
Եվրամիությունը դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ և ցավում է զոհերի և մարդկային կորուստների համար՝ ասվում է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ։
«Մենք ի գիտություն ենք ընդունել հրադադարի մասին համաձայնության վերաբերյալ հայտարարությունները։ Ակնկալում ենք ռազմական գործողությունների անհապաղ և ամբողջական դադարեցում և հրադադարի պահպանում»,- ասել է նա։
ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին անհապաղ թույլատրել հումանիտար բեռների անարգել մուտքը այդ թվում՝ Լաչինի միջանցքի ամբողջական վերաբացման միջոցով՝ համաձայն Միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի և հուլիսի վճիռների:
«Մարդասիրական կազմակերպությունները պետք է կարողանան ազատորեն գործել: ԵՄ-ն և նրա անդամ երկրները պատրաստ են հրատապ մարդասիրական օգնություն ցուցաբերել», – նշել է Բորելը։
ԵՄ-ն կոչ է անում Բաքվին և Ղարաբաղի հայերին հրատապ համակողմանի և թափանցիկ երկխոսություն սկսել։
«Ադրբեջանը պատասխանատվություն է կրում Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը, այդ թվում՝ առանց ահաբեկման և խտրականության իրենց տներում ապրելու իրավունքն ապահովելու հարցում։ Քաղաքացիական բնակչության բռնի տեղահանումը ռազմական կամ այլ միջոցներով կարժանանա ԵՄ-ի խիստ պատասխանին»,- ասել է Բորելը:
ԵՄ-ն իրավիճակի հետագա վատթարացման դեպքում պատրաստ է ձեռնարկել համապատասխան գործողություններ։
ԵՄ-ն վերահաստատում է իր աջակցությունը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ինքնիշխանությանն և տարածքային ամբողջականությանը։ Կոչ է անում Ադրբեջանին վերահաստատել իր հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը՝ համաձայն 1991թ. Ալմաթիի հռչակագրի։
Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը (EUMA) կշարունակի դիտարկել և զեկուցել Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում անվտանգային իրավիճակի մասին։
ԵՄ-ն կոչ է անում վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները առկա հարցերի շուրջ՝ խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարով, և հավատարիմ է նման բանակցությունների աջակցմանը:
Եվրամիությունը պատրաստակամ է դյուրացնել կողմերի միջև երկխոսությունը, հատկապես Եվրոպական խորհրդի նախագահի հովանու ներքո՝ ԵՄ հատուկ ներկայացուցչի աջակցությամբ՝ տարածաշրջանում երկարատև խաղաղություն ապահովելու համար:




