Հասարակություն

Տուրիստական գործակալություններն այսօրվանից հայ զբոսաշրջիկներին Թուրքիա չեն ուղարկի

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Հայաստանի մի շարք տուրիստական գործակալություններ այսօրվանից բողոքի ակցիա են կազմակերպում` ընդդեմ Թուրքիայի. խզում են այդ պետության հետ բոլոր պայմանավորվածությունները: Որոշումները հիմնավորում են, թե չեն նպաստելու այդ երկրի տնտեսության զարգացմանը, որի արդյունքում փամփուշտներ են պատրաստվում, որոնք էլ օգտագործվում են հայերի դեմ: Այս ամենի դրդապատճառը Քեսաբի դեպքերն էին:

Քեսաբի վրա թուրքական զինուժի հարձակումներից հետո նոր զարգացումներ են արդեն ծավալվում Հայաստանում: Հայկական մի շարք տուրիստական գործակալություններ այսօր միախմբվել են եւ հայտարարում. այլեւս Թուրքիա չեն ուղարկի հայ զբոսաշրջիկներին եւ այդ եկամտից հրաժարվում են սկզբունքորեն: Քանի որ նախաձեռնությունը նոր է, դրան առայժմ միացել է մոտավորապես 12 ընկերություն: Իսկ ընդհանուր առմամբ այսօր Հայաստանում գործում է մոտավորապես 120 տուրիստական կազմակերպություն: Նախաձեռնության հեղինակները հուսով են, որ իրենց գաղափարին կմիանան նաեւ մյուսները: Տուրիստական գործակալություններում, իհարկե, հաշվարկել են, թե ինչ եկամտից են հրաժարվում, բայց թվեր չեն ցանկանում հրապարակել, ինչպես օրինակ` Գրետա Գուրգենյանը կամ Անի Մանեսյանը:

Տուրիստական գործակալությունների ներկայացուցիչներն ասում են. կորցրած գումարը կվերականգնեն օտարազգի զբոսաշրջիկների թվի ավելացմամբ: Այս տարի էլ սպասում են շատ զբոսաշրջիկների: Արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն կարելի է ասել, թե որ երկրներից են հիմնականում լինելու Հայաստան այցելած զբոսաշրջիկները: Ինչ վերաբերում է հայ զբոսաշրջիկներին, ապա Թուրքիայի փոխարեն տուրիստական գործակալությունները նրանց կառաջարկեն այլընտրանք` թե Հայաստանում, եւ թե արտերկրում, իհարկե, այն գումարի սահմաններում, որը ծախսվում էր Թուրքիայում հանգստանալու համար: Այլընտրանքների մասին խոսում է Գրետա Գուրգենյանը:

Ընդդեմ Թուրքիայի բողոք կազմակերպած գործակալություններն ամեն դեպքում առաջարկներ կունենան նաեւ արեւ, ծով եւ արեւայրուք նախընտգրողներին: Տուրիզմով զբաղվողներն ասում են, որ այս տարի Թուրքիային կկարողանան փոխարինել Բուլղարիան եւ Ղրիմը:

Back to top button