«Կանաչ պիտակ» հավաստագիրն առաջինը հանձնվեց Կեչուտ բնակավայրին. չպայթած զինամթերքով աղտոտված 43 259 մ² տարածքը մաքրվել է
Օգոստոսի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Կեչուտ բնակավայրում տեղի է ունեցել մարտական գործողությունների հետևանքով չպայթած զինամթերքով աղտոտվածությունից մաքրված 43 259 մ2 մակերեսով տարածքի հանձնման պաշտոնական արարողությունը։ Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ Վայոց ձորի փոխմարզպետ Դավիթ Սարգսյանը, «ՀԱՓԿ» տնօրեն Վաղինակ Սարգսյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նաննա Սկաուն, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։ Ներկաները ծանոթացել են Կեչուտ բնակավայրի մերձակայքում «ՀԱՓԿ» ականազերծողների կողմից ս.թ մայիս ամսից իրականացրած աշխատանքներին, այցելել չպայթած զինամթերքից մաքրված տարածք, հավաստիացել, որ այն ամբողջությամբ մաքրված ու անվտանգ է:
«ՀԱՓԿ» տնօրեն Վաղինակ Սարգսյանը ՀՀ Վայոց ձորի փոխմարզպետ Դավիթ Սարգսյանին, Ջերմուկի համայնքապետարանի ճարտարապետ Արսեն Գառնիկյանին և Կեչուտ բնակավայրի վարչական ղեկավար Արտակի Բագրատյանին պաշտոնապես հանձնել է գյուղատնտեսական նշանակության 43 259 մ2 տարածքի չպայթած զինամթերքից մաքրված լինելը հաստատող հավաստագրեր։
«ՀԱՓԿ» տնօրեն Վ․ Սարգսյանի և ՄԱԿ-ի ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ղեկավար Նաննա Սկաուի կողմից հանձնվել է «Կանաչ պիտակ» հավաստագիրը և մաքրված դաշտի սկզբնամասում տեղադրվել է «Կանաչ պիտակ» խորհրդանշական ցուցանակը, որով փաստվում է, որ մաքրված այդ տարածքում կարելի իրականացնել սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր։
«ՀԱՓԿ» տնօրեն Վ․ Սարգսյանը նշել է․ «Մենք այսօր իրականացրեցինք փոքր, բայց շատ կարևոր առաջին մի քայլ՝ անկյունաքար դրեցինք մի ծրագրի կյանքի կոչման, որն իրականացնում ենք ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ համատեղ։ Այն կոչվում է «Կանաչ պիտակ»։ Այսօր մենք Ջերմուկին հանձնեցինք 43 000 մ2 մաքրված տարածքը, որն աղտոտվել էր անցած տարի սեպտեմբերին՝ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։
«Կանաչ պիտակ» ծրագրի շրջանակներում «ՀԱՓԿ» և ՄԱԿ-ի ՊՀԾ մասնագետներից կազմված խմբերը իրականացնում են հետազոտություն, գնահատում համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման վրա ականային աղտոտվածության ազդեցությունը, սահմանում տարածքների մաքրման առաջնահերթությունները, հաշվի առնելով տեղական ինքնակառավարման մարմինների կարիքները և միջազգային կազմակերպությունների կողմից պլանավորվող սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը, որին զուգահեռ իրականացվում է պայթուցիկ զիամթերքի ռիսկերի ուսուցման միջոցառումներ ավտանգ վարքագծի դրսևորման նպատակով։ Արդյունքում, մաքրված տարածներին տալով «Կանաչ պիտակ», «ՀԱՓԿ» և ՄԱԿ-ի ՊՀԾ ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային հատուկ խումբը շարունակում է այս ուղղությամբ աշխատանքները և չպայթած զինամթերքից մաքրված յուրաքանչյուր տարածքի մասով կատարվում է վերլուծություն, թե զարգացման ինչ ծրագրեր են իրականացվել այդտեղ և դրանից ինչ օգուտ է ստացել համայնքը, մարզը, պետությունը»։
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նաննա Սկաուն ասել է․ «Երբ այս տարածքները 2022թ․ սեպտեմբերին հրետակոծվում էին, մենք կարևոր քննարկումներ էինք ունենում, թե ինչպես օգնել համայնքին, վերականգնել տարածքները, ինչպես կարող ենք աշխատել համայքների հետ՝ գտնելու պարենային ապահովության հարցերի նոր լուծումներ։ Իհարկե առաջին քայլը, պետք է լիներ ազդեցության վերլուծությունը և դրա նշանակությունը տեղի բնակիչների համար։ Եվ մենք հանդես եկանք նախաձեռնությամբ, որ տարածքի մաքրումից հետո դրան պետք է տրվի «Կանաչ պիտակ», որը նաև նշանակում է որ տարածքը մաքրվել է հաշվի առնելով շրջակա միջավայրի պահպանության կանոնները։ Հիմա, բնակավայրը ստացել է «Կանաչ պիտակ», որը նշանակում է միջազգային կազմակերպությունները, ինչպիսիք են ՄԱԿ գոծակալությունները, օրինակ ՊՀԾ-ն կամ այլ կազմակերպություններ, կարող են ներդրում կատարել այստեղ։ Ցանկացած ոք, տեսնելով «Կանաչ պիտակ», կարող է հասկանալ, որ տարածքը մաքրված է և ենթակա է հետագա շահագործման»։
ՀՀ Վայոց ձորի փոխմարզպետ Դավիթ Սարգսյանն իր հերթին մարզի ղեկավարության անունից նշել է, որ մաքրման աշխատանքներն իրականում շատ կարևոր են, հատկապես հաշվի առնելով անցած տարվա Ադրբեջանի ագրեսիայից հետո աղոտոտվածությունը, և որ մաքրված տարածքները կարող են նպաստել մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը, քանի որ բնակիչները կկարողնանան դրանք օգտագործել ըստ նպատակային նշանակության։
Հանդիպման ավարտին Կեչուտ բնակավայրի վարչական ղեկավար Արտակ Բագրատյանը, որպես երախտագիտություն, «ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ» է հանձնել «ՀԱՓԿ» տնօրեն Վաղինակ Սարգսյանին: