Վերնատուն

Հայ գրականությունը՝ արդի պահանջներին համահունչ․ «Վերնատուն»

«Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը և մանկավարժ, ԵՊՀ դասախոս Արսեն Վարդանյանը խոսում են այն մասին, թե ինչպես նոր չափանիշներով մատուցել ու ներկայացնել հայ գրականությունը կրթական հաստատություններում՝ հաշվի առնելով արդի մարտահրավերները։

Արքմենիկ Նիկողոսյանի ու Արսեն Վարդանյանի համահեղինակությամբ գրված Հայ գրականության դասագիրքը երաշխավորվել է նախարարության կողմից։

Արքմենիկ Նիկողոսյանն ասում է, որ նոր չափորոշիչներով գրված դասագիրքն ունի գրականության մեջ խորանալու անսահմանափակ հնարավորություն և անկախ նրանից, թե որ ժամանակաշրջանում են ապրել գրողները, նրանց կենսագրության ու ստեղծագործության միջոցով ստեղծվում է կապ ներկայի հետ։

Գրականությունը դիտարկվում է նաև արժեբանական տեսանկյունից․ մեթոդական նորարարություններից մեկն էլ, ըստ Արսեն Վարդանյանի, գրականության միջոցով ոչ միայն հայրենիքն ու տեղանքը, այլև սեփական անձը ճանաչելն է։

Նշելով դասագրքի առավելությունները՝ Արքմենիկ Նիկողոսյանը շեշտում է, որ հնարավորինս սահմանափակ է դասագրքային տեղեկությունը, մնացածը պիտի սովորողը կամ ուսուցիչը հայտնաբերի, զմայլվի, ամրագրի՝ ըստ իր կարողունակությունների, շատ հաճախ նաև ցանկությունների։ Արժեհամակարգը ձևավորվում է ոչ թե տրված կաղապարների ու հասկացությունների միջոցով։

Դասագրքի առավելություններից մեկը միջառարկայական կապեր ստեղծելն է՝ նշում է Արսեն Վարդանյանը։ Հավելյալ տեղեկությունները՝ ֆիլմերը, տեսաֆիլմերն ու ձայնագրությունները սովորողին համապարփակ պատկերացում են տալիս գրողի ու իր ժամանակաշրջանի մարտահրավերների մասին։

Նոր մոտեցումները գրականության մեջ ամենևին չեն ժխտում հինը, այլ դրա տրամաբանական շարունակությունն են ու, ըստ հեղինակների, դրանք նույնպես վաղ թե ուշ հնանալու են։

Back to top button