ԿարևորՄիջազգային

Մրցակցություն բազմաբևեռ աշխարհակարգի համար. ԲՐԻՔՍ-ի ընդլայնումից հետո ԵՄ-ն իր ընլայնման ժամկետներն է նշում

Օգոստոսի 24-ին հայտնի դարձավ, որ 6 երկիր՝ Արգենտինան, Իրանը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Եթովպիան և Եգիպտոսը, միանում են ԲՐԻՔՍ կազմակերպությանը։ Փորձագետները նկատում են, որ ընդլայնված ԲՐԻՔՍ-ը շուտով մեծ յոթնյակից մեծ կլինի անդամ երկրների քանակով և դոլարից կախվածությունը նվազեցնելու համար կընդունի ընդհանուր հաշվարկային արժույթ։

Որոշ գնահատականներով՝ ԲՐԻՔՍ-ը տնտեսական հսկա դառնալու բոլոր հնարավորությւոններն ունի։ Ուշագրավ է, որ այս զարգացումների ֆոնին մինչև 2030 թվականը ԵՄ ընդլայնման մասին է այսօր հայտարարելու Շառլ Միշելը։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ միջազգային ռազմավարական համաժողովի բացմանը ունենալիք ելույթի նախագիծը մասամբ գաղտնազերծել է բրիտանական Financial Times թերթը։

ԲՐԻՔՍ տնտեսական միավորումն արդեն  մի քանի տարի ուշադրության կենտրոնում է։ Մասնավորապես արագ զարգացող երկրները պարբերաբար դժգոհել են, որ սառը պատերազմից հետո ԱՄՆ-ն, իր առաջնային դերն օգտագործելով, շատ հաճախ պարտադրող քաղաքականություն է վարել։ Նավթի գների ձևավորման և այլ հարցերում Արևմուտքի պարտադրանքը ստիպել է արագ զարգացող շատ երկրների հայացքն ուղղել դեպի նոր գլոբալ տնտեսական այս միավորումը։ 20-ից ավելի երկիր ԲՐԻԿՍ–ին անդամագրվելու հայտ ներկայացրել։ Առայժմ միայն 6-ի հայտն է բավարարել։

Միջազգայնագետ, արևելագետ, Հնդկաստանի «Յուսանաս» ուղեղային կենտրոնի գիտաշխատող (Հնդկաստան) և Պեկինի Միջազգային Ուսումնասիրությունների Համալսարանի գիտնական-անդամ (Չինաստան) Արարատ Կոստանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ամիսներ առաջ էր կանխատեսել, որ ԲՐԻՔՍ-ը կընդլայնվի։  

«Իհարկե, կար թյուր հավատ, որ ԲՐԻՔՍ-ը չի կարող ընդլայնվել։ Դա ԱՄՆ-ի կողմից շատ հաճախ լրատվամիջոցներում դիտարկում էր, բայց այս նոր անդամակցությունները շատ կարևոր են։ Այնպես որ, այս նոր երկրների միանալը սպասելի էր որոշ մասնագետների համար, որոշների համար՝ ոչ»։

Հունվարի մեկից Իրանի, Արգենտինայի, ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի, Եթովպիայի և Եգիպտոսի լիիրավ անդամակցությունը ԲՐԻՔՍ-ը կդարձնի մեծ յոթնյակից մի քանի անգամ ավելի մեծ՝ բնակչության թվով, զբաղեցրած տարածքով և բնական ռեսուրսներով։ Նոր անդամներով ԲՐԻՔՍ-ի ՀՆԱ-ն կկազմի աշխարհի ՀՆԱ-ի 37 տոկոսը՝ գնողունակության համարժեքությամբ։ Այս կազմակերպության երկրներում կբնակվի աշխարհի բնակչության 46 տոկոսը։ Որոշ հաշվարկներով՝ հունվարի 1-ից ԲՐԻՔՍ-ին են բաժին ընկնելու նավթի համաշխարհային պաշարների 44.35 տոկոսը։ Ընդհանուր բնակչությունը կկազմի 3.6 մլրդ մարդ։

Արարատ Կոստանյանի դիտարկմամբ՝ ԲՐԻՔՍ-ը պետք է դիտարկել  ոչ միայն տնտեսական միավորման, այլև նոր աշխարհակարգի ստեղծման փորձի համատեքստում։ Խոսքը ոչ թե նոր աշխարհակարգի, այլ նոր աշխարհակարգերի, բազմաբևեռության մասին է՝ ասում է վերլուծաբանը։

«Այսինքն՝ գալիս է ռեգիոնալիզմի տարրը, որի հիմքերից մեկը ոչ թե միայն տնտեսությունն է և տնտեսական հարաբերությունները, այլև՝ ազգային գաղափարախոսությունների դերն ու նշանակությունը։ Սա ավելի ցայտուն է լինելու առաջիկայում։ Դա լինելու է ավելի փոխըմբռնման հիմքի վրա, այլ ոչ թե՝ առճակատման»։

Այսինքն՝ մի բան, որը կբացառի հիբրիդային պատերազմները, ազդեցության գոտիների բաշխումները՝ կարծում է փորձագետը։

Ի դեպ, ԲՐԻՔՍ-ի հիմնադիր պետությունների ղեկավարների խոսքով՝ այս ընդլայնումն առաջին փուլն է, իսկ հայտ ներկայացրած մյուս երկրները «ԲՐԻՔՍ պլյուսի» գործընկերները կլինեն։ Նրանց համար հատուկ չափորոշիչներ կմշակեն հիմնադիր երկրներ Բրազիլիան, Չինաստանը, Ռուսաստանն ու Հնդկաստանը և 2011-ից անդամություն ստացած Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ ԲՐԻՔՍ-ի ընդլայնումը պատմական է համարել Չինաստանի նախագահը։

«Այստեղ երկրներ են, որոնք մեծ ազդեցություն և պատասխանատվություն ունեն համաշխարհային խաղաղության և զարգացման համար։ Այս ընդլայնումը պատմական է և արտացոլում է համագործակցելու մեր վճռականությունը։ Այդ է պահանջում համաշխարհային հանրությունը»,-շեշտել է Չինաստանի նախագահը։   

ԲՐԻՔՍ-ի գագաթաժողովին մասնակցել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ Նա բազմաբևեռ աշխարհի ստեղծման գործընթացին դրական է վերաբերվում։

Ուշագրավ է, որ այս ֆոնին ԵՄ-ն սկսել է խոսել ընդլայնման կոնկրետ ժամկետների մասին։  Եվրամիությունը պետք է պատրաստ լինի մինչև 2030 թ.-ը նոր անդամներ ընդունել իր կազմում՝ այս մասին այսօր միջազգային ռազմավարական համաժողովի բացմանը ունենալիք ելույթում հայտարարելու է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Նրա ելույթի նախագիծը մասամբ գաղտնազերծել է բրիտանական Financial Times թերթը։

«Եթե մենք ցանկանում ենք, որ մեզ վստահեն, մենք պետք է խոսենք ժամկետների մասին: Այժմ մենք պետք է ընդլայնումը դիտարկենք որպես մեր գլխավոր խնդիրներից մեկը: Ե՛վ ԵՄ-ի համար, և՛ նրա ապագա անդամ պետությունների»,-իր տրամադրության տակ հայտնված ելույթի նախագծից մեջբերել է պարբերականը։

Միջազգայնագետ, արևելագետ Արարատ Կոստանյանը կարծում է, որ ԲՐԻՔՍ-ի ընդլայնումից հետո, բնականաբար, Արևմուտքում որոշակի հստակեցնումներ անելու անհրաժեշտություն է ծագել։ Լիբերալ աշխարհի հետընթաց ապրելու մասին քննադատություններ հենց Արևմուտքից են հնչել։

«Այսինքն, հստակ է, որ կա այնտեղ խնդիր։ Երրորդ աշխարհի պետությունների կարևորությունը առաջ տալով՝ Արևմուտքը զգում է, որ թերանում է։ Իրենք պետք է ուղիներ գտնեն բարելավելու համար դեմոկրատական արժեքները»։  

Ներկայում ԵՄ-ին անդամակցության պաշտոնական թեկնածուներն են Ալբանիան, Մոլդովան, Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան, Թուրքիան, Ուկրաինան և Չեռնոգորիան։ Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու շուրջ ամենաերկարն է բանակցություններ վարում՝ 2005 թվականից սկսած։ Չեռնոգորիան թեկնածուի կարգավիճակում է 2010 թվականից։ Վերանշյալ երկրներից որևէ մեկը հստակ ժամկետներ չունի միավորման կազմ ընդունվելու համար:   

Back to top button