

Ինչպե՞ս ձևավորել ու զարգացնել գրագետ խոսքի մշակույթը։ Դասագիրքը դառնում է մատչելի ու արդյունավետ գործիք՝ հարցի լուծման համար։ Ի սկզբանե գիրքն ընկալվել է որպես մտավոր գործունեության արդյունք։
«Հոլովներ հարցին պետք է նայել նաև մանկավարժական տեսակետից՝ ո՞րն է ավելի դյուրին, հասկանալի աշակերտի համար։ Մենք խուսափեցինք 7 հոլովից հետևյալ պատճառաբանությամբ, որ 7 հոլովի համակարգը առանց շարահյուսության հնարավոր չէ բացատրել և հասկացնել, բայց շարահյուսությունը անցնելու են առնվազն 1 տարի հետո։ Այսինքն՝ դեռ շարահյուսություն չանցած՝ մենք աշակերտից պահանջում ենք շարահյուսական գիտելիք։ Այս մանկաավարժական սկզբունքը պահպանելու համար մենք գերադասեցինք 5 հոլովի համակարգը, որովհետև այնտեղ այդ գիտելիքի մատուցման աստիճանականությունը, որը լեզվի դեպքում լեզվի մակարդակներով է, չխախտելու խնդիր կար։ Այսօրվա ծրագիրը հոլովների թվի տեսականու խնդիր չի դնում։ Հեղինակը ազատ է, թե ինչպես կներկայացնի հոլովները։ Իսկ ուսուցիչների համար, բնականաբար, շատ ավելի հեշտ է կրկնել այն, ինչը տարիներով անգիր են արել։ Մի խառնաշփոթ կա և դրա պատճառն այն է, որ մենք 7 հոլովով որդեգրել ենք գրաբարի համակարգը, բայց ժամանակակից հայերենի կառուցվածքը փոխվել է», – ասում է լեզվաբան, բ․,գ․,թ․, դոցենտ Հովհաննես Զաքարյանը։
«6 հոլովական լինելով, ես որոշեցի նոր դասագիրքը ներկայացնել 7 հոլովի տեսությամբ, որովհետև տասնամյակներ շարունակ դպրոցում դասավանդվել է 7 հոլով։ Այսօր կա գիտական շատ լուրջ բանավեճ, որը սկսվել է դեռևս 1895 թվականից, Աբեղյանի գրած հոդվածով և մինչ այսօր շարունակվում է։ Հոլովների հարցը 100 ամյակ տևելուց հետո անգամ, դեռևս վերջնական լուծված չէ։ Դրա համար կա բուհ, կան ուսումնասիրություններ։ Պետք չէ դպրոցական նորմատիվ դասագրքում վիճահարույց հարց ստեղծել։ Չի կարելի այս վեճը տանել դպրոց և փաթաթել աշակերտի վզին», – ասում է լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր Փառանձեմ Մեյթիխանյանը։