ԿարևորՀասարակություն

Կապսի ջրամբարի շինարարարական աշխատանքներն ընթացքի մեջ են

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը աշխատակազմի պատասխանատուների հետ եղել է Կապսի ջրամբարի տարածքում, որտեղ այժմ ընթանում են շինարարարական աշխատանքները, հայտնում են ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմից։

Մարզպետը զրուցել է շինաշխատանքները և տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպությունների պատասխանատուների հետ, պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հանդիպելու և քննարկելու աշխատանքների ընթացքն ու անելիքները։

Գերմանիայի ֆինանսական համագործակցությամբ KFW բանկի վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող Կապսի ջրամբարի և օժանդակ կառուցվածքների կառուցման աշխատանքները սկսվել են մայիս ամսից։

Համապետական կարևոր նշանակություն ունեցող Կապսի ջրամբարի կառուցման նպատակը Շիրակի մարզում Ախուրյան գետի սահմանափակ ջրային ռեսուրսների կայուն օգտագործմանը նպաստելն է:

Ծրագրի իրականացման արդյունքում կբարձրացվի Շիրակի մայր և Ախուրյանի աջափնյա ջրանցքների և շուրջ 17000 հա հողատարածքների ջրապահովվածության մակարդակը։

Բացի այդ, հնարավորություն կստեղծվի 2280 հա հողատարածքների մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոս ոռոգման եղանակով՝ տարեկան խնայելով 1,3 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա։

Ջրամբարի կառուցման ընդհանուր բյուջեն կազմում է 95,2 միլիոն եվրո, որից 68,5 եվրոն վարկային միջոցներ են՝ ներգրավված KFW բանկից, մնացածը ՀՀ կառավարության համաֆինանսավորումն է։

Back to top button