
«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքը դեռևս անկատար է և թույլ չի տալիս առաջին անգամ զենք գնել պատրաստվող մարդկանց իրացնել իրենց իրավունքը։ «Ռադիոլուր»-ը նախորդիվ պատմել էր, որ օրենքը կյանքի կոչելու անհնարինությամբ պայմանավորված՝ դրանում փոփոխություններ էին կատարվել։ Սակայն դրանց ընդունումից ավելի քան 10 օր անց օրենքը դեռ ստորագրված չէ, ինչի մասին իրենց մտահոգություններն են հայտնում զենք գնելու հնարավորությանը սպասած քաղաքացիները։
Եթե 2022-ի հոկտեմբերի 5-ին ընդունված օրենքը ապրիլի 28-ին ուժի մեջ մտներ, եթե դա տեղի չունենալուց հետո հուլիսի 1-ին ուժի մեջ մտած օրենքն իրականում գործելու հնարավորություն ունենար, եթե դրա անհնարինությամբ պայմանավորված հուլիսի 13-ին ԱԺ-ում նորից անհապաղ քննարկված ու ընդունված օրենքը նույն անհապաղությանբ ստորագրվեր, ապա Արևիկ Պետոյանն արդեն զենք կունենար։ Չունի, քանի որ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը, որն ընդունումից 15 օր հետո պետք է հնարավոր դարձներ այդ գործընթացը, արդեն 11 օր է՝ չի ստորագրվում։ Իրավիճակը ներկայացնում է «Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորման» խորհրդի անդամ, «Ազատազէն» ռազմակրթական ՀԿ Խորհրդի նախագահ Իշխան Գևորգյանը․
«Իրավիճակն այն կետում է, որ դեռ հնարավոր չէ առաջին անգամ զենք գնել, որովհետև քննության տեղն այդպես էլ չի հստակեցվել։ Զավեշտալի խնդիր կա, որ օրենքի փոփոխությունը, որ արեցին, որի հիման վրա պետք է ոստիկանությունը 15 օր հետո քննություն տալու ձևը սահմաներ, պարզվում է՝ պետք է նախագահի ստորագրությամբ ուժի մեջ մտնի, ինչը երևի արդեն 10-ից ավելի օր է չի եղել։ Շատ զարմանալի է՝ կառավարությունը օրենքի վրա գրում է «անհապաղ ընդունել», ուղարկում է խորհրդարան, որ էնտեղ էլ արագ ռեակցիա տան, համեմատաբար արագ ռեակցիա են տալիս, ու 10 օրով քնեցվում է օրենքը։ Դեռ ստորագրությունից հետո լիքը գործ կա, ու ժամկետն անհայտ է, թե երբ կլինի․ ոչ իշխանություններն են կարողանում ասել, ոչ մենք ենք կարողանում գուշակել, թե ՀՀ քաղաքացին, երբ կկարողանա գնել իր առաջին զենքը, իսկ դա անել ցանկացող մարդիկ շատ են»։

Կարդացեք նաև՝ Օրենքի ուժով զենք կրել կարելի է, մյուս օրենքի բացակայությամբ՝ ոչ
Հիշեցնենք՝ ուժի մեջ մտած օրենքը հնարավոր չէր կյանքի կոչել, քանի որ այն առաջին անգամ զենք գնել պատրաստվողներին պարտադրում էր քննություն հանձնել ռազմամարզական կազմակերպություններում։ Քանի որ այդ կազմակերպությունների գործունեությունը սահմանող օրենք չէր ընդունվել, քննություն հանձնելը և հետևաբար նաև զենք գնելն անհնար էր դառնում։ Կառավարությունը խորհրդարանին առաջարկեց ընդունել նոր նախագիծ, որով քննություն հանձնելու վայրի պահանջը հանվում էր։ Ենթադրվում էր, որ անհետաձգելի համարված օրենքի ընդունումից 15 օր հետո ՆԳ նախարարի հրամանով կսահմանվի քննություն հանձնելու նոր կարգը։
Օրենքի ստորագրման հապաղումը մտահոգում է առաջին անգամ զենք ձեռք բերել պատրաստվող մարդկանց, օրինակ՝ Արևիկ Պետոյանին։ Մասնագիտությամբ որակի ապահովման ավտոմատացման ինժեներ է, անդամակցում է «ՈՄԱ» կազմակերպությանը, «Ազատազէն»-ի աջակից անդամ է․
«Իմ շատ ընկերներ պատերազմից վերադառնալուց հետո զենք են ձեռք բերել զենքեր և սկսել են պատրաստվել ու մարզվել։ Այդ ժամանակից ինձ մոտ էլ են մտքեր առաջացել, որ ես էլ զինվեմ։ Բայց այդ ժամանակ կային որոշ խնդիրներ թե՛ ֆինանսական, թե՛ հստակ որոշումն ունենալու առումով։ Երբ արդեն հստակ էր, որ կարող եմ ձեռք բերել, այդ ժամանակ արդեն նոր օրենքի մասին քննարկումները գնում էին, և իմ ընկերների մի մասը խորհուրդ տվեց սպասել օրենքի ընդունմանը, որ քննական կարգով իմ գիտելիքները ստուգելու միջոցով ձեռք բերեմ զենք գնելու իրավունքը»։
Զենքի գումարը հավաքած, այն գնելու որոշումը վերջնականորեն ընդունած մարդն այժմ սպասում է, որ օրենքով իրեն տրված իրավունքը կարողանա իրացնել։ Զենքն իրեն պետք է քաղաքացիական կյանքում ավելի ապահով լինելու և էլ ավելի հեռահար նպատակներով․
«Սկսած հոբբիով, կրակելով, որն ուղղակի ժամանցի տարբերակ է։ Երկրորդ հերթին ինքնապաշտպանությունը․ եթե ես ապրում եմ մենակ, ու իմ տուն մտնում են հանցագործներ, ես կարողանամ ինքնապաշտպանվել։ Եվ երրորդ հերթին գալիս, հասնում ենք այն օրհասական կետին, որ մենք ապրում են ՀՀ–ում, որտեղ ամեն օր, ամեն պահի կարող է պատերազմ սկսվել, իսկ պատերազմին պետք է պատրաստված լինել։ Պարզ է՝ չեմ կարող այդ զենքով մեկնել առաջնագիծ ու պատերազմին մասնակցել։ Բայց այդ զենքով պատրաստվելով, դրան տիրապետելով, դրանից օգտվելու կանոնները իմանալով՝ եթե անհրաժեշտություն կլինի պատերազմի դաշտում հայտնվելու, ավելի գիտակից կլինեմ, ու իմ անզգուշության ու անգրագիտության պատճառով իմ կողքի մարտական ընկերը չի տուժի»։

Կարդացեք նաև՝ 1.5 տարի քննարկված, 1.5 ամիս գործող օրենքը փոխվում է, որ գործի
Իշխան Գևորգյանն ասում է՝ ժամանակը շատ սուղ է։ Սա զենք ձեռք բերել պատրաստվող մարդկանց քմահաճույքը չէ։ Նրա կարծիքով՝ խնդիրն անվտանգային է․
«Որ պատկերացնեք՝ 3 տարի առաջվա ՄՈԲ–ի խնդիրը, որը նաև պարտության պատճառներից մեկն էր, մոտավոր նույն ձևով կա հիմա։ Իմ շրջապատում, որտեղ հիմնականում ավելի պատրաստակամ, 25-օրյա հավաքներից չխուսափող մարդիկ են, մի քանի տոկոսն է, որ մասնակցել է նման զորավարժությունների ու կարելի է համարել՝ որոշակի գիտելիքներ ունի։ Ազգը ինչպես 20 թվականին էր վերջին անգամ 10 տարի առաջ մարզված եղել, հիմա էլ մոտավորապես նույն վիճակում է, ու եթե հերթական սրացումները դառնան պատերազմ, ունենալու ենք նախորդին բավականին նման վիճակ․ ընկնելու ենք ճարենք մեր կասկաները, բրոնիկները, ջոկատներ կազմենք»։
Այս թեմային «Ռադիոլուր»-ի նախկին անդրադարձերի ժամանակ զրուցակիցներս նշել էին՝ հապաղման դեպքում ակցիաներ են կազմակերպելու, պահանջելու են խնդրի անհապաղ լուծում։ Այս զրույցի ժամանակ Իշխան Գևորգյանն ասում է՝ այս տարբերակը ևս կիրառել չեն կարող․
«Չեմ պատկերացնում՝ ինչ պետք է անենք, նախագահի դեպքը լրիվ թևաթափ է արել, մեր երկրի իշխանության տարբեր թևերը իրարից տեղյակ չեն, չի կարող կառավարությունը մի բանը անհապաղ ուզել ու դա 10-ից ավել օր չստորագրվի։ Հենց հիմա մարդիկ փողոցներ են փակում Արցախի հարցով, լուրջ խնդիր կա, ու կոնկրետ ես չեմ ուզի հանրային ինչ–որ միջոցառումով էդ հարցից շեղեմ, մի տեղ պայքարենք զենքի համար։ Եթե երեկ դա տարբերակներից մեկն էր, որ արժեր անել, այսօր արդեն մեկը ես համաձայն չեմ, չի կարելի տենց մեծ խնդիրներից հանրությանը շեղել ու սենց «չգիտենք՝ ինչ անենք» վիճակ է։
Զենք գնել պատրաստվողներն այս պահին սպասելուց բացի ոչինչ անել չեն կարող։ Սակայն շեշտում են՝ սպասման ամեն օրը բարդացնում է իրավիճակը։ Այնուամենայնիվ ակնկալում են, որ օրենքի կատարումն ապահովելուց հետո հաջորդ փոփոխություններն ու ռազմավարական կազմակերպությունների մասին կետն օրենք վերադարձնելն ավելի արագ կկազմակերպվի։




