Կառողջանա՞ Կապանի «հիվանդ» բժշկական կենտրոնը
Սյունիքի մարզպետն աշխատանքից ազատել է Կապանի բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանին, որը, ըստ մարզային իշխանության, անառողջ մթնոլորտ էր ստեղծել առողջապահական հիմնարկում։ Մինչ նոր նշանակված տնօրենը կփորձի շտկել իրավիճակը, նախկինը մարզպետի որոշումը կբողոքարկի դատարանում։
Կապանի բժշկական կենտրոնը շուտափույթ պետք է առողջանա՝ համոզված է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, որի որոշմամբ հիվանդանոցի գլխավոր բժշկի պաշտոնից հեռացվել է վնասվածքաբան Ասատուր Ասատրյանը։ Նա կենտրոնի տնօրեն էր նշանակվել այս տարվա հունվարին՝ մեկ տարի ժամկետով։ Լավ բժիշկ լինելը բավարար չէ լավ կառավարիչ լինելու համար՝ ասում է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ նշելով, որ ազատման պատճառներից մեկն էլ այն է, որ առանց լիազոր մարմնի հետ ճշտելու աշխատանքից ազատելու ծանուցումներ է տվել հիվանդանոցի աշխատակիցներին, այդ թվում՝ 3 բժշկի։
«Ցանկացած փոփոխություն պետք է համաձայնեցվի թե նախարարության, թե մարզպետի աշխատակազմի հետ։ Իսկ եթե դա տեղի չի ունենում, շատ տեղեկություններ հասանելի չեն լինում տնօրենին՝ երկրի, անվտանգության հետ կապված։ Ընդհանրապես շատ ճիշտ պրակտիկա է, որ ամեն ինչ խորհրդակցելով ես անում»։
Կապանի բժշկական կենտրոնի նախկին տնօրենը հակադարձում է արդեն իսկ իր նախկին ղեկավարին՝ Սյունիքի մարզպետին։ Ասատուր Ասատրյան․
«Մեր գլոբալ բյուջեն աշխատավարձային ֆոնդի նկատմամբ եղել է ցածր, էդ հարցը մի քանի անգամ բարձրացրել եմ մարզպետարանում, նախարարությունում։ Փորձել եմ գլոբալ բյուջեի աճ ապահովել՝ աշխատավարձային ֆոնդը բալանսավորել, սակայն թե մարզպետարանում, թե նախարարությունում ասել են՝ պո լյուբոմու գնալու ենք կրճատումների»։
Կապանի բժշկական կենտրոնի Շտապ օգնության ծառայությունը համակարգող բժիշկ Նարեկ Գաբրիելյանը նույնպես աշխատանքից ազատման ծանուցագիր է ստացել։ Ասում է՝ կառուցվածքային այս փոփոխություններից կտուժեր ծառայությունը։
«Ծանուցագիր են ստացել չորս պահակները, ես, շտապ օգնության ավագ բուժքույրը, ընդունարանի ՄՋՍ ծառայության ղեկավարը և նույն կառույցի բուժքույրը։ Այս երկու կառույցի միավայրում պիտի լիներ, որի նպատակահարմարությունը հստակ չէր ներկայացվել»։
Պահակների փոխարեն, նախկին գլխավոր բժիշկը մտադիր էր տեսախցիկներ տեղադրել՝ կրճատելով բյուջեի ծախսը, քանի որ նրա ազատման պատճառներից մեկն էլ, ըստ մարզային իշխանության, բժշկական կենտրոնի՝ օրեցօր աճող պարտքերն էին։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյան․
«Մեկ տարվա մեջ տասնյակ միլիոն դրամով հետ գնալը որ չկանխենք օր առաջ, հնարավոր է, որ շատ քաոսային վիճակի հասնենք մեկ կամ երկու ամիս հետո։ Եվ այն բոլոր քայլերը, որ պիտի արվեին առողջացման համար, չեն արվել։ Սա էլ պատճառ դարձավ հրատապ փոխելու կառավարիչին»։
Կապանի բժշկական կենտրոնի տնօրենն իր հակափաստարկներ է բերում։
«Տարին փակվել ա 57 մլն դրամով, որը մեր գործունեության հետ կապ չունի։ Հունվարի 1-ից, երբ նվազագույն աշխատավարձի շեմը ավելացավ, ԲԿ–ի վրա 16-17 մլն դրամով պարտքը աճեց, էս տարի մեր ինֆեկցիոն բաժանմունքը նորից մի էդքան գումարեց պարտքի վրա։ Իսկ էս գումարները պետության կողմից չեն փոխհատուցվում։ Բազմիցս էդ հարցով դիմել եմ թե մարզպետարան, թե նախարարություն»
Կապանի, Քաջարանի, Մեղրիի բժշկական կենտրոնները իրենց ֆինանսական առողջացման ծրագրերը կապում են Հայաստանի թիվ 1 հարկատուի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ՝ ասում է Ռոբերտ Ղուկասյանն ու զգուշացնում՝ այսուհետև բժշկական կենտրոնների զարգացման ծրագրերում նման տող ներառելը բացասական է որակելու։ Կապանի բժշկական կենտրոնի առողջացման հույսերը մարզային իշխանությունը մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Արմեն Թադևոսյանի հետ է կապում, որը նշանակվել է կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Իսկ նախկին տնօրենն ասում է, որ դատարանում է բողոքարկելու իր ազատման որոշումը։
Ի դեպ, Ասատրյանը Կապան համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է։