

Արցախի հարցով Թուրքիայի նախագահի քառակողմ հանդիպում կազամերպելու առաջարկը միանշանակ չի ընդունվում Հայաստանում։ Ոմանք մեծ ռիսկեր են տեսնում նման հանդիպման համատեքստում, ոմանք էլ կարծում են, որ Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստան հանդիպման հավանականությունը մեծ է, և այն ոչ թե ռիսկեր է պարունակում, այլ ընդգծում է Երևանի կարևորությունը։
Արցախի հարցով Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարների քառակողմ հանդիպում կազմակերպելու Էրդողանի առաջարկն Անկարայի ու Բաքվի շահերից բխող ձևաչափ է և ո՛չ հայկական շահերը հաշվի առնող, համոզված է ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը։ Նա կարծում է, որ նման հանդիպում դժվար թե կյանքի կոչվի․
«Դա շատ ձեռնտու տարբերակ է թուրքերի համար։ Օգտվելով Ռուսաստանի համար ստեղծված ոչ բարենպաստ իրավիճակից, իրենք կարող են տարածաշրջանում եղանակ ստեղծողի կարգավիճակ ստանձնել։ Հայաստանի համար նման ձևաչափը չի կարող նպաստավոր լինել, և կարծում եմ, որ հազիվ թե Հայաստանը դրան գնա, քանի որ վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում որոշակի սառեցման պայմաններում հազիվ թե որևէ նպաստավոր իրավիճակ ստեղծվի Հայաստանի համար, երբ որ մի կողմից Թուրքիան ու Ադրբեջանն են, մյուս կողմից էլ առավելապես դեպի թուրք-ադրբեջանական տանդեմը հակված Ռուսաստանը։ Դրա համար էլ Հայաստանը միայնակ կարող է հայտնվել այդ քառակողմ հանդիպման ժամանակ»։
Միջազգայնագետ Տիգրան Բալասանյանը մինչդեռ տրամագծորեն հակառակ դիրքորոշումն ունի նման ձևաչափով հանդիպման արդյունավետության նկատմամբ։ Նա կարծում է, որ այն մտահոգության առիթ չպետք է տա, քանի որ Անկարայից հնչած առաջարկը վկայում է այն մասին, որ պաշտոնական Երևանն ընդգրկվում է տարածշրջանային հարցերի, մասնավորապես արցախյան խնդրի քննարկումներում․
«Կարծում եմ, այստեղ ռիսկ չկա, սա սովորական քառակողմ հանդիպման առաջարկ է ինչպիսին տեղի ունեցավ Պրահայում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի նախագահի միջև։ Սրանով Էրդողանը ցույց է տալիս, կամ ընդունում է, որ այն խնդիրները, որ կան տարածաշրջանում, չեն կարող լուծվել միայն Ռուսաստանի մասնակցությամբ։ Հետևաբար Ռուսաստանի հետ միասին քառակողմ հանդիպում կազմակերպելը վկայում է այն մասին, որ Էրդողանը համոզված է, որ ինքնուրույն ինքը չի կարող լուծել այն խնդիրները, որոնք կան հայ-ադրբեջանական հարաբերություններում»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքելով էրդողանի առաջարկին, հիշեցրել է, որ հանդիպումների շուրջ առաջարկները շատ են․
«Ամենատարբեր առաջարկներ ու գաղափարներ կան։ Հիմա ես չեմ ուզում առանձնացնել այդ գաղափարներից մեկը։ Խնդիրն այն է, որ դա միակ գաղափարը չէ, որ վերաբերմունք արտահայտեմ։ Կարծում եմ, որ մենք ամբողջության մեջ պետք է լինենք»։
Տարածաշրջանային խնդիրների լուծման համար նախկինում առաջարկվում էր «3+3» ձևաչափով հանդիպումներ ու քննարկումներ կազմակերպել։ Հետագայում այն դարձավ «3+2», քանի որ տարածաշրջանային երկրներից Վրաստանը հենց սկզբից հրաժարվեց այդ գաղափարից։ Մնացին Հայաստանը, Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան ու Ադրբեջանը, սակայն այս տարբերակը կենսունակ չեղավ։ Թուրքական նոր առաջարկի դեպքում ստացվում է, որ Իրանը դուրս է մնում տարածաշրջանային խնդիրներից, մասնավորապես արցախյան հակամարտության քննարկումներից։ Միջազգայնագետն այս հարցում խնդիր չի տեսնում, քանի որ համոզված է՝ Իրանն ու Ռուսաստանը քննարկումներում նույն հարթության վրա են լինելու, քանի որ նույն մոտեցումներն ունեն արցախյան խնդրի վերաբերյալ։ Ընդ որում՝ Էրդողանի այս առաջարկից հետո պաշտոնական Թեհրանից դարձյալ հնչեց հայտնի դիրքորոշումը, այն է՝ Իրանը հարևան երկրների սահմանների փոփոխություն չի հանդուրժի։
Ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ի տարբերություն միջազգայնագետի, շեշտում է Թեհրանի դիրքորոշման կարևորությունը տարածաշրջանային հարցերում, մասնավորապես Սյունիքով այսպես կոչված միջանցքային տրամաբանության հարցում․
«Եթե 1828 թ․ Թուրքմենչայի պայմանագրով Իրանը այս տարածաշրջանից հրաժարվել է հօգուտ Ռուսաստանի և հիմա մի ձևաչափ է առաջարկվում, որի շրջանակներում Իրանը որևէ մասնակցություն չի կարող ունենալ և եթե հայկական կողմը համաձայնի և ընկրկի թուրք-ադրբեջանական և նույնիսկ ռուսական ճնշումներին, բնականաբար Իրանը դուրս կմղվի տարածաշրջանից, և գուցե ՌԴ համաձայն չլինի, բայց իր համար դժվարագույն պայմաններում ստիպված լինի հայկական շահերը զիջելու տարբերակով ընկրկել թուրք-ադրբեջանական տանդեմին։ Դրա համար էլ իրանցի գործիչներից մի քանիսը հայտարարել են, որ անգամ Հայաստանի ու Ռուսաստանի անհամաձայնության պայմաններում իրենք կարող են միջամուղ լինել այսպես կոչված Զանգեզուրյան միջանցք ստեղծելու ռազմական տարբերակի պարագայում»։
Ասվածը հաշվի առնելով ակադեմիկոսը եզրակացնում է, որ Իրանի դիրքորոշումը հայանպաստ է։
Միջազգայնագետ Տիգրան Բալայանը, դիտարկելով առաջարկը, նաև նկատում է, որ քառակողմ հանդիպում կազմակերպելու թուրքական նոր առաջարկով տարածաշրջանային գործընթացներից դուրս են մղվում ԵՄ ու ԱՄՆ։
Բայց ակադեմիկոս Մելքոնյանը Արևմուտքի դերակատարման հնարավոր նվազեցմանն անդրադառնալով, հիշեցնում է, որ Արևմուտքը խոսում է անգամ Բաքվի դեմ պատժամիջոցների կիրառման մասին, և այս առաջարկի կյանքի կոչման դեպքում կարող է նաև սպառնալ թուրք-ադրբեջանական ու ռուսաական կողմերին՝ Արցախի ճանաչումով։