Զարգացման գաղափարներ` հանուն գյուղի ու գյուղացու. Լոռու 7 գյուղերում էկոմիջանցքներ կձևավորվեն
«Հայաստանում էկոլոգիական միջանցքների ստեղծում» ծրագրով արդեն 1 տարի է՝ Լոռու մարզի 7 գյուղերում սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված առաջարկներ են մշակվում: Ծրագրի նպատակն է՝ նպաստել գյուղաբնակների սոցիալ-տնտեսական կենսամակարդակի բարելավմանը՝ հնարավորինս բացառելով բնությանը վնասելու ավանդական մոտեցումը։ Գյուղերի զարգացմանն ու էկոլոգիական միջավայրի պահպանմանն ուղղված քայլերն ամփոփվել են մրցույթներով՝ գյուղաբնակ երեխաների, գյուղաբնակ ընտանիքների և 7 գյուղական համայնքների միջև։ Մրցույթների արդյունքներն ամփոփվել են, հաղթող առաջարկները՝ ֆինանսավորվել։
Գեներացնել նորարար գաղափարներ, որոնցով գյուղերը կզարգանան, բնությանը քիչ վնաս կհասցվի ու գյուղի մարդը ստիպված չի լինի լքել իր կենսամիջավայրը: Բնության համաշխարհային հիմնադրամի աջակցությամբ Լոռու Ահնիձոր, Մարց, Լորուտ, Եղեգնուտ, Դեբեդ, Դսեղ և Մարգահովիտ գյուղերում շուրջ 1 տարի աշխատում են էկոմիջանցքների ստեղծման վրա:
Ահնիձորցի Հայկը շուրջ 40 քմ մակերեսով տարածք ունի: Մտադիր է փոքր ջերմոցային տնտեսություն հիմնել՝ օրինակ ծառայելով նաև Մոտկորի տարածաշրջանի այլ գյուղաբնակների համար: Մրցույթով 200.000 դրամ է շահել ու պատրաստվում է նույնքան էլ ներդնել՝ գաղափարը կյանքի կոչելու համար։ Գյուղի զարգացման հեռանկարը, ասում է միայն անասնապահության հետ չպիտի կապել, պետք է տարբեր ուղղություներով ապահովել կայուն զարգացումը.
Հայկ Մաթևոսյան՝ Ահնիձորի բնակիչ․ «Ես որոշեցի, որ մեր տարածքում պետք է լինի ջերմոց, որը կապահովի զբոսաշրջիկներին, որպեսզի նրանք կամ հյուրատները կարիք չունենան Վանաձորից գնել: Նախատեսում եմ կառուցել ջերմոց, որպեսզի դա նաև օրինակ դառնա Մոտկորի մյուս բնակիչների համար՝ որպես այլընտրանք»:
2016-ին, երբ Լոռու մարզի 6 գյուղեր միավորվեցին Թումանյան համայնքի կազմում, գյուղաբնակներից շատերն էին հույսեր փայփայում, որ վերջապես նորմալ Ճանապարհ կունենան, լավ ենթակառուցվածքներ ու կրթական հաստատություններ: Խոստումները, սակայն, դանդաղում էին,գյուղերն էլ դուրս մնում սոցիալ-տնտեսական զարգացումից:
Հիմնական պատճառը գրեթե անանցանելի ճանապարհներն էին՝ ասում է Թումանյան խոշորացված համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանը: Այժմ նորոգվում են այդ գյուղերն իրար կապող ճանապարհները, և մարդկանց մոտ հույս է արթնացել, որ առաջվա պես իրենց բերքն ու գյուղմթերքը մարզկենտրոն հասցնելիս երկար ժամանակ չեն կորցնի: Սուրեն Թումանյանը նաև տուրիզմի կտրուկ աճ է կանխատեսում ճանապարհների նորոգումից հետո.
«Կայուն զարգացման համար մեր կառավարությունն արդեն իսկ 4.4 մլրդ. դրամ գումար է հատկացրել Մոտկորի շրջանի 6 գյուղերի ճանապարհը հիմնանորոգելու: Դրանք լուրջ նպաստավոր պայմաններ են ստեղծում տուրիզմի զարգացման համար: Թումանյանի տարածաշրջանը լուրջ պոտենցիալ ունի տուրիստական: Կոմունիկացիաների խնդիրն է խոչընդոտել: Ճանապարհը սարքելու հետ մեկտեղ վստահ եմ, որ կավելանա: Սրանք զուտ տեղային սոցիալական ծրագրեր են, որոնք մարդկանց մոտիվացնում են համայնքում մնալ»:
«Ահնիձորը հրաշք է անտառի մեջ»,- ասում է Մարցի դպրոցի տնօրեն Սուսաննա Վարդանյանը։ Նա բնության գրկում բաց դասասենյակ ունենալու մասին երազել է դեռ Ահնիձորի միջնակարգը ղեկավարելիս: 50 աշակերտ ունի Մարցի դպրոցը: Անշուք պատերից զատ, ասում է, երեխաները պիտի հաղորդակցվեն նաև մայր բնության հետ: Թաքուն փայփայած նվիրական գաղափարն իրագործելու համար արդեն 200.000 դրամ է շահել: Պատկերացրեք, ասում է, բնության գրկում՝ անտառի մի գողտրիկ անկյունում, բաց երկնքի տակ դաս անցկացնելն ինչ գեղագիտական հաճույք է լինելու աշակերտի համար: Այդպես երեխաներն ավելի կկապվեն բնությանն ու կսովորեն օգտվել բնությունից խնայողաբար, սպառողի հոգեբանությամբ չեն մտնի անտառ՝ վստահ է Սուսաննա Վարդանյանը.
«Մտածեցի, որ կարելի է ստեղծել բաց դասասենյակ, որովհետև բնությունը հրաշալի է, երեխաները կարող են դրսում հենց բնության գրկում սովորել ծրագրով նախատեսվածը: Ծտերի ծլվլոցը, գետերի խշշոցը կօգնի, որ ավելի լավ սովորեն, զարգանան, ավելի լավ մարդ դառնան: Շատ արագ կարող ենք ստեղծել՝ մի քանի նստարաններ, մարկերային գրատախտակ և անպայման կունենանք, որովհետև աշնանն ավելի հետաքրքիր է դաս անել»:
Սվետլանա Բեկչյանը Մարգահովիտից է: Մշտական աշխատանք չլինելու պատճառով նրա 4 հոգանոց ընտանիքը կիսվել է: Մեծ տղան հոր հետ արտագնա աշխատանքի են մեկնել: Ինքն էլ, կրտսեր որդու հետ անասնապահությամբ են զբաղվում: Մրցույթում շահած 100.000 դրամով մտադիր է փոքրիկ կրպակ ստեղծել ու էկոլոգիապես մաքուր մթերք վաճառել։ Մինչ Սվետլանան գաղափարի մանրամասներով է կիսվում, փոքր տղան՝ Տիգրանը ոտքի վրա իրենց գաղափարն է բրենդավորում
«Քանի որ ավելի շատ մենք սիրում ենք անասնապահությամբ զբաղվել, կաթնամթերք մշակել, մեր գաղափարի անունը կդնենք «Հեփի Չիզ»: Քանի որ մայրիկս շատ վաղուց երազում էր ունենալ իր փոքրիկ կրպակը, մեր տունն էլ գտնվում է գյուղի սրտում, մենք որոշեցինք տուրիստներին ներկայացնել գյուղի բարիքները՝ ուտելիքների տեսքով: Մեր թիմը համալրելու ցանկություն են հայտնել նաև մեր հարևանները: Վայրի բնությունից հավաքած այն խոտաբույսերը մենք ներկայացնելու ենք տուրիստներին: Մինչ մայրիկս պատրաստի պատվերները, ես կպատմեմ տուրիստներին մեր գյուղի առօրյայի, մշակույթի մասին: Հարկ եղած դեպքում՝ նաև անգլերենով, քանի որ լեզվին տիրապետում եմ»:
Ծրագրի ֆինանսական աջակիցը Բնության համաշխարհային հիմնադրամն է։ Հայաստանում Էկոլոգիական միջանցքների խթանման ծրագրի ղեկավար Արմեն Շահբազյանը նկատում է, որ ծրագրի շրջանակում հիմնական շեշտը դրել են բնապահպանության վրա: Փորձել են աջակցել գյուղաբնակներին՝ բնությանը համահունչ ապրելուն ուղղված գաղափարների մշակման ու բնությանը քիչ վնաս հասցնելու հարցում: Մրցութային 52 հայտերից 20-ը կֆինանսավորվեն: Սա ծրագրի 1-ին փուլն է՝ ասում է Արմեն Շահբազյանը.
«Փորձը ցույց է տալիս, որ որքան մարդիկ լավ են ապրում, այնքան ավելի ուշադիր են բնության հանդեպ և ավելի քիչ են կախված բնական ռեսուրսներից, օրինակ՝ փայտ, կենդանիների որս: Մեր ծրագիրը միջոցներ ունի սոցիալ-տնտեսական զարգացման համար: Իհարկե, սա ընդամենը փոքր մասը միջոցների տրամադրվեց, մեծ միջոցները առջևում են՝ առաջիկա 7 տարիների ընթացքում կծախսվեն թիրախային գյուղերում»:
Ծրագրի մյուս՝ «Ինչպես բարելավել գյուղի կենսապահովման պայմանները կայուն եղանակով» բաղադրիչով մրցույթներ են հայտարարվել դարձյալ 7 գյուղերի միջև: Գյուղերի զարգացմանն ու էկոլոգիական միջավայրի պահպանմանն ուղղված «Էկոմիջանցքների խթանում Հարավային Կովկասում» երկարաժամկետ ծրագիրը մեկնարկել է 2019-ից՝ ընդգրկելով Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի և Լոռու մարզերը: