Շենիկի գյուղում փողոցներն ասֆալտապատել են, սակայն ջրահեռացման համար միջոցներ չկան


Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի մի քանի գյուղերում հիմնանորոգվում են ճանապարհները: Շենիկում այս տարի սուբվենցիայով երկու փողոց է ասֆալտապատվել, սակայն չկա ջրահեռացման համակարգ: Տեղումների ժամանակ անձրևաջրերը փողոցից հոսում են բակերն ու տները: Բնակիչներն անձրևաջրերը հեռացնելու համար խորը փոսեր են փորել:
Երկարատև դադարից հետո Շենիկ գյուղում կրկին ճանապարհաշինական տեխնիկա է հայտնվել։ Գյուղացիները վերհիշել են այն ժամանակները, երբ իրենց փողոցները մաքուր էին, ասֆալտապատ, իրենք էլ չէին նեղվում անձրևաջրերից:
«Ես Անժիկ Հարությունյանն եմ, գյուղի առաջին բնակիչը, մեր գյուղը շատ գեղեցիկ, ասֆալտապատ ու շատ կոկիկ գյուղ էր»:
«Ես չեմ հիշում, թե երբ է ասֆալտվել մեր գյուղը, սովետի ժամանակ է եղել: Հետո ասֆալտից բան չէր մնացել՝ հող էր, ցեխ, անձրևաջրերը կուտակվում էին, լցվում մեր բակերը»:


Նախկին բարեկարգ գյուղի բոլոր ճանապարհները քսանհինգ-երեսուն տարվա ընթացքում բեռնատարաների անիվների տակ քանդվել են ու մնացել հողի ու փոշու տակ: Փողոցները երբեմն հարթեցրել են, ավազով փոսալցում արել, բայց դրանք երկար կյանք չեն ունեցել։
«Անձրև էր գալիս, նորից փոսեր էին գոյանում, նորից ջուրը լցվում էր այդ փոսերի մեջ, նորից ցեխ, իսկ եթե անձրև չկար, սարսափելի փոշի էր լինում, մի մեքենա անցնում էր՝ փոշին 5 րոպե օդում կանգնած էր մնում»:


Շենիկում ճանապարհների նորոգումը առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներից մեկն է, որին ընթացք տրվեց համայնքների խոշորացումից հետո: Անցած տարի նորոգվել է շուրջ 600 քմ մակերեսով ճանապարհ, այս տարի՝ 3100 քմ մետր կամ մոտ կես կիլոմետր: Վերակառուցվող երկու զուգահեռ փողոցները իրարից բաժանված են ծառուղիներով ու մարգագետիններով: Այդ փոքր հողակտորը փողոցի մի կողմում ապրողների համար սելավաջրերից ազատվելու միջոց է դարձել: Նոր կառուցվող ճանապարհին ջրահեռացումն անհրաժեշտություն է, քանի որ ճանապարհին չկան նույնիսկ հողային հունով առուներ:
«Այստեղ հնարավոր է խնդիր առաջանա, պետք է ջրահեռացման համար մի բան սարքվի: Մենք այս հողի մեջ փորել, բացել ենք հարամի, որ այդ հատվածում կուտակված ջրերը հոսեն գետնի տակ , բայց հորդառատ անձրևների ժամանակ դա էլ չի օգնում»:


Սուսաննա Կուրղինյանի տունն ու բակը հաճախ են ողողում սելավաջրերը: Նա հույս ուներ, որ նոր ճանապարհը կազատի իրեն այդ հոգսից.
«Չգիտեմ, թե ինչի նման է, որ ասֆալտապատվում է, իսկ ջրերը հեռացնելու տեղ չունի: Անձրևի ժամանակ սելավն այն վերևից ուժգնորեն գալիս է ու լցվում մեր բակերը»:
Ճանապարհաշինական կազմակերպության ղեկավար Հակոբ Հովհաննիսյանն ասում է, որ նախագծով մայթեր ու ջրահեռացման համակարգեր նախատեսված չեն, միայն փողոցն են ասֆալտապատում:


«Անձրևաջրերի հարցը մեզանից կախված չէ, որովհետև ծրագրում դրա վերաբերյալ ոչինչ չկա: Ճանապարհը, որ նայում եմ, իր բնական թեքությունն ունի: Կողքերը պետք է ջրատար լինի, բայց այս պահի դրությամբ չկա: Ծրագրով միայն տրված է այն, ինչն անում ենք: Ճանապարհի լայնքը 6 մետր է»:
Ջրահեռացման փոխարեն ճանապարհների երկու եզրերը մոտ կես մետր լայնքով ծածակվելու են ավազակոպճային շերտով: Արմավիրի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության վարչության մասնագետ Գասպար Հովհաննիսյանն ասում է՝ հավելյալ աշխատանքների համար շատ միջոցներ են պահանջվում. ներհամայնքային ճանապարհները կառուցվում են առանց մայթերի ու ջրահեռացման համակարգի:


«Ասֆալտի 1 քմ 11000 դրամ է, եթե դրան գումարենք մայթը՝ կդառնա 22000 դրամ, մի հատ էլ ջրահեռացում՝ 122000 դրամ: Ջրահեռացման համար փող է պետք, համայնքի բյուջեն հազիվ բավարարել է սրա համար»:
Նախագծով ճանապարհը կառուցվում է որոշակի թեքությամբ և ջուրը հեռացվում է դեպի կողնակներ: Գյուղի փողոցներն ասֆալտապատվել են սուբվենցիոն ծրագրով, պայմանագրային արժեքը 31 մլն 770 հազար դրամ է, որի 40 տոկոսը ներդրել է համայնքը:


Ավարտվել է նաև Արտամետ գյուղի երկու փողոցների ասֆալտապատումը: Գյուղի խնդիրներն աստիճանաբար լուծվում են՝ ասում է Արտամետի վարչական ղեկավար Գոռ Ղազարյանը.
«Վերջին տարիներին գյուղի հիմնական խնդիրները լուծվել են. գազի գիծն ենք կառուցել. խմելու ջրագծերը ամբողջությամբ փոխվել են, վերջին 10 տարվա ընթացքում նորոգվել է խմելու ջրի ներքին ցանցը, փողոցային լուսավորություն ունենք: Վերջին գործը մնացել էր ասֆալտը»:


Վարչական ղեկավարի խոսքով 160 բնակիչ ունեցող գյուղում բոլոր ճանապարհներն առաջիկայում կնորոգվեն: Փողոցները հիմնանորոգվել են սուբվենցիոն ծրագրով՝ 58 մլն դրամ արժեքով: Ընդհանուր առմամբ ասֆալտապատվել է մոտ 800 գծմ ճանապարահ: