Դպրություն

Վերապատրասվում է Սփյուռքը՝ նոր կրթական չափորոշիչներին համապատասխան․ «Դպրություն»

Սփյուռքում ուսուցիչ լինելը հայրենասիրության դրսևորում է և  բազմաթիվ  երկրներից Հայրենիքում հավաքված ուսուցիչներին բնականաբար մտահոգում է հայ աշակերտն ու նրա ճակատագիրը։ Այսօր սփյուռքահայ կրթական համակարգը ունի երկու կարևոր խնդիր՝

  • Դաստիարակել իր մայրենի լեզվին տիրապետող հայ երիտասարդություն՝ իբրև ազգապահպանման կարևորագույն գործոն: 
  • Իրականացնել հայեցի ազգային դաստիարակություն՝ իբրև հայրենասիրության, ազգի անկախության պահպանման և ուծացումից խուսափելու հիմնական գործոն։

«Մեր դպրոցում դասավանդվում է երկու հայերեն լեզու՝ արևմտահայերեն և արևելահայերեն, քանի որ մեծ թվով աշակերտներ ունենք։ Մենք ունենք դասագրքեր՝ մանկապարտեզից մինչև ավագ դպրոց։ Մեր դպրոցում ունենք հայերենի բաժանմունքի վարիչ։ Նրա օգնությամբ ուսուցիչները կազմում են ամբողջ տարվա ծրագիրը՝ տարբեր առարկաների ուսուցման համար և հետևողականորեն դասավանդվում է հենց այդ ծրագրով»,– պատմում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի «Ռոզ և Ալեք Փիլիպոս ազգային վարժարան»-ի ուսուցչուհի Էրմիօնի Հակոբյանը։  

«Հայտնի է, որ Լիբանանի համայնքը բավականին մեծ համայնք է։ Սակայն վերջին տարիներին տեղի ունեցած դեպքերը պատճառ դարձան, որ մարդիկ դուրս գան երկրից՝ ինչի պատճառով աշակերտների քանակը նվազեց։ Բայց բոլորս միասին, հավաքական ուժով փորձում ենք հայ աշակերտին պահել հայ դպրոցում։ Եվ ինչպես Մխիթարյան վարժարանի նշանաբանն է ասում՝ դեպի լուսավոր ապագա։ Եվ անկարելի է հասնել այդ լուավոր ապագային, եթե բոլորս միասին չաշխատենք՝ լինի դա Հայաստան-Սփյուռք կապը, կամ տարբեր համայնքներից ուսուցչուհիների համագործակցությունը»,- ասում է Բեյրութի  Մխիթարյան վարժարանի ուսուցչուհի Լիլա Փամբուգյանը։    

«Մյունխենում գործող մեր մշակութային կենտրոնը փորձում է հայեցի դաստիարակչական գործ կատարել։ Սփյուռքում բավականին դժվար է երեխային հայ կրթելը։ Այստեղ անչափ կարևոր է ծնողի գործոնը, նա պետք առաջնահերթությունը դնի իր երեխայի հայ մնալուն, հայեցի կրթություն ստանալուն։ Մեր կենտրոնում դասավանդվում է նաև հայոց լեզու և գրականություն, հայրենագիտություն և կրոնի պատմություն։ Մեզ մոտ երեխաները հայեցի կրթություն են ստանում նաև մշակույթի միջոցով՝ գործող տարբեր խմբակներին իրենց մասնակցությամբ»,– ասում է Գերմանիայի Մյունխեն քաղաքի հայ–գերմանական «Անուշ» պարի և մշակույթի կենտրոնի տնօրեն Անուշ Չախալյանը։

«Ես Իրաքի Մուսուլ քաղաքում աշխատել եմ 30 տարի։ Աշակերտներս բոլորը հայ էին։ Երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների պատճառով տեղափոխվեցինք Իրաքի հյուսիս՝ Էրբիլ քաղաք։ Այստեղ կառուցեցինք Սուրբ Խաչ եկեղեցին և հիմնեցինք մեր դպրոցը։ Այժմ ունեմ 12 աշակերտ և դասավանդում եմ հայոց լեզու, կրոն, երգեցողություն։ Դպրոցը կիրակնօրյա է, բայց շատ հաճախ լինում է այնպես, որ երկու կամ երեք օր եմ դասավանդում։ Ես շնորհակալ եմ ԿԳՄՍ–ին, որ մեզ ապահովում է դասագրքերով»,– ասում է Իրաքի Էրբիլ քաղաքի կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի Վանուհի Խաչիկյանը։

«Դեռ 2017թ․-ից մենք ստանում ենք դասագրքեր Հայաստանից։ Այդ դասագրքերը մեզ շատ են օգնում դասավանդման հարցում և ոչինչ չի կարող փոխարինել դասագրքին։ Մեզ հիմա առաջարկվում է օնլայն տարբերակով դասագրքեր։ Ես իհարկե կողմ եմ նորարարություններին, բայց ունեմ աշակերտներ, որոնք, երբ շոշափում են հայերեն դասագիրքը, տեսնում հայերեն տառեր, պատկերներ՝ դա առանձնահատուկ ոգևորություն է տալիս նրանց։ Ես անշուշտ շնորհակալ եմ, որ այսքան տարիներ իմ աշակերտները զրկված չեն այդ հնարավորությունից»,– ասում է Հունաստանի Կոմոտինի քաղաքի «Հայ Կապույտ Խաչ»–ի մեկօրյա դպրոցի ուսուցչուհի Ռուզաննա Զոհրաբյանը

Back to top button