Պուտին-Էրդողան հանդիպումը կնախապատրաստեն Ֆիդանն ու Լավրովը
Պուտին-Էրդողան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 4-ին՝ Սոչիում։ Ըստ թուրքական Haberturk-ի՝ Էրդողանի ռուսաստանյան այցը մեկօրյա է, քննարկման գլխավոր հարցը հացահատիկի գործարքն է։ Թուրքական թերթը, վկայակոչելով դիվանագիտական իր աղբյուրները, նշում է, որ Պուտին-Էրդողան բանակցությունների ընթացքում քննարկվելու է հացահատիկի գործարքի նոր բանաձև, որը փորձում է մշակել Թուրքիայի արտգործնախարարը։ Հաքան Ֆիդանն այսօրվանից երկօրյա այցով Մոսկվայում է։ Նա բանակցելու է Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Բանակցային օրակարգում Ռուսաստանի արտգործնախարարությունը նշում է Հարավային Կովկասում համագործակցության խորացման հարցերը, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերականգնումը։
Պուտին-Էրդողան հանդիպման մասին խոսվում է վաղուց։ Նախ նշվում էր, թե նախատեսվում է Պուտինի այցը Թուրքիա, հետո արդեն տեղեկություն տարածվեց, որ Թուրքիայի նախագահն է մեկնելու Ռուսաստան։ Շատերը Պուտինի՝ Թուրքիա չայցելելու որոշման մեջ ռուս-թուրքական լարվածության երանգներ էին փնտրում, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը, սակայն, դա բացատրում է Հաագայի միջազգային քրեական դատարանի կայացրած որոշմամբ։ ՌԴ նախագահը վերջին շրջանում դուրս չի գալիս երկրից՝ հիշեցնում է։
«Մենք տեսնում են, որ ՌԴ նախագահը որևէ տեղ չի մեկնում, հանդիպումներին մասնակցում է մեկ այլ ներկայացուցիչ, կամ նա մասնակցում է on-line տարբերակով։ Կարծում եմ, դա պայմանավորված է միջազգային դրությամբ, մասնավորապես Հաագայի վճռիով, և ՌԴ նախագահը տեղափոխման դժվարություններ ունի»։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի դիտարկմամբ՝ ռուս-թուրքական հարաբերություններում պարբերաբար լարվածություններ են նկատվում, սակայն դրանք ամեն դեպքում բնութագրվում են որպես ջերմ–մրցակցային ։
Քաղաքագետը հիշեցնում է, որ նախորդ ամսվա կեսերից կա ճգնաժամ ուկրաինական հակամարտության, հացահատիկի գործարքի, նույնիսկ սիրիական հարցում, սակայն անկախ տարաձայնություններից Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները, ըստ նրա, կփորձեն մեղմել հարաբերություններում առկա լարվածությունը։
«Այո, այս երկու տարածաշրջանային պետություններն ունեն հակասություններ, բայց երկուսն էլ հասկանում են, որ մեկը մյուսի համար շատ կարևոր գործընկեր է։ Կարծում եմ՝ մենք չպետք է շատ ոգևորվենք նրանց հարաբերությունների լարվածությունից կամ տխրենք հարաբերությունների վատացումից։ Պետք է շատ ուշադիր հետևենք մեզ վերաբերող ռիսկերը կառավարելի դարձնելու համար»։
Մինչև Պուտին– Էրդողան բանակցությունները կհանդիպեն Թուրքիայի ու Ռուսաստանի արտգործնախարարները։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը տեղեկացնում է, որ Լավրովն ու Ֆիդանն ի թիվս այլ հարցերի վերլուծելու են Հարավային Կովկասում համագործակցության խորացման հարցերը, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերականգնման, տրանսպորտային, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և տարածաշրջանի հետկոնֆլիկտային վերականգնման հարցեր։ Նրանք ըստ էության Էրդողան-Պուտին հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են իրականացնելու։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը կարծում է, որ Ռուսաստանի ու Թուրքիայի շահերն այս պահին համընկնում են։
«Լինելու է հերթականը, որը ջերմացում կբերի։ Հիմնական թեման կլինի հացահատիկային գործարքը հաշվի առնելով որ առջևում աշուն է, բայց նաև կքննարկեն այլ թեմաներ ևս, օրինակ մեզ հետաքրքրող հայ-ադրբեջանական հարցեր, Արցախի խնդիր»։
Սուրեն Սուրենյանց․ «Եթե մտավախություն ունեք, որ նրանց համաձայնությունները մեր հաշվին կարող են լինել, ապա այո, բայց նրանց կոնֆլիկտը կարող է տարածաշրջանում կոնֆլիկտ էսկալացնել, ինչը մարտահրավեր է մեզ համար։ Ցանկացած դեպքում պետք է հետևենք։ Ռուս-թուրքական համաձայնությունները շատ ավելի քիչ ռիսկեր են մեզ համար ստեղծում, քան կոնֆլիկտը, որը լարվածության նոր օջախներ կարող է ստեղծել մեզ համար»։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը լավատեսության հիմքեր չունի Պուտին-Էրդողան հանդիպումից։ Համոզված է, որ կքննարկվի արցախյան իրավիճակը, անդրադարձ կլինի ֆրանսիական ակտիվացմանը։
«Եթե հաջողվի այս հանդիպման արդյունքում Հայաստանի հետ կապված նոր հակահայկական գործողություններից խուսափել, կհամարեմ, որ մենք մի կարևոր վտանգ էլ հաղթահարեցինք»։
Քաղաքագետը, մասնավորապես, չի բացառում, որ Պուտին-Էրդողան հանդիպումից հետո Ադրբեջանը նոր սադրանքների դիմի։