Մշակույթ

Յուստուս Ֆրանց. Հայկական սիրտը միշտ տրոփել է իմ կողքին

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը  ապրիլի 11-ին ներկայացնում է  համերգ՝ աշխահահռչակ  դիրիժոր  Յուստուս Ֆրանցի ղեկավարությամբ: Ծրագրում կներկայացվեն Բրամս և Գրիգ: Որպես հրավիրյալ   մենակատար  հանդես կգա ֆրանսիացի  դաշնակահար  Տրիստան Պֆաֆը: Համերգի նախօրեին երաժիշտներն այսօր հանդիպել են լրագրողների հետ: 

Աշխարհահռչակ դիրիժոր  Յուստուս Ֆրանցը Երևանում հանդես կգա առաջին անգամ, բայց իր առաջին շփումը Հայաստանի հետ նա համարում է առաջին  հանդիպումը Արամ Խաչատուրյանի հետ։ «Առաջին  հանդիպումը Արամ Խաչատուրյանի հետ տեղի ունեցավ Գերմանիայում՝ Համաբուգի հրատարակչություններից մեկում: Միասին թեյ  խմեցինք, իսկ օրեր անց ես ներկա էի համերգին, որտեղ հնչում էին  նրա ստեղծագործությունները։ Դա հրաշալի էր: Տպավորությունը չափազանց մեծ էր»,- ասում է։

88-ին  Յուստուս Ֆրանցը դարձյալ առնչվեց Հայաստանին, ցավոք ՝ ողբերգական առիթով: Դեկտեմբերի 7-ին գերմանական ռադոն հաղորդեց Հայաստանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի մասին: Ընդամենը երկու օր անց  տուժածներին օգնելու նպատակով Յուստուս Ֆրանցը նախաձեռնեց  լայնամաշտաբ բարեգործական ծրագիր: Գերմանիայում կայացած հատուկ համերգաշարից գոյացած 100 հազար գերմանակ մարկը նա փոխանցեց  Հայաստանին։

Ավելի քան 40 տարի  Յուստուս Ֆրանցը  համաշխարհային հռչակ է վայելում և  որպես դիրիժոր և դաշնակահար՝ հանդես գալով  աշխարհի ամենահեղինակավոեր սրահներում: Նրա համաշխարհային ճանաչումը սկսվեց  1970 թվականին, երբ որպես  դաշնակահար հանդես եկավ  դարի մեծագույն դիրիժորներից մեկի՝ Հերբերտ Ֆոն  Կարայանի  ղեկավարությամբ Բեռլինի ֆիլհարմոնիկի հետ: Մի քանի տարի անց Ֆրանցը հանդես եկավ  Նյու Յորքի ֆիհարմոնիկի հետ՝ լեգենդար Լեոնարդ  Բերնսթայնի ղեկավարությամբ , ինչն էլ հիմք դրեց  երկու արվեստագետների երկարամյա  համագործակցությանը, որի կարևորագույն արդյունքը դարձավ նրանց երազանքի իրականացումը՝ Ազգերի նվագախմբի ստեղծումը: Նվագախմբի  գլխավոր դիրիժորը մինչ օրս Յուստուս Ֆրանցն է։

«Բերնսթայնի հետ միասին մենք ստեղծեցինք Ազգերի նվագախումբը, որտեղ կային նաև բազմաթիվ հայ երիտասարդ երաժիշտներ: Այնպես որ՝ հայկական սիրտն իմ կողքին միշտ տրոփել է: Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստեղծված թեժ լարվածության ընդացքում մի միջադեպ տեղի ունեցավ  հայ և ադրբեջանցի երաժիշտների միջև,  բայց միջադեպն անմիջապես հարթվեց: Ես փորձեցի բացատրել, որ արվեստի մարդիկ չեն կարող կրկնել այն, ինչ անում են քաղաքական գործիչները: Նրանք դա հասկացան ու շատ լավ ընկերներ դարձան»,- պատմում է։

Յուստուս Ֆրանցի ղեկավարությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն ապրիլի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացնի Բրամսի «Ակադեմիական նախերգանքը», «Առաջին  սիմֆոնիան» և  Գրիգի Դաշնամուրի կոնցերտը: Որպես հրավիրյալ մենակատար  համերգին հանդես կգա  ֆրանսիացի դաշնակահար  Տրիստան Պֆաֆը: Վերջինն ասում է, որ հիացած է հայ երաժիշներով, որոնց հետ աշխատանքը չափազանց հեշտ է և հետաքրքիր: Իսկ Յուստուս Ֆրանցը հավելում է. «Դուք պետք է  հպարտ լինեք, որ ունեք  այնպիսի նվագախումբ, ինչպիսին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն է»։

Back to top button