ԿարևորՀասարակություն

Հեռանալ, բայց չինտեգրվել թուրքերին․ ինչպե՞ս է գիշերն անցել Ստեփանակերտում

Եթե մենք գնում ենք ինտեգրացման ճանապարհով, ես թուրքի հետ չեմ ապրի՝ «Ռադիոլուր»–ին պատմում է ստեփանակերտցի Անահիտ Բեգլարյանը։

Նրա խոսքով, ի տարբերություն սեպտեմբեր 19–ի ու 20–ի, երբ ադրբեջանցիները կրակում էին քաղաքի ուղղությամբ, այս գիշեր ավելի հանգիստ է եղել։ Տիկին Անահիտը բնակվում է բարձրահարկ շենքի ամենավերջին հարկում։ Ասում է, երբ պատուհանից դուրս է նայում, տեսնում է թուխպի ու ծխի մեջ կորած Ստեփանակերտը։

Երբեմնի ամենամաքուր մայրաքաղաքում աղբանահություն չեն կարողանում կատարել։ Մարդիկ ստիպված աղբը այրում են՝ համաճարակից խուսափելու համար։ Զրուցակիցս պատմում է, որ պատուհանից երևում են Արցախի՝ շրջափակման մեջ գտնվող գյուղերը, որտեղից էլ նախորդ գիշեր կրակոցի ձայներ չի լսել։

Մտածում է, որ իր թոռնիկները չեն կարող ապրել թուրքերի հետ։ Մտավախություն ունի՝ իսկ եթե իր երեխաներին էլ գողանա՞ն։ Հիշեցնում է՝ սեպտեմբերի 19–ից հետո բազմաթիվ ծնողներ դեռ իրենց երեխաներին են փնտրում։ «Այսքանից հետո ի՞նչ եք կարծում, ես կապրեմ թուրքի հետ՝ ոչ»,– ասում է ստեփանակերտցի Անահիտ Բեգլարյանը։

Back to top button