Վերնատուն

Հանրային ռադիոյի «ձայնային մատենադարանը»․ «Վերնատուն»

Հանրային ռադիոյի ձայնային արխիվը ամենահզորն է Հայաստանում։ «Ձայնային մատենադարան. այստեղ մեր երաժշտության, կրթության, մշակույթի հիմքն է», – ասում է Հանրային ռադիոյի արխիվի ղեկավար և թվայնացման պատասխանատու Արթուր Իսպիրյանը։

Արխիվը նոր տեխնոլոգիաներով սկսել է թվայնացվել 2016 թվականից։ Այն սկսել է համալրվել 1954 թվականից․ ռադիոթատրոններ, ելույթներ, համերգներ և այլն: Մինչ այդ մեր կոմպոզիտորներն ու երաժիշտները ձայնագրվել են Մոսկվայում, Լենինգրադում, Թիֆլիսում՝ ասում է Արթուր Իսպիրյանը։ 1996– 2017 թթ․արխիվը գրեթե չի համալրվել։

«Այս 4–5 տարվա ընթացքում 17 000–ից ավելի ձայնագրություն եմ լսել սկզբից մինչև վերջ։ Ինձ համար ամենաբացառիկներից մեկը 1956 թ․-ի «Անուշ» օպերայի կենդանի ձայնագրությունն է՝ օպերային դահլիճում ծանր, տոննաների քաշ ունեցող սարքով ձայնագրված, Հայկանուշ Դանիելյանի և Շարա Տալյանի կատարումներով։ Բացառիկներից է նաև Իսահակյանի ձայնը, երբ նա պատմում է, թե ինչպես է հանդիպել Չարենցին Վենետիկում։ Յյուրաքանչյուր ձայնագրություն իր պատմությունն ունի, իր հոգին ունի։ Անուններ, որ մեր նոր սերունդը, երիտասարդները երբևէ չեն լսել, հետաքրքիր, «արևոտ» երաժշտություն, բարձր պրոֆեսիոնալիզմ։ Ես հպարտանում եմ մեր անցյալով»,– ասում է Արթուր Իսպիրյանը։

Հանրային ռադիոյի արխիվը սկսել է թվայնացնել նաև օրիգինալ նոտաները՝ կոմպոզիտորների ձեռագրով։ Սա շատ կարևոր է հատկապես սփյուռքի, հայաստանյան կրթական հատատությունների, երաժշտական դպրոցների համար, քանի որ, ինչպես Իսպիրյանն է ասում, «օրիգինալ նոտաների սով կա», ու այսօր շատ են աղավաղումներն ու կոմպոզիտորների ստեղծագործությունների խեղաթյուրումները։

«Արխիվ ասելով՝ հիմա հասկանում ենք նոր ձայնագրություններ, որտեղ շատ կարևոր կոմպոզիտորներ, խմբեր, երաժիշտներ են ձայնագրվում ռադիոյի ստուդիայում։ Իսկ այս տարի օգոստոսին ավարտվում է երաժշտական արխիվի թվայնացումը», – ասում է Իսպիրյանը։ Հանրային ռադիոյի արխիվը անվճար հասանելի է յուրաքանչյուրին՝ armradioarchive.am հասցեով։

Back to top button