ԿարևորՀասարակություն

«Առաջվա պես կոֆե, պլիտկա չենք տանում, որ դեղ դուրս գրեն». էլեկտրոնային առողջապահության հետքերով

Դեռ տարեսկզբին առողջապահության նախարարությունը տեղեկացրեց, որ առաջիկայում մայրաքաղաքում, Գյումրիում և Վանաձորում պոլիկլինիկաների աշխատաժամանակում փոփոխություններ կլինեն, ամբողջությամբ կգործարկվեն թվային դեղատոմսն ու օնլայն հերթագրումների մեխանիզմը: Ըստ նախարարության՝ այս տարվա ընթացքում կներդրվի նաև էլեկտրոնային ամբուլատոր քարտի պիլոտային համակարգը, ինչպես նաև կվերանորոգվեն առողջության առաջնային պահպանման մարզային ու գյուղական բուժհաստատություններ: Այս գործողություններն առողջապահության ազգային ռազմավարության շրջանակում են՝ ուղղված բուժհաստատություններում մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը:

Առավոտյան 8-ից մինչև երեկոյան 19-ը, օնլայն հերթագրումներ, էլեկտրոնային դեղատոմս. Պոլիկլինիկաներում գործարկվող նոր համակարգի մասին լուրերը տարեսկզբից միանշանակ չընդունվեցին բուժաշխատողների ու բուժառուների շրջանում: Օնլայն հերթագրվելու փորձ Մարիամ Ոսկանյանը չի էլ արել: Պոլիկլինիկայից ասել են, որ կարող է զանգով էլ հերթագրվել: Լիլիթ Սինդոյանին «Արմեդ» հավելվածը քովիդից է ծանոթ: Լավ լուծում է, ասում է, մանավանդ աշխատողների համար, հետագայում կօգտվի: Թագուհի Ամիրխանյանը կերակրող մայր է: Նոր համակարգը փրկություն է իր պես հերթերից նյարդայնացողների համար: Հուսով է՝ բժիշկ-բուժառու կապն ավելի սահուն ու արդյունավետ կդառնա:

Թագուհի Ամիրխանյան. «Միանշանակ առաջընթաց է, փրկություն է ինձ նման` հերթերից նյարդայնացողների համար, ուղղակի մնում է աշխատող մեխանիզմ լինի, այսինքն՝ բժիշկ-բուժառու կապը գործի: Բայց էստեղ թիրախային խումբ են դառնում տարեցները, որոնց մոտ բարդություններ կառաջանան օգտվելիս: Հուսով եմ՝ դրան էլ լուծում կլինի»:

Լիլիթ Սինդոյան. «Չգիտեի, որ առցանց հնարավոր է հերթագրվել, որովհետև կարիքը չի եղել, երբ գնացել եմ պոլիկլինիկա, միշտ բժշկուհիս ընդունել է։ Կարծում եմ լավ բան է՝ ժամանակ խնայելու համար, երևի սրանից հետո կօգտվեմ»:

Քաղաքացիներից շատերը էլեկտրոնային առողջապահության ներդրումը դրական են գնահատում, շատերն են պոլիկլինիկա գնալը ժամանակի կորուստ համարում:  Վերջին անգամ մայրիկիս դեղերը էլեկտրոնային դեղատոմսով ստացանք, գոհ ենք: «Առաջվա պես կոֆե, պլիտկա չենք տանում, որ դեղ դուրս գրեն»,- անունը չհրապարակելու պայմանով ասում է զրուցակիցս: Մնում է՝ նոր համակարգը լավ աշխատի: 

Առողջության առաջնային պահպանման օղակից հիմնականում տարեց բնակիչներն են օգտվում, որոնց հիմնականում հասու չեն հիվանդանոցային կամ մասնավոր կլինիկաների ծառայությունները: «Այս համակարգն իր հետ որոշակի խնդիրներ է բերել այն առումով, որ դժվար է տարեց բնակչին բացատրել, որ երիտասարդը ոչ թե իրենցից առաջ է ընկնում, այլ օնլայն է հերթագրվել»,- ասում է Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկայի թերապևտ Կարեն Մաղաքյանը: Եթե երիտասարդները մատների մի քանի հպումով գրանցվում են «Արմեդ»- ում, տարեցներն անգամ համապատասխան հեռախոսներ չունեն: Հերթագրվում են զանգով  կամ պարզապես գալիս:

«Լավ կլիներ, որ մեծահասակների համար լինեին տերմինալներ՝ բուժաշխատողների անուններով, պացիենտը մոտենար իր ցանկացած բժշկի, նեղ մասնագետի կամ 1-ին օղակի բժշկի անունով  կտրոն քաշեր, որտեղ կերևար սպասվող ժամաքանակը և սպասահերթի քանակը: Իմ կարծիքով՝ առողջապահության նախարարությունը պիտի ավելի մատչելի դարձնի մեր մեծահասակների համար»:

Խնդիրներ կան նաև ավագ սերնդի բուժաշխատողների շրջանում, որոնք դժվարանում են տվյալների մուտքագրման հարցում: Ճիշտ է, օգնում են նրանց կցված բուժքույրերը, բայց համակարգը ղեռ լրամշակման կարիք ունի՝ ասում է երիտասարդ բուժաշխատողը

«էն փաստը, որ մարզայինում մենք չենք կարողանում ամբողջովին էլեկտրոնային հարթակ անցնել, ասենք բիոքիմիական, արյան ընդհանուր հետազոտություները կամ էլեկտրոնային օրագիրը, ուր պիտի գրանցվեն պացիենտի գանգատները, մարզային մակարդակում դեռ չի արվում»: 

«Ռադիոլուր»-ի զրուցակիցներից շատերն ասում են, որ «Արմեդ» հավելվածով գրանցվել, բայց պոլիկլինիկայում նորից հերթ են կանգնել, ոմանք էլ հենց այս նպատակով են մասնավոր կլինիկաներ ընտրել: Զրուցակիցներիցս մեկը սկզբունքորեն չի գնում պոլիկլինիկա՝ սթրեսներից խուսափելու համար, մյուսն էլ ասում է՝ մասնավորում չի բախվում այն խնդիրներին, որոնց պետական պոլիկլինիկայում է հանդիպել:

«Ինձ որ պետք է լինում, գնում եմ միանգամից հիվանդանոց, որովհետև պոլիկլինիկաների բուժծառայությանը չեմ հավատում»

«Կլինիկա երեխայիս եմ տարել, շատ գոհ եմ թե սպասարկումից, թե վերաբերմունքից, ինչը չէի ասի նախկին պոլիկլինիկայի մասին»

«Մասնավորի ու պետականի մրցավազքում պետբյուջեից սնվող առողջության առաջնային պահպանման օղակը որոշակիորեն զիջում է դիրքերը՝ ռեսուրսների սակավության առումով»,-ցավով է արձանագրում Վանաձորի թիվ 2 պոլիկլինիկայի տնօրեն Մարինա Սիմոնյանը: Եթե մասնավոր կլինիկաներում հատուկ աշխատակիցներն են զբաղվում են  բուժառուների ներգրավմամբ, իրենց մոտ ողջ ծանրաբեռնվածությունը 1 հաստիքի վրա է:

«Ինքը ունի շատ մեծ թիմ, 15 հոգանոց խումբ, որը զբաղվում է բացառապես բնակիչներին այլ հաստատություններից իրենց մոտ ընդգրկելու հարցով: Մենք պետական հաստատություն ենք, նման հաստիք չունենք, զբաղվածությունը շատ մեծ է, քանի որ թղթայինը դեռ հանված չէ: Անցումային շրջանում քանի որ մենք աշխատուժի հետ կապված խնդիր ունենք, մեկ աշխատողի վրա է այդ պարտականությունները դրվում, դրա համար մենք որոշակի դժվարություններ ունենում ենք: Մենք խնդիր ունենք քաղաքի որոշ դեղատների հետ, լինում են դեպքեր, որ կրկնություն ա լինում, լինում է, որ քանակների մեջ է շփոթ լինում կամ դեղի փոխարինողի։ Անցումային փուլ է, խնդիրներ, դժվարություններ են լինում»:

Լոռու մարզի առողջապահական ոլորտի պատասախանատու Ռուզաննա Պողոսյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է, որ էլեկտրոնային համակարգը, որն այսօր ամբողջացել է «Արմեդ» հավելվածում, գործում է դեռ 2017 –ից: Շարունակական ու ամենօրյա շտկումների կարիք ունի: Վստահեցնում է՝ անձնական տվյալները պաշտպանված են: Տարեց բնակիչների, սոցիալական որոշ շերտերի  պարագայում խնդիրներ կան: Համակարգը նոր է՝ ասում է

«Ունեցել ենք խնդիրներ պատվաստումների մուտքագրման հետ կապված, բայց համագործակցելով օպերատորների հետ՝ շատ արագ կարգավորել ենք: Բավական արդյունավետ, արագ ծրագիր է, և ամենակարևորը, որ անվտանգ է»:

Մեր պոլիկլինիկաներն աշխատում են սողացող գրաֆիկով՝ ասում է Ռուզաննա Պողոսյանը: Արտաժամյա աշխատանք որպես այդպիսին չկա: Բժիշկներից շատերն իրենց աշխատաժամանակի մի մասն անցկացնում են նաև տնայցերի մեջ՝ այդպիսով լրացնելով սահմանված աշխատաժամանակը: Վարձատրության վրա դա չի ազդում: Նոր համակարգի վերաբերյալ բուժաշխատողների կարծիքները պարբերաբար ամբողջացվում և փոխանցվում են առողջապահության նախարարություն՝ բարելավման նպատակով: Ռուզաննա Պողոսյանը դժվարանում է ամփոփ տվյալներ հրապարակել նոր համակարգից օգտվողների վերաբերյալ: Ամենօրյա ռեժիմով փոփոխվող թվեր են՝ ասում է: Փոխարենը ցավոտ խնդիր է բարձրաձայնում՝ մարզերում բուժաշխատողների ու նեղ մասնագետներ պակասը, որի պատճառով է շատ հաճախ բուժառուն նախընտրում այցելել ոչ թե պետական, այլ մասնավոր կլինիկա․

«Ներկայում Վանաձորի պոլիկլինիկաներում ունենք թերապևտի, մանկաբույժի, գյուղերում՝ ընտանեկան բժշկի խնդիր, ակտիվ աշխատում ենք նախարարության հետ, որ տվյալ տարվա շրջանավարտներից գործուղեն մարզ: Քաղաքներում կարիքն այնքան չի լինում, որքան տարածաշրջանային բժշկական հաստատություններում: Ողջ հանրապետությունում ներկայում խիստ կարիք կա մանկական հոգեբույժի»:

Առողջապահության նախարարությունը տարածքային կառավարման ու սոցապ նախարարությունների հետ աշխատում են՝ երիտասարդ կադրերին մարզերում աշխատելու մոտիվացիան բարձրացնելու ուղղությամբ, որ գնան մարզեր, ծառայեցնեն իրենց գիտելիքները հանրային առողջապահությանը՝ միաժամանակ ձեռք բերեն մասնագիտական փորձառություն: Ոլորտի բարեփոխման շրջանակում առաջիկայում կվերանորոգվեն Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկան, Տաշիրի բուժկենտրոնը:  Ընթացքի մեջ է Վանաձորի բուժկենտրոնի վարակաբանական բաժանմունքի շինարարությունը, իսկ Դսեղի առողջության կենտրոնի նոր մասնաշենքն արդեն ավարտական տեսքի է բերվել: 

Back to top button