

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել է միջազգային մեխանիզմի շրջանակներում Ստեփանակերտ-Բաքու երկխոսության անհրաժեշտությունը և կարևորել Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղումը:
Օգոստոսի 30-ին Լաչինի միջանցքի մուտքի մոտ սպասող 22 բեռնատարներին միացավ մարդասիրական օգնությամբ բեռնված ևս 10 մեքենա։ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի տարբեր շրջաններից մարդասիրական օգնությամբ բեռնված ավտոշարասյունն ուղեկցեց Կոռնիձոր։ Այդուհանդերձ, ոչ այս, ոչ էլ հունիսի 26-ից այնտեղ կանգնած ավտոշարասյանը թույլ չտվեցին մտնել Լեռնային Ղարաբաղ։
«Սա նշանակում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայությամբ Ադրբեջանը շարունակում է սովամահության միջոցով Լեռնային Ղարաբաղի հայերին ցեղասպանության ենթարկելու քաղաքականությունը։ Այս քաղաքականության հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղը հայերից մաքրելն է»,- ասել է վարչապետ Փաշինյանը։
«Ինչպես նախկինում ասել եմ, այս քաղաքականության զարգացման սցենարը հետևյալն է. Ադրբեջանը ծրագրում է ճգնաժամի առավել կրիտիկական պահին միակողմանի բացել Լաչինի միջանցքը, այսինքն՝ թույլ տալ դուրս գալ Լեռնային Ղարաբաղից, բայց արգելել որևէ մեկի մուտքը»,- նշել է Փաշինյանը։
«Ցեղասպանության այս քաղաքականությունը տեղի է ունենում 21-րդ դարում միջազգային հանրության աչքի առաջ։ Ինչպես նախկինում ասել եմ, իրավիճակի լուծումը տեսնում եմ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մեջ՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում»,- հավելել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ տվյալ իրավիճակում միջազգային մեխանիզմը կենսական նշանակություն ունի, հակառակ դեպքում Բաքուն կօգտագործի բոլոր միջոցները՝ վիժեցնելու երկխոսության հնարավորությունը։
Նա ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի վրա ուշադրություն հրավիրելու միջազգային ջանքերի կարևորությունը։ Վարչապետը նշել է Լեռնային Ղարաբաղում փաստահավաք առաքելության անմիջական ներկայության անհրաժեշտությունը և հավելել, որ այս պահին առաջնահերթություն է մնում հումանիտար օգնության տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ։