու Բեռլինից

Եվրոպական քաղաքական համայնքի Գրանադայի գագաթնաժողովի շրջանակում կկայանա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրամիության Խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպումը՝ առանց Ադրբեջանի նախագահի։

ՏԱՍՍ-ը, վկայակոչելով բարձրաստիճան եվրոպական դիվանագիտական իր աղբյուրները, գրում է, որ արդեն քառակողմ հանդիպման ընթացքում կքննարկվեն ներկա իրավիճակը Հարավային Կովկասում, ԵՄ անելիքները, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հետագա աշխատանքի հեռանկարները, ինչպես նաև ԵՄ-Հայաստան օրակարգը խթանելուն և խորացնելուն ուղղված գործնական միջոցառումները։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ հնգակողմ հանդիպմանը մասնակցելուց հրաժարվելուն, Շառլ Միշելն ասել է, որ հրապարակայնորեն չի մեկնաբանի Ալիևի այդ որոշումը, բայց անձամբ կասի նրան, թե ինչ է մտածում այդ մասին։

Շառլ Միշելը Գրանադայում նաև հստակեցրել է, որ երկու օր առաջ խոսել է Ալիևի հետ և նրան հստակ ասել, որ Ադրբեջանը չի կարող տարածքային պահանջներ ունենալ Հայաստանից։ Դա պետք է բարձրաձայն ասել և ապահովել տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, շեշտել է Շառլ Միշելը․

«Մենք ցնցված ենք Ադրբեջանի կողմից ռազմական ուժի կիրառմամբ, բացի դա ես հեռախոսազրույց  ունեցա երկու օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, նա հստակ հայտարարեց, որ իրենք Հայաստանի դեմ տարածքային նկրտումներ ու պահանջներ չունեն։ Սա պետք է հստակ բարձրաձայնվի։ Կարծում եմ՝ երկու երկրները պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը»։

Շառլ Միշելը խոսել է նաև Հայաստանին օգնելու մասին, հիշել, որ դեռ երկու տարի առաջ խոստացել են Հայաստանին 2 միլիարդ եվրոյի ներդրումային փաթեթ, և պետք է կատարել այդ խոստումը առանց հապաղելու, ասել է նա։

Արդեն հայտնի է, որ Գրանադայում Նիկոլ Փաշինյանի հետ կհանդիպի Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Մինչ այդ նա շտապել է հայտարարել, որ ԵՄ ավելի քան 25 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանին․

«Մենք արդեն հատկացրել ենք մոտ 5 միլիոն եվրո: Հայաստանի վարչապետին կտեղեկացնեմ, որ այդ գումարը կկրկնապատկենք՝ հասցնելով 10 միլիոնի: Եւս 15 միլիոն եվրո կհատկացնենք որպես օգնություն Հայաստանի բյուջեին»:

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն էլ Գրանադայում լրագրողներին հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ կանցկացվեն Բրյուսելում։ «Սա անհրաժեշտ է, որ հակամարտությունը չընդլայնվի»,-ասել է Բորելը:

«Ափսոս, որ Ադրբեջանն այստեղ չէ, ափսոս, որ Թուրքիան՝ Ադրբեջանին աջակցող գլխավոր երկիրը, նույնպես չկա։ Հետևաբար, այստեղ մենք չենք կարող խոսել այնպիսի լուրջ բանի մասին, ինչպիսին այն փաստն է, որ ավելի քան 100 հազար մարդ ստիպված է եղել լքել իր տունը»:

Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի այս ձևակերպմանը հաջորդեց արդեն Բաքվի արձագանքը՝ պատրաստ են մոտ ապագայում Բրյուսելում Եվրամիության, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ հանդիպուման ձևաչափին։

Ալիևի հետ հեռախոսազրույց է ունեցել նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ինչից հետո նա ընդգծել է, որ Երևանի ու Բաքվի միջև կայուն խաղաղության հիմքը պետք է լինի տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանումը։ Նա ասել է, որ աջակցում է Շառլ Միշելի՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին: Իսկ նա կողմ է Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Գերմանիայի մասնակցությամբ բանակցությունների միջոցով տարածաշրջանում խաղաղ լուծում գտնելու օգտին։

Մինչ իսպանական քննակրումները ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պարզաբանել է, որ Գրանադայում քննարկումները տեղի էին ունենալու այն երեք սկզբունքների վրա, ինչի մասին հիշատակել էր ՀՀ վարչապետը։ Ըստ նրա՝ այդ երեք սկզբունքները ամրագրվել էին Բրյուսելում․

«Սկզբունքներից առաջինը փոխադարձաբար տարածքային ամբողջականությունների ճանաչմանն է վերաբերում, համապատասխանաբար՝ 29800 քկմ և 86600 քկմ տարածքով, ենթակառուցվածքների ապաշրջափակմանը՝ իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքերի հիման վրա և երրորդ սկզբունքն էլ այն էր, որ դելիմիտացիան ու դեմարկացիան պետք է տեղի ունենան Ալմաաթայի հռչակագրի հիման վրա, իհարկե քարտեզները իհարկե պետք է որոշում կայացվի, թե որ քարտեզով։ Սրանք են լինելու բանակցային հիմնական կետերը»:

Ի դեպ, ԱՄՆ Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելն ասել է, որ Միացյալ Նահանգներն ի գիտություն է ընդունում հանդիպումից Ալիևի հրաժարվելու փաստը։

Գրանադայի գագաթնաժողովը ուշագրավ է ոչ միայն հոկտեմբերի 5-ի հանդիպումներով, այլև հոկտեմբերի 6-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովով, որում Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները առաջիկա ամիսների ընթացքում կորոշեն և կձևավորեն 2024-2029 թվականների ռազմավարական օրակարգը, կքննարկեն ԵՄ ընդլայնման հեռանկարները։

Back to top button