
Երասխի մետաղագործական գործարանը, չնայած ադրբեջանական տարբեր ոտնձգություններին, շարունակում է կառուցվել։ Աշխատանքները նույն ինտենսիվությամբ չեն ընթանում, բայց դադարեցված չեն՝ ասում է «Ռադիոլուրի» զրուցակիցը։
Բաքուն նորից թարմացրել է մետլուրգիական գործարանի՝ այսպես կոչված բնապահպանական վտանգի թեման՝ հայտարարելով, թե պաշտոնապես դիմել է Հայաստանին՝ Նախիջևանի սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա՝ Երասխում կառուցվող խոշոր մետալուրգիական գործարանի շինարարությունը դադարեցնելու պահանջով։
Շշրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության մասին Բաքվի հայտարարություններն անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը՝ ասում է «Ռադիոլուրի» զրուցակիցն ու տարակուսում՝ հայկական Երասխը գործարանին ավելի մոտ է, քան Նախիջևանը, իսկ մեր բնակչությանը թունավորելու մտադրություններ չունենք։
Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ գրել էին, որ Բաքուն «Սահմանային կոնտեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կոնվենցիայի» շրջանակում պաշտոնական ընթացակարգ է նախաձեռնել և պահանջում է դադարեցնել գործարանի շինարարությունը, մինչև հստակեցվի դրա շահագործման հնարավոր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանել է․
«Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարը Հայաստանի շրջակա միջավայրի նախարարին գրությամբ որևէ պահանջ չի ներկայացրել։ Որևէ խողովակով մենք նման գրություն կամ նամակ չենք ստացել»։
Ավելի վաղ նախարարությունը ծավալուն պարզաբանում էր ներկայացրել Բաքվի հիշատակած կոնվենցիայի վերաբերյալ ու մանրամասն բացատրել՝ նախատեսվող գործունեությունը սև մետաղի ջարդոնի վերամշակումն է, ինչն ընդգրկված չէ Կոնվենցիայի գործունեության տեսակները սահմանող Հավելվածում։
Նախարարությունը մասնագիտական հիմնավորումներով պարզաբանել էր, որ գործարանի շահագործմամբ օդի, ջրային ու հողային ռեսուրսների վրա բացասական ազդեցությունը բացառվում է։
Այս հիմնավորումները Բաքվի բնապահպանական վախերը չեն փարատում ։ «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների» ստորագրած հերթական բաց նամակում էլ խոսվում է «բնապահպանական լուրջ ճգնաժամի մասին՝ պայմանավորված Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող գործունեության տարածաշրջանային և գլոբալ բնապահպանական ազդեցությամբ»։
Նամակում տեղ գտած պնդումներն ակնհայտ սուտ են՝ հայտարարում է Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունն ու հիշեցնում, որ առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը Հայաստանի դեմ կեղծ մեղադրանքներ է ներկայացնում։ Նախ՝ նամակում տեղ են գտել անհայտ անվանմամբ հանքավայրեր, բացի դրանից շեշտադրվում է Հայաստանի սահմաններից դուրս եկող ջրերի որակի խնդիրը։ Նախարարությունը պարզաբանել է։
«Հայաստանի սահմաններից դուրս եկող ջուրը համապատասխանում է միջազգային նորմերին։ Սա ապացուցվել է դեռևս տարիներ առաջ, երբ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը Հուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (NATO) աջակցությամբ 6 տարի շարունակ, 40 ցուցանիշների մասով ուսումնասիրություններ է կատարել սահմանային կետերում՝ կիրառելով ծրագրի շրջանակում հարևան երկրների հետ համատեղ ընդունված նույն մեթոդաբանությունը»։
Ադրբեջանական կողմն անընդհատ պատճառաբանում է, որ մետաղի մշակումը կարող է աղտոտել Արաքսը։ Գործարանի ներկայացուցիչ Տիրան Հակոբյանն ավելի վաղ նշել էր, որ գործարանի աշխատանքները որևէ կերպ չեն ազդելու գետի ջրերի վրա։
«Մենք գտնվում ենք մոտ 6 կմ հեռավորության վրա և ջուրն օգտագործում ենք մակերևութային ջրերը՝ փակ ցիկլով: Այսինքն՝ ջուրը մեր մոտ սպառվում է միայն գոլորշիացման տեսքով: Եվ շրջակա միջավայրի նախարարությունը, և՛ անկախ փորձագետներն այդ մասին շատ մանրամասն հաղորդագրություններ են տարածել։ Ջրից բացի արտադրական ծավալներով մենք ընդհանրապես չենք հասնում Էսպոյի կոնվեցիայով կարգավորվող ծավալներին»:
Երասխի գործարանը ոչ միայն բնապահպանական, այլ նաև իրական կրակոցների թիրախում է։ Երասխի ուղղությամբ 2023 թվականի հունիսից ադրբեջանական զինուժի գնդակոծությունների հետևանքով մարդու իրավունքների շարունակական խախտումների վերաբերյալ բարձրաձայնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։ Ըստ օմբուդսմեն Անահիտ Մանասյանի՝ ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով խախտվել են խաղաղ բնակչության կյանքի, հոգեկան և ֆիզիկական անձեռնմխելիության, սեփականության, կրթության, աշխատանքի, ձեռնարկատիրությամբ զբաղվելու և մի շարք այլ հիմնարար իրավունքներ։
Թիրախային գնդակոծաության է ենթարկվել գործարանը, ինչի հետևանքով վիրավորում են ստացել գործարանի շինաշխատանքներում ներգրավված Հնդկաստանի երկու քաղաքացի։ Կրակոցների հետևանքով դադարեցվել է Երասխի դպրոցում ընթացող քննությունը, աշակերտներն ու ուսուցիչները տարհանվել են դպրոցից։
«Եվս մեկ անգամ արձանագրում եմ, որ ադրբեջանական զինված ուժերը խաղաղ բնակչությանը շարունակաբար ահաբեկելու և նրանց շրջանում տագնապ առաջացնելու նպատակ են հետապնդում»:
Պաշտպանն ընդգծել է, որ ՀՀ ինքնիշխան տարածքի՝ Երասխի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի իրականացրած գործողությունները, որոնք նպատակ են հետապնդում ահաբեկել, վախեցնել քաղաքացիական բնակչությանը, խոչընդոտել նրանց իրավունքների պատշաճ իրացմանը, ակնհայտ անօրինական են և հակասում են միջազգային իրավունքին։




