ԿարևորՀասարակություն

Առանց ընդդիմության, նոր անուններով ու «մերժված» քաղաքապետով․ ինչպիսին կլինի սեպտեմբերի 17-ի քվեաթերթիկը

Երևանի ավագանու ընտրությունների քվեաթերթում հավանաբար13 կուսակցության ու1 դաշինքի անուն կլինի, եթե ԿԸՀ-ն  հաստատի  նախորդ շաբաթվա ընթացքում քաղաքական ուժերից ստացված բոլոր հայտերը։ Առաջիկա օրերին՝ մինչև օգոստոսի 18-ը, հանձնաժողովը կուսումնասիրի ներկայացված փաստաթղթերը, դրանցում անճշտություններ չգտնելու դեպքում կգրանցի մասնակցության հայտերը։ Սեպտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 քաղաքական ուժ՝ 13 կուսակցություն և մեկ դաշինք։

Թեև նախատեսվում է, որ ընտրական ցուցակները հրապարակվելու են գրանցումից հետո, բայց քաղաքական ուժերի մի մասն արդեն դրանց վերաբերող մանրամասներ է ներկայացրել։

Քաղաքական ուժերից ամենաարագը կողմնորոշվել է «Հայաստանի եվրոպական կուսակցությունը», որն առաջինն էր շտապել ԿԸՀ՝ պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու։ Կուսակցությունն արդեն տեղեկացրել է՝ քաղաքապետի իրենց թեկնածուն ռեժիսոր, քաղաքական վերլուծաբան Տիգրան Խզմալյանն է։ Կուսակցության ընտրացուցակում 4-րդը դերասան, հումորիստ Հովհաննես Ազոյանն է։

Երևանը ղեկավարելու համար հավանաբար կպայքարի նաև գործարար Տիգրան Արզաքանցյանի ղեկավարած «Ուժը հայրենյաց» կուսակցությունը։ Ի սկզբանե տեղեկություններ կային որ կուսակցության քաղաքապետի թեկնածուն գործարարի կինն է՝ Նատալյա Ռոտենբերգը, սակայն օրերս «Ուժը հայրենյացը» հայտարարեց, որ նպատակահարմար են գտել, որ քաղաքապետի թեկնածուն ազգությամբ հայ լինի․ Տիգրան Արզաքանցյանը այսպես է ներկայացնում քաղաքապետի իրենց թեկնածուին։

«Մեր ավագանիների ցուցակը կղեկավարի Նելլի Հարությունյանը։ Նելլի Հարությունյանն ունի աշխատանքային մեծ փորձ, լավ ընտանիքի մայր է, հայրենասեր է։ Հուսով եմ՝ իր աշխատանքային փորձը կներդնի մեր գեղեցիկ Երևանը ավելի գեղեցիկ կառուցելու համար։ Հուսով եմ, որ երբ ուսումնասիրեք, թե ով է Նելլի Հարությունյանը, կտեսնեք, որ արժանի մարդ է Երևանը ղեկավարելու»։

Ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ հայտ է ներկայացրել նաև «Հանրային ձայն» կուսակցությունը։ Վարդան Ղուկասյանի նախագահած կուսակցությունից առայժմ չեն մեկնաբանում, թե ով է քաղաքապետի իրենց թեկնածուն կամ ովքեր են ընդգրկված ընտրական ցուցակում։ Դեռևս լուռ է նաև «Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու փաստաբան Նորայր Նորիկյանը․ նա խոստացել է տեսաուղերձով հանդես գալ։

«Հանրությանն առաջարկելու ենք ստեղծված իրավիճակի հաղթահարման օրակարգ ու հստակ լուծումներ»,– առայժմ այսքանն է մանրամասնում «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը, որի համամասնական ցուցակը գլխավորում է քաղաքական ուժի ղեկավար Սուրեն Պետրոսյանը։

Մայրաքաղաքը ղեկավարելու հավակնություն ունի նաև «Հանրապետություն» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Զեյնալյանը։ Վերջինը քաղաքապետի աթոռի համար պայքարում էր նաև 2018-ին, երբ գլխավորում էր «Լույս» դաշինքի ընտրացուցակը։ Զեյնալյանն օրերս «Factor.TV»-ի հետ զրույցում շեշտել է՝ այժմ շանսերն ավելի մեծ են։

«Կարծում եմ՝ իրավիճակն էականորեն փոխվել է, ժողովուրդը դուրս է եկել հետհեղափոխական էմոցիաներից, և կարծում եմ՝ կարող է գիտակցված քաղաքական որոշում կայացնել»։

«Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյան

«Դու կարող ես» կարգախոսով սեպտեմբերի 17-ի ընտրությունների հավանաբար կմասնակցի նաև «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը․ քաղաքապետի թեկնածուն Արման Ղուկասյանն է։ Ես ընտրել եմ պայքարելու ճանապարհը, որը տանելու է հաղթանակի՝ ընդգծել է Ղուկասյանը։

«Երևանի ավագանու ընտրություններին մեր համեստ հնարավորություններով, բայց անկեղծ մտադրությամբ ու դիրքորոշմամբ կհամոզենք երևանցիներին, որ կա մի ուժ, որը կապ չունի քաղաքական ոչ մի բևեռի հետ, որը չի պատրաստվում ծառայել այս կամ այն անհատին կամ քաղաքական ուժին»։

Քաղաքային բարեփոխումների ճանապարհին գործող քաղաքային իշխանության տեմպերը գոհացուցիչ չեն՝ շեշտել է քաղաքապետի հավանական թեկնածու, «Միացյալ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Երվանդ Թարվերդյանը։

«Մեր քաղաքական ուժը մյուսներից տարբերվում է․ մենք այն նորն ենք, որը ոչ թե «սևերին» ու «սպիտակներին» քննադատելով է ցանկանում ձևավորել իր ծրագրերը, այլ ներկայանում է հենց իր ծրագրով։ Եթե չեմ սխալվում, քաղաքական հասարակարգում միակ քաղաքական ուժն ենք, որ հայտարարում ենք, որ պետության ու քաղաքի շահերից ելնելով՝ մենք բոլոր քաղաքական ուժերի հետ ենք համագործակցելու»։

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած մյուս 6 ուժերը կամ նրանց առաջադրած քաղաքապետի թեկնածուները հանրությանն ավելի հայտնի են ու, ըստ էության, արդեն սկսել են քարոզարշավը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» դեռ նախորդ տարվա մարտին էր հայտարարել, որ քաղաքապետի պաշտոնում տեսնում է նախկին փոխվարչապետ, գործող փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին։ «Հաղթանակ» կուսակցությունը ընտրապայքարի մեջ կմտնի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի առաջնորդությամբ։ Սոցիալական ցանցերում  իր նախընտրական դե ֆակտո քարոզարշավն արդեն սկսել է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը։ Քաղաքային մի քանի նախագծերով, հանդիպում քննարկումներով ու ակտիվությամբ աչքի է ընկել «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի ընտրական ցուցակը կգլխավորի Մանե Թանդիլյանը։ Օրերս բացահայտվեց նաև նախընտրական ամենամեծ ինտրիգը․ Երևանի 13-րդ քաղաքապետ, իշխանության կողմից պաշտոնանկ արված Հայկ Մարությանը «Ազգային առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարն է։

«Ու այն հարցին՝ բա քեզ պետք է, ես միանշանակ պատասխանում եմ՝ այո, ինձ պետք է, ինձ պետք է, որ Երևանը ծաղկի»

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարության

13 կուսակցությունից բացի ԿԸՀ–ն ընդունել է նաև 1 դաշինքի՝ ընտրություններին մասնակցելու հայտը։ Ազգային ժողովի ընդդիմադիր արդեն նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանը կգլխավորի Զարուհի Փաստանջյանի «Երկիր ծիրանի» և Մանուկ Սուքիասյանի «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունների դաշինքը։

Առաջիկա ընտրությունների գլխավոր առանձնահատկությունը, սակայն, ընտրապայքարում խորհրդարանական ընդդիմության բացակայությունն է։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հիմնական ուժերը՝ Դաշնակցությունն ու Հանրապետականը, հայտարարել են, որ չեն մասնակցելու ընտրություններին ՝ իրենց համախոհներին կոչ անելով աջակցել «իրական ընդդիմադիր հայացքներով ազգային ուժերին»։

Back to top button