Մոնթեբելոյի կողմից Ստեփանակերտին նվիրաբերված հրշեջ մեքենան առաջիկայում տեղ կհասնի


Լիլիթ Սեդրակյան
«Ռադիոլուր»-ԱՄՆ
Կալիֆորնիայի Մոնթեբելո քաղաքի ղեկավար մարմնի կողմից Ստեփանակերտին նվիրաբերված հրշեջ մեքենան առաջիկայում տեղ կհասնի: Մոնթեբելոյի քաղաքային խորհրդի անդամները նշել են, որ սա քույր-քաղաքներ ծրագրի շրջանակում ծավալվող գործակցության առաջին քայլն է, որն առաջիկայում կշարունակվի նոր դրսևորումներով: Մոնթեբելոն ամերիկյան առաջին քաղաքն է, որը քույր-քաղաքների ծրագրով գործակցություն է սկսել Ստեփանակերտի հետ` այդպիսով աջակցություն և զորակցություն հայտնելով երիտասարդ պետության քաղաքացիներին: Օրերս Մոնթեբելոյի հայ համայնքը դրամահավաք է կազմակերպել` հրշեջ մեքենան Արցախ հասցնելու ծախսը հոգալու համար: Այդ հանդիպմանը ներկան են եղել համայնքի քաղաքական, հասարակական ու կրոնական կառույցների ներկայացուցիչներ, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը և ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչը: Ռոբերտ Ավետիսյանը երախտագիտություն է հայտնել Մոնթեբելոյի քաղաքային խորհրդին և հայ համայնքին`Ստեփանակերտի հետ գործակցության ծրագրեր իրականացնելու համար.
«Մենք Արցախում զգում ենք Մոնթեբելոյի ակտիվ հայ համայնքի հայրենանվեր գործունեության արդյունքները, և երբ մեկնարկեց Ստեփանակերտի հետ քույր-քաղաքների ծրագիրը, մենք հասկացանք, որ մենք մենակ չենք, հազարավոր աշխարհասփյուռ հայեր շարունակում եմ ուշադրության կենտրոնում պահել մեր խնդիրները և Արցախի կողքին են, ինչպես եղել են պատերազմի դժվար պահին: Հրշեջ մեքենայի նվիրաբերումը շատ խորհրդանշական է մեզ համար. մենք գնահատում ենք այս գործընկերային հարաբերությունները: Մենք էլ մեր հերթին կաշխատենք Ստեփանակերտի և Մոնթեբելոյի միջև կապերն ամրապնդելու ուղղությամբ և ցույց տալ, թե ինչպես կարող է արցախցին ընկերություն անել»: