ԿարևորՏնտեսական

Եթե Հայաստանը չցանկանա, որևէ մեկը չի կարող ատոմակայանը փակել

Էներգետիկ անվտանգություն ու անկախություն, նաև՝ քաղաքական ու ռազմավարական հարցերում մանևրելու հնարավորություն․ սրանք ատոմային էներգետիկայի  առավելություններն են հատկապես փոքր տնտեսություն ունեցող երկրների համար։ Հայաստանը նույնպես բացառություն չէ։ Եվ պատահական չէ, որ հենց այս փուլում Թուրքիան դարձյալ օրակարգ է  բերում Մեծամորի ատոմակայանի փակման հարցը։ Փորձագիտական դաշտում, հղում անելով ՄԱԳԱՏԷ-ի հայտարարություններին, նախ հիշեցնում են՝ Մեծամորի ատոմակայանն անվտանգ է, ապա հավելում՝ Հայաստանն ամեն ինչ պետք է անի իր էներգետիկ հզորությունները մեծացնելու համար։

Հայաստանի ատոմակայանը անվտանգ է, համապատասխանում է ՄԱԳԱՏԷ–ի՝ Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության պահանջներին։  Այս պնդումը  ոչ միայն hայ  փորձագետներինն է, այլև միջազգային գործակալության գլխավոր տնօրենինը։  Նախորդ տարվա մայիսին Ռաֆայել Մարիանո Գրոսիի արած հայտարարությունն է հիշեցնում էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Ավետիսյանը․

«Հենց ատոմակայանի տարածքում նա բառացի հայտարարեց՝ ՀԱԷԿ-ը լիովին անվտանգ է, համապատասխանում է ՄԱԳԱՏԷ-ի պահանջներին, իրենք չեն զղջում, որ մասնակցել են արդիականացման աշխատանքներին։ Նույնը նաև պնդեց Բաքվում, երբ Ալիևն ու Բայրամովը բարձրացրեցին այդ հարցը»։

Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին  Հայաստան կատարած այցից հետո  իր տպավորություններն ամփոփել էր  նաև թվիթերյան գրառմամբ․

«Հայաստանի տնտեսությունը հենված է Մեծամորի ատոմային էլեկտրակայանի վրա, և Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը շարունակելու է իր աջակցությունն առաջարկել՝ օգնելու ատոմակայանին ցածր ածխածնային էներգիան մատակարարել ապահով և անվտանգ կերպով»։

Թուրք-ադրբեջանական օրակարգում դարձյալ առաջին պլան է մղվել Մեծամորի ատոմակայանի հարցը։ Մի քանի ատոմակայան կառուցող Թուրքիային անհանգստացնում են հայկական ատոմակայանի հետ կապված իրավիճակն ու հնարավոր ռիսկերը։ Այս երկրի խորհրդարանը քաղաքացիներից դիմումներ է ստացել, որոնց ի պատասխան նշվել է՝ Թուրքիայի իշխանությունները մշտապես հետամուտ են հայկական ատոմակայանի ռիսկերի կառավարմանը, ՄԱԳԱՏԷ–ին տեղեկացրել են, որ այն վտանգավոր է։

Գրության մեջ նաև նշվում է, որ Մեծամորին սահմանակից Իգդիրում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ռադիոակտիվ տարրեր թեև չեն հայտնաբերվել, սակայն շրջանի բնակչությունը իրազեկված է հնարավոր վտանգի դեպքում իրականացվելիք քայլերի մասին։

Հայաստանը գործելու է էներգետիկայի ոլորտում իր շահերից ելնելով՝ հայտարարում է Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական ​​հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

«Հայաստանն էներգետիկ անվտանգության իր ռազմավարությունն ունի, և նման պահանջներն անտեղի են։ Դրանք ժամանակավրեպ են»։

Թուրքիայի նպատակը Հայաստանին էներգետիկ կախվածության մեջ դնելն է՝ կարծում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Սպասելի էր, քանի որ Թուրքիան մեկ անգամ չէ, որ  բարձրացրել է։ Իրենք ասում են, որ խնդիրը էկոլոգիան ու անվտանգության հարցերն են, բայց իրական նպատակը Հայաստանին էներգետիկ կախվածության մեջ դնելն է ու հավելյալ մարտահրավերներ ստեղծելը»: 

Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Ավետիսյանն ընդգծում է՝ Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն է Մեծամորի ատոմակայանի շահագործումը։ Պետք է ամեն ինչ անել, որ նոր ու հզոր ատոմակայանը կառուցվի՝ ասում է մասնագետը։

«Արցախի ժամանակավոր կորստից հետո Հայաստանի գլխավոր վահանը ատոմակայանն է, այն անվտանգային վահան է։ ՀՀ-ն տարածաշրջանում ունի մեկ առավելություն իր հարևան, բարեկամ ու թշնամի պետություններից՝  էլեկտրաէներգետիկական համակարգում առկա առավելություններն են, որոնք պետք է օգտագործել ՀՀ-ն այս վիճակից դուրս բերելու համար։ Եթե մենք ինքներս չհամաձայնենք, որևէ մեկը մեր ատոմակայանը փակել չի կարող»։

Մեծամորի ատոմակայանն ամեն տարի վերազինվում  է՝ ՄԱԳԱՏԷ-ի պահանջներին  համապատասխան։ Ամենամեծ դադարը 2021–ին էր, երբ ատոմակայանը չաշխատեց 156 օր։ ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանն ընդգծում է՝ կառուցվել է  նոր սերնդի՝ Ֆուկուսիմայի վթարից հետո մշակված չափանիշերով աշխատող անվտանգության համակարգ։ 

«Արդիականացվել է ռեակտորի ակտիվ գոտու սառեցման վթարային համակարգը։  Վթարային  համակարգը գործում է վթարը լոկալիզացնելու, արագ սառեցնելու և  համապատասխան քանակի ջուր մղելու միջոցով, ինչը համապատասխանում է ՄԱԳԱՏԷ-ի պահանջներին»։

Գործող էներգաբլոկը կաշխատի մինչև 2036 թվականը։ Այս ընթացքում Հայաստանը նախ պետք է հասկանա, թե ինչ հզորությամբ ատոմակայան է ուզում ունենալ, հետո հասցնի նախագծել ու կառուցել այն։ ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը հույս ունի, որ մինչև տարեվերջ կառավարությունը կունենա առաջին հարցի պատասխանը։

«Նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումների շուրջ ենք աշխատում։ Ավելի կոնկրետ՝ հզորությունների բաշխման սխեման է հիմա հաշվարկվում, որպեսզի հասկանանք, թե առաջարկվող ատոմային բլոկները այդ հզորությամբ ինչպես կսինխրոնացվեն մեր համակարգի հետ, ինչպես կբաշխվի էլկետրաէներգիան։ Բարդ աշխատանք է կատարվում։ Հույս ունենք, որ մինչև տարեվերջ հստակ որոշում կունենանք, թե ինչ դիզայնի ու ինչ էներգաբլոկ է մեզ անհրաժեշտ»։

Այս պահին շրջանառվող առաջարկները շատ են՝ մեծ հզորությամբ ատոմակայանից մինչև փոքր մոդուլներով կամ ռեակտորներով կայանների շահագործում։ Մասնագիտական ու պաշտոնական մակարադակներում  փորձում են հասկանալ, թե որ տարբերակն ավելի օգտակար կլինի Հայաստանի էներգետիկ համակարգի համար։ Բայց այս փուլում արդեն կարևորվում է հզոր ատոմակայան ունենալու հարցը։

Back to top button