ՏԻՄ ընտրությունները որպես նախագահական պալատ ուղիղ ճանապարհը
Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»
«Արդարություն և զարգացում» կուսակցությունը մարտի 30-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում համոզիչ հաղթանակ տարավ իր մրցակիցների նկատմամբ, որը կարելի է ասել Էրդողանի 12 տարվա իշխանության օրոք ամենամեծ մարտահրավերն էր: Կոռուպցիոն սկանդալ, գաղտալսումներ և գաղտանզերձումներ, twitter-յան և youtub-յան կայքերի արգելափակումներ. այս ամենն անգամ Թուրքիայի «մոնոլիտ», բայց ճեղքեր ունեցող քաղաքական դաշտում նոր վերադասավորումների հիմքեր չուրվագծեցին, սակայն ճեղքերը խորացնելու առիթ դարձան:
Ընտրական քարոզարշավի ժամանակ Էրդողանի և նրա նախկին դաշնակից, կնքահայր ու գաղափարակից Ֆեթուլահ Գյուլենի միջև ընթացող պայքարում ուժերը փաստացի զիջած Գյուլենն այսօր արդեն Էրդողանի համար անուղղակի քաղաքական նոր ուղի հարթեց ու ամրապնդեց դիրքերը։ Այսպիսով՝ այս նոր ընտրությունները Էրդողանի ու նրա կուսակցության համար քաղաքական ասպարեզում երկարակեցություն ապահովելու հիմք հանդիսացան, ու նախագահ դառնալու շանսերը մեծացրեցին:
Ըստ վերլուծաբան Սարգիս Հացպանյանի՝ այս պահին Էրդողանը և նրա կուսակցությունը Թուրքիայի քաղաքական պատմության մեջ ռեկորդ սահմանեց. ուրիշ ոչ մի կուսակցություն երբևէ նման հաղթանակ չէր գրանցել և 12 տարի անընդմեջ իշխանության չէր եղել։ Ասել է, թե ՏԻՄ ընտրություններից հետո Էրդողանը մտավ Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ և բոլոր նախադրյալներն ունի՝ շարունակելու իր քաղաքական վերելքը՝ այն է զբաղեցնել Թուրքիայի նախագահի պաշտոնը։
Հիշեցնենք, որ 2014-ի մարտի 30-ին Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաղթել էր մրցակից կուսակցություններին: Իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել էր քվեների 45. 53 %-ը, Ընդդիմադիր ժողովրդա- հանրապետական կուսակցությունը՝ 27. 88 %, «Ազգայնական շարժում» կուսակցությունը՝ 15.20 %, քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը՝ 4.04 %։