ԿարևորՔաղաքական

Հայկական կողմը հստակեցրել է, թե ինչ է սպասում ՄԱԿ-ի ԱԽ-ից

Շրջափակման ութ ամիս, որից 2-ը տոտալ բլոկադայի պայմաններում և 400 տոննա հումանիտար օգնությունը՝ 2 շաբաթ Հակարիի կամրջի մոտ․ սա Լաչինի միջանցքի փաստական պատկերն է ՄԱԿ-ի ԱԽ սպասվող նիստից առաջ։ Երկրորդ օրն է, ինչ հայտնի է, որ Հայաստանը դիմել է ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստ հրավիրելու պահանջով։ Քննարկման օրը դեռ որոշված չէ։

Հայաստանի ակնկալիքները ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստից ձևակերպել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։ BBC-ի Newshour ռադիոծրագրի եթերում նա խոսել է ԼՂ-ում տիրող իրավիճակից, միջազգային իրավական որոշումներից և հստակեցրել է, որ հարցը կապված չէ ԼՂ կարգավիճակի հետ։

ՄԱԿ ԱԽ-ի ունեցած տարբեր լծակներից Հայաստանի ակնկալիքը բանաձևի ընդունումն է, որը ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակին կլիազորի գնահատող առաքելություն ուղարկել Արցախ և անհրաժեշտ մարդասիրական օգնություն հասցնել մարդկանց, ինչպես նաև կպարտադրի Ադրբեջանին՝ կատարել Միջազգային դատարանի որոշումները՝ բացելով Լաչինի միջանցքը։ 

ԱՄԿ ԱԽ դիմելու նպատակները և ակնկալիքները ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ներկայացրել է BBC-ի Newshour ռադիոծրագրի եթերում։

Մարգարյանն ընդգծել է, որ ստեղծված վիճակը կապված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ և հիշեցրել է, որ Հայաստանից Արցախ ուղարկված մարդասիրական բեռն արդեն երկու շաբաթ կանգնած է սահմանին:

«Լեռնային Ղարաբաղի մարդիկ տառապում են, սնունդ չկա, դեղորայքը չի հերիքում, միջազգային հանրության միջամտության խիստ անհրաժեշտություն կա։ Այժմ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը պետք է ստանձնի միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման պատասխանատվությունը՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելով ԼՂ-ում զանգվածային վայրագությունները կանխելու համար»։

Առաջիկա նիստին ընդառաջ՝ հայաստանյան 22 հասարակական կազմակերպություններ դիմել են ՄԱԿ-ի ԱԽ անդամ պետություններին կոչով՝ պարտավորություն ստանձնել պաշտպանելու հայ ժողովրդին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից կազմակերպված ցեղասպանությունից և էթնիկ զտումներից։ Նամակում վկայակոչում են քրեական իրավունքի միջազգային անկախ փորձագետների, ցեղասպանագետների և մասնագիտացված կազմակերպությունների գնահատականները, որոնք ապացուցում են՝ այդ հանցագործությունների ռիսկերն իրական են։ Հայկական ՀԿ-ները ՄԱԿ-ի ԱԽ անդամ պետություններին զգուշացրել են․

«21-րդ դարում հայ ժողովրդի հետ նման ողբերգության կրկնության դեպքում, պատասխանատվությունը մեծապես կկրեն ՄԱԿ-ի ԱԽ անդամները և կստանձնեն ցեղասպանության և էթնիկ զտումների միջազգային հանցագործություններ իրականացնող պետության փաստացի հովանավորությունը»։

Նամակի հասցեատերերը՝ ՄԱԿ-ի ԱԽ անդամ պետությունները, առաջին անգամ չէ, որ քննարկելու են Լաչինի միջանցքի արգելափակման և Արցախի շրջափակման հարցը։ 2022–ի դեկտեմբերին Ֆրանսիան էր նախաձեռնել նման մի քննարկում նույն կառույցում։ Այն ժամանակ նպատակը հայտարարության ընդունումն էր։ Պաշտոնապես այդպես էլ չհայտարարվեց այն պետությունների անունները, որոնք նպաստեցին հարցի տապալմանը, բայց փաստացի բացահայտումներ արեց ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովը։ Twitter-ում նա շնորհակալություն հայտնեց Ալբանիային, Ռուսաստանին, ԱՄԷ-ին և Մեծ Բրիտանիային՝ Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ ԱԽ-ի հայտարարության ընդունումը տապալելու համար։

Իրավիճակը ՄԱԿ-ի ԱԽ 2022–ի դեկտեմբերին և հիմա տարբեր են, իր վերջին հարցազրույցում պնդել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը․

«Նախորդ անգամների հետ ես չէի համեմատի, որովհետև այս անգամ մենք տրամադրված ենք գնալու բանաձևի համար։ Մենք դեռևս երբեք չենք գնացել բանաձևի հետևից»։

Դեսպան Մարուքյանը սոցցանցում հիշեցրել է, որ միջազգային հանրությունը, մասնավորապես, ՄԱԿ-ի ԱԽ անդամները կարող են դադարեցնել սովը զենքի վերածելը, որն Ադրբեջանն օգտագործում է որպես լծակ՝ էթնիկ զտումների և ցեղասպանության համար:

BBC-ի ռադիոեթերում դիմելով միջազգային հանրությանը, ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հստակեցրել է, որ Լաչինի ճանապարհը բացելու հարցով Ադրբեջանին բազմիցս դիմել են հենց ՄԱԿ-ի պաշտոնյաները՝ վկայակոչելով Միջազգային քրեական դատարանի հրապարակած միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումը։

 «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը երեք հայտարարություն է արել՝ մեկը դեկտեմբերին, մյուսը՝ փետրվարին և վերջինը՝ օգոստոսի 3-ին, կոչ անելով անվերապահորեն իրականացնել միջազգային դատարանի որոշումը, վերահաստատելով դրա պարտադիր բնույթը: Շատ միջազգային կազմակերպություններ կոչ են արել Ադրբեջանին կատարել դատարանի որոշումը։ Մենք նաև մեկ ամիս առաջ դիմել ենք ՄԱԿ-ի ԱԽ, մասնավորապես, խնդրելով հրատապ և արդյունավետ գործողություններ ձեռնարկել ի պատասխան Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտման, և ապահովել Միջազգային քրեական դատարանի իրավաբանորեն պարտադիր վճիռները։ Մինչև հիմա ոչինչ չի արվել։

ՄԱԿ-ի ԱԽ 5 հիմնական և 15 ոչ մշտական անդամների հետ Հայաստանը լուրջ նախապատրաստական աշխատանքներ է տարել, և դրանք շարունակելու է մինչև քննարկման օրը, վստահեցնում են դիվանագետները։ Բանաձևը ընդունելու համար անհրաժեշտ է նվազագույնը 9 «կողմ» ձայն։ Բայց հայկական կողմը նաև գիտակցում է, որ Ադրբեջանում հասկանում են Հայաստանից տարվող աշխատանքների ուղղությունը և իրենք էլ իրենց հերթին են աշխատում անդամ-պետությունների հետ։ Այնպես որ, թե ինչ ուղղությամբ կընթանան քննարկումները կառույցում՝ մասնագետները դժվարանում են կանխատեսել։

Back to top button