

Գյուղատնտեսության, շինարարության, արդյունաբերության ոլորտների շրջանակում ընտրվել են այն մասնագիտությունները, որոնց պարագայում չեն համալրվում ամեն տարի տրամադրվող պետության կողմից ֆինանսավորվող կամ անվճար տեղերը։ Կարիք կար ներդնելու խրախուսման նոր մեխանիզմներ՝ այս ուղղություններով դիմորդների հոսքը մեծացնելու և մասնագիտական կադրեր պատրաստելու համար։
Հաստատվեց կառավարության կողմից գերակա հռչակված մասնագիտությունների ցանկը և գերակա ոլորտ հանդիսացող մասնագիտությամբ հիմնական կրթության հիմքով ընդունված ուսանողին, որն ունի գերազանց առաջադիմություն, տրամադրվում է 50 հազ դրամ կրթաթոշակ:
«Վերջին տարիներին գյուղատնտեսության և շինարարության ոլորտներում հետազոտություն էր իրականացվել, որի արդյունքում էլ հստակ երևաց, որ աշխատաշուկայում կա նշված ոլորտներում աշխատողների կարիք, կա պահանջարկ գործատուների կողմից, սակայն չկան որակավորված մասնագետներ։
Գաղափար հասունացավ՝ խնդիրը լուծել կրթաթոշակների տրամադրման և կտրուկ մեծացման միջոցով։ Քոլեջներում և ուսումնարաններում խորհրդային ժամանակներից եկած մոտեցումն էր մնացել և այն կրթաթոշակը, որ ստանում էին ուսանողները՝ ոչ մի կերպ չէր կարող որևէ նշանակալի ազդեցություն թողնել նրանց ուսումնական գործընթացի վրա։ Որոշվեց ուսումնարաններում և քոլեջներում գերակա մասնագիտություններով սովորողներին տրամադրել 50 հազար դրամ կրթաթոշակ։ Այն ազդելու է 2023-2024 ուստարվանից սկսած ուսումնական հաստատություն ընդունված ուսանողների վրա», – ասում է ԿԳՄՍ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը։
«Գերակա ոլորտ հանդիսացող մասնագիտություններից մեր քոլեջում կա «Եռակցման աշխատանքների տեխնոլոգիա» և «Լաբորատոր հետազոտություններ և չափումներ արտադրությունում» մասնագիտությունները։
Սրանք «մեռնող» մասնագիտություններ են, որոնց պահանջարկը աշխատաշուկայում չկա։ Սակայն, այս տարի այս մասնագիտությունների գծով ունենք աննախադեպ ընդունելություն։ Առաջին անգամ բացվել է «Եռակցման աշխատանքների տեխնոլոգիա» բաժինը։ Բայց այս մասնագիտությունների առումով մենք աշխատանք ունենք անելու աշխատաշուկայում, որպեսզի մեր շրջանավարտներին կարողանանք աշխատանքով ապահովել»,– ասում է Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի տնօրեն Քրիստինե Աբրահամյանը։
«Բացի 50 հազար դրամ կրթաթոշակից, կառավարությունը ևս մեկ հզոր գաղափար է ներդրել գյուղատնտեսական ոլորտում։ Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող մասնագիտություններից, ըստ ցանկի՝ գյուղատնտեսական հիմնականում և հարակից մասնագիտություններ, նրանք կարող են ընդունվել Հայաստանի ազգային ագրարային համալսարան, 1 կուրս, առանց միասնական քննություն հանձնելու։ Դա իսկապես կմեծացնի և քոլեջի հեղինակությունը և դիմորդների քանակը կմեծանա, և իհարկե համալսարանը կհամալրվի պահանջվող մասնագիտություններով», – ասում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի տնօրեն Վարդան Վարդանյանը։