ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Արցախից տեղահանվածների համար կեցավայրեր կլինեն հանրապետության ողջ տարածքում

Արցախից Լաչինի միջանցքով շարունակվում է մարդկանց տեղափոխումը դեպի Հայաստան: Կեսօրվա տվյալներով 4850 քաղաքացի արդեն անցել է սահմանը։ 3900-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 950-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: ՀՀ տեղափոխված արցախցիները հիմնականում կանայք,երեխաներ ու տարեցներ են։

Տիկինն իր ընտանիքով այս պահին հատել է Կոռնիձորի սահմանը։Մարտակերտի շրջանի Վանք գյուղում էր ապրում մինչև սեպտեմբերի 19-ը։ Ասում է՝ չի տարհանվել, բռնի տեղահանվել է․

«Շատ զոհեր տվեցինք, տղաներն էին ափսոս։ Մենք էլ մնացինք անտուն։ Որոշները կարողացան հանել տղաներին  ու եղբայրական գերեզմանոցում թաղված, բայց սփոփանք չկա ծնողներին»։

Զրուցակիցս մեկն էր այն 4850 արցախցիներից, որոնք արդեն հատել էին ՀՀ սահմանը։ Տեղափոխվածներից ոչ բոլորն են կարողացել իրենց հետ վերցրել են առաջին անհրաժեշտության պարագաներ։ Սեպտեմբերի 25-ի կեսօրի տվյալներով ՀՀ տեղափովածներից  3900-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 950-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը նշեց, որ նրանք, ովքեր ցանկություն են հայտնում մնալ Գորիսում՝ տեղավորում են տեղի հյուրանոցներում, իսկ նրանք, ովքեր ուզում են մեկնել այլ բնակավայրեր՝ Սիսիան, Տաթև, Վայոց ձոր՝ շարունակում են ճանապարհը: Յոլյանը նշում է, որ տեղափոխված արցախցիները հիմնականում կանայք,երեխաներ ու տարեցներ են․

«Այստեղ գնահատվում են նրանց կարիքները: Նրանք, ովքեր բժշկական օգնության կամ որևէ այլ ծառայության կարիք են ունենում՝ տեղում դա կազմակերպվում է, մինչև իրենց կարիքները գնահատվեն և դրա արդյունքում համապատասխան օժանդակություն ստանան: Նրանք, ովքեր ցանկություն են հայտնում մնալ Գորիսում՝ տեղավորում ենք տեղում։ Կան մարդիկ, որոնց հարազատները գալիս դիմավորում են ու տեղավորում իրենց տներում»։

Կոռնիձորի հումանիտար կայանում լրագրողների հետ զրույցում  Արցախում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը տեղեկացրեց, որ 24-ժամյա ռեժիմով են բոլոր մարմիններն աշխատում։ Գորիսի կոորդինացիոն կենտրոնը նախատեսված է այն քաղաքացիների համար, որոնք կեցության խնդիր ունեն։ Իսկ կեցավայրերը ամբողջ հանրապետության տարածքով են նախատեսվում: Միայն Սյունիքի մարզով չի սահմանափակվելու փախստականներին ընդունելու գործընթացը։ Ըստ Սարգսյանի՝ քանի դեռ մարդկանց հոսք կա և նրանք կարիք ունեն գրանցվելու, ապա գործընթացը պետք է շարունակվի․

 «Կառավարությունը պատրաստակամության մասին հայտնել է։ Եթե չեմ սխալվում, նախապես հնչել է 40 հազար թիվը, միգուցե դա ճշգրտման կարիք ունի: Նախապես հայտարարված թվից ավելի ոչինչ չեմ կարող ասել»։

Ներկայում տեղահանված անձանց կարիքները գույքագրվում և բավարարվում են ՀՀ կառավարության կողմից` մարզպետարանների համակարգմամբ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամլո խոսնակ Զառա Մանուչարյանը «Ռադիոլուրին» հայտնեց, որ կան մի շարք կառույցներ և հասարակական կազմակերպություններ, որոնք դիմում են պետական գերատեսչություններին աջակցություն ցուցաբերելու առաջարկով․

«Մեր մասնակցությունը սոցիալական կարիքների գնահատման տեսանկյուից է իրականացվում։ Եվ Կոռնիձորի կայանում իրականացվում է կարիքների առաջնային հաշվառում»։

Կոռնիձորի հումանիտար կենտրոն է այցելել Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանը։ Օմբուդսմենն ասել է, որ ոչ միայն դիտարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության վիճակը, այլև ստանձնել է պաշտպանության գործընթացը․

«Այստեղ ոչ միայն մեր միջազգային գործընկերների հետ ենք աշխատում, նաև մեր պետական իրավասու գործընկերների հետ։ Փորձում ենք հասկանալ, թե իրավունքների պաշտպանության վիճակի հետ կապված ինչ խնդիրներ կան, նրանց անմիջապես ներկայացնում ենք և փորձում ենք աջակցել այդ խնդիրների լուծմանը»։

Կարդացեք նաև

Back to top button