ԿարևորՔաղաքական

Սպառազինության նոր մրցավազք․ ո՞վ և ինչո՞ւ է զինում Ադրբեջանը

Միջազգային հանրության աչքի առաջ Ադրբեջանը շարունակում է զինվել, ընդ որում՝ հարձակողական զինատեսակներով։ Տեղեկությունները հայտնի են դառնում բաց աղբյուրներից, ինչի վրա ուշադրություն են հրավիրում ռազմական փորձագետները։ Վերջին մեկ ամսվա ընթացքում ադրբեջանական բեռնատար ինքնաթիռների թռիչքների հաճախականությունը նույնպես որոշակի հուշումներ են պարունակում։ Զուգադիպություն չէ, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանն ակտիվացրել է նաև սահմանային սադրանքների մասին ապատեղեկատվական հոսքը։

Վերջին մեկ ամսում Իսրայելից Ադրբեջան առնվազն 4 բեռնատար ինքնաթիռ է ուղևորվել․ օգոստոսի 15–ին, 16–ին, 29–ին և սեպտեմբերի 2–ին։ Թռիչքներն իրականացվում են իսրայելական «Օվդա» ավիաբազայից։ Բաց աղբյուրներից ստացված այս տեղեկությունը բավարար է հասկանալու համար, թե ինչ թռիչքների մասին է խոսքը։ Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն ասում է, որ է Իսրայելի հարավային, առավել անապատային հատվածում տեղակայված «Օվդա» ավիաբազան Իսրայելի միակ օդանավակայնն է, որտեղով օդային ճանապարհով պայթուցիկ նյութեր են փոխադրվում։ Այդ ավիաբազայում կարող են վայրէջք կատարել սահմանափակ թվով ավիաընկերություններ։ Դրանց թվում է ադրբեջանական «Silk Way Airlines» բեռնափոխադրող ավիաընկերությունը։

«Այդ օդանավակայանից թռչում են կամ պայթուցիկ նյութեր տեղափոխող ինքնաթիռներ, կամ իջնում են Իսրայել պայթուցիկ նյութեր ներմուծող ինքնաթիռներ։ Այս օդանավակայանը դեռևս 1980–ականներից օգտագործվել է բացառապես ռազմական նպատակներով։ Դատելով, վերլուծելով Ադրբեջանի ինտենսիվ թռիչքները՝ հատկապես բեռնատար ինքնաթիռների, կարելի է ենթադրել, որ իրականում Ադրբեջանը զենք–զինամթերքի տեղափոխմամբ է զբաղված»։  

Ադրբեջանական ինքնաթիռի վերջին թռիչքը «Օվդա» ավիաբազայից գրանցվել է նախօրեին։ Նման ինտենսիվությամբ Ադրբեջանը զինվել է մինչև 44–օրյա պատերազմը։ Սա, ըստ վերլուծաբանի, ցուցիչ է, որ տարածաշրջանում նոր ռազմական գործողությունների նախապատրաստական փուլ է:

Զուգադիպություն չէ, թերևս, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանը ակտիվացրել է նաև սահմանային սադրանքների մասին ապատեղեկատվական  հոսքը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը օրվա ընթացքում արդեն մի քանի ապատեղեկատվություն է հերքում։

Շարունակում ենք  ականատես լինել հիբրիդային պատերազմի դրսևորումներին՝ ասում է փորձագետը։ Սակայն դերակատարները տարբեր հետաքրքրություններ ունեն Հարավային Կովկասում։ Հայաստանին նոր պատերազմի մեջ ներքաշելու Ադրբեջանի և Թուրքիայի նպատակներն առավել քան ակնհայտ են, Իսրայելի նպատակներն  ավելի հեռու գնացող են։

«Իրականում Իսրայելը շատ ավելի հետաքրքրված է տարածաշրջանով և  շատ ավելի հեռահար նպատակներ ունի, քան Թուրքիան։ Եթե Թուրքիան և Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցքով» են հետաքրքրված, ապա Իսրայելը հետաքրքրված է Իրանի Իսլամական Հանրապետությունով։ Իսրայելի համար Ադրբեջանը շատ լավ դաշնակից–պետություն է, որպեսզի հետագայում, հեռահար նպատակներով Ադրբեջանի տարածքը օգտագործի որպես պլացդարմ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում»։

Իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանը՝ ունենալով այս տեղեկությունները։ Այն պահից, երբ ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանը դադարեցրեց սպառազինության մատակարարումը, Հայաստանում սկսեցին այլընտրանքային լուծումներ փնտրել։ Որքան էլ պետությունը փորձում է փակագծերը չբացել սպառազինության համալրման հարցերի առնչությամբ, պարբերաբար ինֆորմացիայի արտահոսք է լինում  հատկապես հնդկական մամուլից։

Օրեր առաջ հնդկական մամուլում հերթական տեղեկությունն էր հայտնվել, որ Հնդկաստանը պատրաստվում է երրորդ երկիր արտահանել ATTACKS հաուբից համակարգեր։ Իսկ մինչ այդ գրել էին «Պինակա» զենքի ու նաև այն մասին, որ Հայաստանը կարող է դառնալ առաջին երկիրը, որը ձեռք կբերի «Ակկաշ» հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համալիրներ։ Բաց աղբյուրների փոխանցմամբ Հայաստանի և Հնդկաստանի միջև կնքված համաձայնագրով մեր երկիրն արդեն գնել է 100 ATTACKS համակարգ։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը Հայաստանի վերջին ձեռքբերումները «Առաջին լրատվականին» այսպես է  մեկնաբանել․

«Բավականին շոշափելի է և մեզ համար շատ կարևոր այս պահին։ Բայց ես հույս ունեմ, որ դրանով չենք սահմանափակվելու։ Ցավով պետք է արձանագրեմ, որ ցանկացած պայմանագիր, զենքի ցանկացած գործարք մեզ հետ, նրանք ամեն դեպքում այս կամ այն կերպ բաց աղբյուրների են հաղորդում։ Հնդկաստանում շատ–շատ հետաքրքիր տեսականի կա մեզ համար։ Հնդկաստանը, ըստ էության, դառնում է աշխարհում երրորդ–չորրորդ պետությունը անվտանգային համակարգերի տեսանկյունից»։

Սակայն սա միակ շուկան չէ, ըստ Հովհաննիսյանի, որը կարող է հետաքրքրել Հայաստանին։ «Հայոց Հզոր Բանակ» ծրագրի ղեկավար, ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի պնդմամբ՝ Հայաստանի ԶՈՒ–ում իրավիճակ է փոխվել 2022–ի գարնանից, բայց դա, ասում է՝  դեռ բավարար չէ Ադրբեջանին սանձելու համար։  

«Սկսած 2022–ի գարնանից ՀՀ պաշտպանական քաղաքականության մեջ որոշակի փոփոխություն եմ նկատում, և իսկապես կարելի է ասել, որ դիմադրություն ադրբեջանական բանակին, այո, կա, ես տեսնում, նկատում եմ և ինչու չէ, նաև մենք կարողանում ենք որոշ դեպքերում նույնիսկ արժանի հակահարված հասցնել և որոշակի ժամանակով լռեցնել։ Բայց դա շատ կարճաժամկետ լուծում է, և պետք է  կարողանանք ռազմական արժանի հակահարվածը տանել դիվանագիտական դաշտ։ Նաև կարողանանք դիվանագիտական դաշտում Ադրբեջանին զսպել։ Մենք պետք է վերջ ի վերջո գնանք նրան, որ Ադրբեջանի նկատմամբ գոնե որոշակի պատժամիջոցներ կիրառվեն»։

Դեռ այս տարվա մարտին Հայաստանի պաշտպանության նախարարը հայտնել էր, որ նախորդ տարվա ընթացքում ԶՈՒ–ն համալրվել է նոր սպառազինությամբ։ 2023–ի համար Հայաստանի պաշտպանական բյուջեն ավելացել է 46 տոկոսով՝ հասնելով 1.3 միլիարդ դոլարի։

Back to top button