Երաժշտական եռանկյունիՀասարակություն

Կոնստանտին Պետրոսյան. ստեղծագործական ուղի. «Երաժշտական եռանկյունի»

Քիչ առիթներ են լինում զրուցելու մի անհատականության հետ, ով իր ստեղծագործական և կազմակերպական ավանդով տասնամյակների ընթացքում հսկայական դեր է ունեցել և ունենում հայրենական կոմպոզիտորական դպրոցի զարգացման և աշխարհում հանրահռչակման գործում:

Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, հայ կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր Կոնստանտին Պետրոսյանը ծնվել է 1946 թվականին Երևանում։

«Ստեղծագործել եմ և՜ ակադեմիական, և՜ էստրադային, և՜ ջազային երաժշտության ժանրերում, զբաղվել եմ գործիքավորումներով: Հանդես եմ եկել որպես դիրիժոր դաշնակահար, և կարելի է ասել, որ իմ մասնակցությունն եմ ունեցել այդ բոլոր ժանրային տեսակների կայացման և զարգացման ընթացքներին»,- ասում է անվանի կոմպոզիտորը:

Մեր զրույցի ընթացքում անդրադարձանք հայկական ջազի պատմության էջերին, և մաեստրոն հիշատակեց այն ժամանակները, երբ 60-ականներին ջազ երաժշտությամբ զբաղվում էին հաշված երաժիշտներ, որոնց մի մասը պրոֆեսիոնալ երաժիշտներ էին, ոմանք էլ՜ ինքնուս:

Նա ղեկավարել  է «Կինո Մոսկվա»- իի ջազային նվագախումբը, որն այդ տարիների մայրաքաղաքում ջազային մթնոլորտը ձևավորող առաջատար կազմերից էր: Ստեղծագործությանը զուգահեռ մաեստրոն դասավանդել է Ռոմանոս Մեիքյանի անվան ուսումնարանում և նույն թվականներին ղեկավարել է Հանրային ռադիոյի և հեռուստատեսության էստրադա-սիմֆոնիկ նվագախումբը և հանրային ռադիոն համարում է իր համար հարազատ վայր:

Կոնստանտին Պետրոսյան սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում։ 1965 թվականին ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, դասատու` Էդուարդ Բաղդասարյան, 1973 թվականին` Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան` Գրիգոր Եղիազարյանի դասարանը։ 1976-1985 թվականներին դասավանդել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1976-1980 թվականներին եղել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի խմբավարը: 1985-1990 թվականներին ղեկավարել է Հայաստանի կոմպոզիտորների միության երաժշտական կենտրոնը:1990-1993 թվականներին եղել է Հայաստանի Խաղաղության Ֆոնդի նախագահի տեղակալ, 2003 թվականից` Հայկական երաժշտական համաժողովի անդամ, 2014 թվականից` Հայաստանի կոմպոզիտորների միության Արտասահմանյան հանձնաժողովի համանախագահ։ Հեղինակ է սիմֆոնիկ, երգչախմբային, կամերային, գործիքային և վոկալ գործերի։ Երաժշտություն է գրել նաև կինոյի և թատրոնի համար:

Այնուհետև մաեստրո Պետրոսյանն անցնում է հասարակական, կազմակերպական գործունեության՝ ղեկավարելով Հայաստանի կոմպոզիտորների միության երաժշտական կենտրոնը, որի հիմնական գործառույթն է եղել խթանել հայ կոմպոզիտորական դպրոցի զարգացումը, ստեղծել հնարավորություններ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները հրապարակելու և ամենակարևորը՝ կատարելու համար:

Հենց այդ ժամանակաշրջանում առավել ինտենսիվ էին համերգները կոմպոզիտորների միության դահլիճում և Դիլիջանի ստեղծագործական տան համերգասրահում: Ներկայումս կոմպոզիտորը Հայաստանի կոմպոզիտորների միության արտասահմանյան կապերի հանձնախմբի համանախագահն է:

Հաղորդման ընթացքում հնչում են հատվածներ Կոնստանտին Պետրոսյանի «Ձայնի և բիգ բենդի համար կոնցերտ»-ից:

Back to top button