Վարչապետը կոչ է արել Ադրբեջանին չարգելափակել մարդասիրական ուղեբեռի տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ
Ադրբեջանը՝ կոպտորեն խախտելով 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը, պայմանավորվածությունը, ապօրինաբար արգելափակում է հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Այսօր կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ արդեն 9-րդ օրն է, ինչ Հայաստանի կառավարության ուղարկած մարդասիրական բեռները գտնվում են Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայրի հատվածում։
«Ադրբեջանը համառորեն շարունակում է պնդել, թե Լաչինի միջանցքի փակման պատճառներից մեկը հունիսի 15-ին իր ևակերպմամբ «հայկական կողմի ռազմական սադրանքն է»։ Այդ օրը Ադրբեջանը փորձել էր դրոշ տեղադրել Հակարի կամրջի եզրին՝ Հայաստանի տարածքում, արժանանալով ՀՀ սահմանապահ զորքերի հակազդեցությանը»,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ հենց Ադրբեջանի այդ գործողությունն էր սադրանքը, հատկապես այն պայմանաններում, երբ երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքները դեռ մեկնարկի փուլում են։
«Տարբեր տեղերում ուժի գործադրմամբ դրոշներ տեղադրելու Ադրբեջանի գործելակերպը խաղաղ գործընթացը վիժեցնելու գործողության է նման»,- ասել է վարչապետը։
«Տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանի պլանն է Հայաստանի և Ադրբեջանի միջև Ալմաթիի հռչակագրով ֆիքսված սահմանը վիճարկելու տեղ թողնող դրույթներով «Խաղաղության պայմանագիր» ստորագրել և հետագայում արդեն սահմանազատման և սահմանագծման գործընթացում տարածքային պահանջներ առաջադրել ՀՀ-ին: Բաքուն ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել Երևանի հետ, որը հնարավորություն է տալիս վիճարկել հայ-ադրբեջանական սահմանը, իսկ հետո տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանին։ Սա երևաց նաև Ադրբեջանի նախագահի՝ Եվրոնյուզին տված հարցազրույցում՝ հայտարարելով, թե, իբրև, Ադրբեջանը Հայաստանից տարածքային պահանջներ չունի և սահմանները որոշված չեն։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմաններեը որոշվել են 1991 թվականի Ալմաթիի հռչակագրով և այն վերահաստատվել է Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքներով»,- հիշեցրել է վարչապետը։
Փաշինյանը նկատել է՝ եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները որոշված չեն, ի՞նչ տարածքների հարց է բարձրացնում Ադրբեջանը սահմանի տարբեր հատվածներում։
Ըստ նրա՝ այս դեպքում սահմանի գծից զորքերի հայելային հետքաշման Հայաստանի առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ։
«Ալիևը հարցազրույցում ասաց, թե Լաչինի միջանցքը արգելափակված չէ: Այդ դեպքում ինչո՞ւ ռուս խաղաղապահները չեն ապահովում հումանիտար օգնության մուտքը Ղարաբաղ, եթե Ադրբեջանը պնդում է, որ չի արգելափակել միջանցքը»,-ասել է վարչապետը։
Որպես խաղաղության օրակարգին նվիրվածության քայլ՝ վարչապետը կոչ է արել Ադրբեջանին չարգելափակել մարդասիրական ուղեբեռի տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ Լաչինի միջանցքով, նշելով, որ այդ քայլը Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և Միջազգային դատարանի որոշումների կոպիտ խախտում է։