ԿարևորՀասարակություն

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել Հռոմի ստատուտը վավերացնելու մասին նախագծին

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել և միաձայն ընդունվել է Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին նախագիծը:

Նախագիծը կընդգրկվի Ազգային Ժողովի առաջիկա նիստի օրակարգում: Ազգային ժողովի կողմից վավերացման դեպքում Հռոմի ստատուտն ուժի մեջ կմտնի 60-օրյա ժամկետում՝ նշել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ ներկայացնելով նախագիծը: Կիրակոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանել է, թե ինչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան։ Նա նշել է, որ պետությունների գործող ղեկավարներն օժտված են իմունիտետով։

«Չեմ կարծում, թե ձերբակալելու մասին խոսք կարող է լինել։ Այն լուծումները, որոնք հիմնվում են Հռոմի ստատուտի 96-րդ հոդվածի 2-րդ մասի վրա, առաջարկվել են մեր ռուս գործընկերներին։ Դա ենթադրում է երկկողմ համաձայնագրի ստորագրում, որը հնարավորություն է տալիս որոշակի երաշխիքներ ստեղծել այն անհանգստությունների համար, որոնք որոշ գործընկեր պետություններ կարող են ունենալ։ Տեքստը ներկայացվել է ամիսներ առաջ, սպասում ենք մեր գործընկերների առաջարկին»,- ասել է Կիրակոսյանը։

Ավելի վաղ Սահմանադրական դատարանը Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները ճանաչել էր ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող։ 2022 թվականին այս հարցով Սահմանադրական դատարան էր դիմել Կառավարությունը։

Back to top button