
Մ6՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագիրը մեկնարկել էր 2018-ին: Նախատեսված էր հիմնանորոգել և վերակառուցել Հայաստանը Վրաստանին կապող Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման շուրջ 90 կմ ընդհանուր երկարությամբ միջպետական ճանապարհը: Առաջին փուլում կառուցվել էր ճանապարհի շուրջ 38 կիլոմետրանոց հատվածը: Տարբեր պատճառներով ձգձգվում էին մոտ 52 կմ երկարությամբ հատվածի ավարտական աշխատանքները: Ծրագրի 2-րդ փուլը կյանքի է կոչվել կառավարության և Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ:
Վարդգես պապն ամեն օր անցնում է Մ6 միջպետական ճանապարհի Ալավերդի-Վանաձոր հատվածը: Նորոգումից հետո ճանապարհի որակը լավացել է․ մի քիչ նեղ է մեծ մեքենաների համար, բայց դե տեղանքն էլ կապ ունի՝ ասում է։
«Լավն ա, որակը լավն ա, բայց նեղ ա, մեծ գռուզավիկները գնում են, տեղ չի լինում, բայց ճամփեն լավն ա»:
Մ6՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհն սկսվում է Վանաձոր քաղաքից, Լոռու և Տավուշի մարզերի 33 համայնքներով հասնում մինչև Բագրատաշենի սահմանային անցակետ: Այն ծառայելու է ընդհանուր թվով շուրջ 170 000 բնակչի՝ չհաշված ծանրաքարշ բեռնատարները:

Միջպետական այս մայրուղու հիմնանորոգման մեկնարկը տրվեց 2018-ին՝ ասում է շինարարության պատվիրատու, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը: 1-ին լոտը՝ մոտ 38 կիլոմետր երկարությամբ, ավատվեց 2018-ին: Ձգձգվեց շուրջ 52 կիլոմետրանոց 2-րդ լոտի շինարարությունը, որն ընդգրկում է Թումանյան –Բագրատաշեն հատվածը. քովիդ, պատերազմ, մրցույթների ու տեխնիկական հարցեր, նախագծերի փոփոխություններ: Թումանյան- Բագրատաշեն հատվածի շինարարությունն արդեն ավարտված է: Այն շուրջ 18 մլրդ դրամ է արժեցել պետության վրա: Որակական ցուցանիշներով 3-րդ կարգի ճանապարհ է՝ 90 կմ-ժամ արագությամբ՝ ասում է դեպարտամենտի տնօրենը։
Գոռ Ավետիսյան, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն
«Վերջապես ունենք շատ լավ, բարձր որակի անվտանգ ճանապարհ, որն այս պահին մեր հիմնական կապող ճանապարհն է դեպի Վրաստան, ՌԴ և դեպի Սև ծով, ԵՄ: Փաստացի՝ ամենածանրաբեռնված անցակետն անցնում է Մ6 միջպետական ճանապարհով: Ժամանակի առումով փաստացի մոտավոր 15 րոպեի կրճատում ունենք»:

Բարձրաստիճան հյուրերն ու ֆինանսական աջակից Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչները՝ բանկի տարածաշրջանային տնօրեն Պաոլո Սպանտիգատիի գլխավորությամբ, անցնում են ճանապարհով, ծանոթանում արված աշխատանքներին: Ճանապարհային դեպարտամենտի տնօրենն առանձնացնում է մակաֆերի տեսակի ցանցերը, որոնցով պատվել են ճանապարհի մի շարք սողանքավտանգ հատվածներ՝ անվտանգության և քարաթափումները կանխելու նպատակով: Տեղ-տեղ հարթեցվել են զառիթափ շրջադարձերը: 10-15 մետրով լայնացվել են ճանապարհի մի շարք հատվածներ՝ ապահովելու միջպետական տարանցիկ բեռնափոխադրումներ իրականացնող ծանրաքարշ մեքենաների անվտանգ երթևեկը:
Գոռ Ավետիսյան. «Նախկինում բավական վտանգավոր ճանապարհ ունեինք: Այս պահին բավական անվտանգ է, մոտավոր 35 000 քմ մակերեսի վրա մակաֆերի կոչվող տեսակի ցանցեր ենք կիրառել, որոնք պաշտպանում ենք քարաթափումներից»:

«Ալավերդու տարածաշրջանի համայնքների խնդիրներն իմ ուշադրության կենտրոնում են»,- «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը: Նրա դիտարկմամբ՝ բացի այն, որ տարածաշրջանի բնակիչներն այսուհետ ավելի քիչ ժամանակում կանցնեն ճանապարհը, այն նաև կխթանի զբոսաշրջության զարգացումը:
Արեն Մկրտչյան, ԱԺ պատգամավոր. «Առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետությունը 1 մլն. տուրիստ է ընդունել, և այդ հոսքը նկատվում է հատկապես այս հատվածում, որովհետև բացի միջպետական ճանապարհից, նորոգվել է Մ6-Հաղպատի վանական համալիր, Մ6-Սանահին տանող ճանապարհը: Այս պահին գոնե Թումանյանի հատվածում գրեթե չունենք ճանապարհներ, որոնք հիմնանորոգման ենթակա են»:
Դեպի Լոռի տուրիստական հոսքերի ավելացման հետ մեծ հույսեր է կապում նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը: Շինարարությունը շատ դժվար փուլերով իրականացվեց՝ ասում է Գնել Սանոսյանը: Նրա խոսքով՝ ռազմավարական նշանակության այս ճանապարհի կառուցումը մեծապես նպաստելու է Հայաստան-Վրաստան տնտեսական կապերի աշխուժացմանը:

Գնել Սանոսյան, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար. «Բազմաթիվ խոչընդոտներ են եղել՝ օտարումների, բուն շինարարության հետ կապված, հաճախ առաջ են եկել դժվարություններ, որոնք նախագծողները չեն կանխատեսել: Բազմաթիվ հատվածներում այդպիսի լայնացումներ, ժառերի պայթեցումներ, գրունտի հեռացումներ են տեղի ունեցել : Այն, ինչ կանխատեսվել է ժամանակին, որ այս ճանապարհը տնտեսապես շատ էֆեկտիվ է լինելու, երթևեկի այն ինտենսիվությունը, որ ունենք այստեղ, գալիս է ապացուցելու, որ այդ հաշվարկները ճիշտ էին»:
Կիսելով նախարար Սանոսյանի կանխատեսումներ՝ Լոռու մարզպետը ևս այս ճանապարհն առանձնակի կարևորում է մարզի զբոսաշրջային հեռանկարների տեսակետից: Մարզում, ասում է, շարժը կավելանա, մարդիկ կմնան իրենց բնակավայրերում, բիզնես կբացեն:
«Զբոսաշրջությանը կարող է խթանել, որ հեշտ երթևեկեն, գնան հյուրատներ, մշակութային վայրեր»:
Այժմ ընթացքի մեջ են Օձունի խաչմերուկի 610 մետր հատվածի հիմնանորոգումը՝ պետբյուջեի 1 մլրդ դրամ գումարով, ինչպես նաև դեպի Սանահին հատվածի շինարարությունը՝ շուրջ 6 մլն դոլար արժեքով:




