
Հայաստանի նախագահը Քեսաբի իրադարձություների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես գալում միջուկային անվտանգությանը նվիրված Հաագայի գագաթաժողովում։ «Քիչ անց նախագահ Սերժ Սարգսյանը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ Հաագայի համաժողովների կենտրոնում հանդես կգա մամուլի համար հայտարարությամբ», Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը։
Այսօր Հաագայում մեկնարկում է միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովը, որին մասնակցելու նպատակով նախօրեին Նիդեռլանդների մայրաքաղաք է մեկնել նախագահ Սերժ Սարգսյանը։
Սիրիայի հայաշատ Քեսաբ քաղաքի վրա Թուրքիայի կողմից գրոհայինները հարձակում էին սկսել ուրբաթ օրը։ «Սիրիայի հայաշատ Քեսաբը հայաթափվել է, զինյալ ընդդիմադիրներն արդեն գրավել են գյուղաքաղաքը և տարածվում են շրջակա այլ հայաբնակ գյուղերի ուղղությամբ»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում հայտնել է «Ազատ-Հայ» և «Միջին Արևելք» կայքերի խմբագիր Հրաչ Քալսահակյանը: Նրա խոսքով՝ Քեսաբի ամբողջ հայությունը ստիպված է եղել լքել իր հայրենի բնակավայրը և ապաստանել ծովափնյա Լաթաքիա քաղաքում, շատերն իջևանել են իրենց ազգականների կամ բարեկամների տներում, իսկ որոշ մասն ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու շրջաբակում:
«Այսպիսով՝ հարյուրավոր հայ ընտանիքներ ստիպված հեռացել են Քեսաբից, այդ թվում՝ նաև այլ շրջաններից եկած որոշ թվով հայ ընտանիքներ, որոնք Քեսաբում ապաստան էին գտել վերջին երկու-երեք տարիներին»,-ասել է նա՝ հավելելով, որ հայերի մեջ զոհեր կամ վիրավորներ չկան: Քալսահակյանը տեղեկացրել է, որ Քեսաբում մնացել են որոշ մարդիկ, ում ճակատագիրը հայտնի չէ, քանի որ առայժմ հնարավոր չէ նրանց հետ կապ հաստատել:




