Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Լույսը բացվի, կինս ու մայրս իմանան զոհվել եմ, ո՞նց են դրանից հետո շարունակելու ապրել․ Վարդան Վարդանյան․ «Կյանքին ասել այո՛»

Վարդան Վարդանյանը ծնվել է 1991 թվականին Մեղրիում։ Ավարտելով ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը 2012-ին զորակոչվել է բանակ, ծառայել Վանաձորում։ 2014 թվականի դեկտեմբերից աշխատել է Մեղրու զինկոմիսարիատում որպես զորահավաքային տեսուչ։ 2018-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հինգամսյա դասընթացներն անցնելով վերապատրաստվել է որպես հրետանավոր սպա ու ծառայության անցել Ագարակի զորամասում։

Նույն թվականին ամուսնացել է ։ Կոչումով լեյտենանտ Վարդան Վարդանյանը 44-օրյային կռվել է Ջրականի շրջանում։ Հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը ծանր վիրավորում է ստացել ԱԹՍ-ի հարվածից։ Ձախ ձեռքից ու գլխից բացի տուժել էին մարմնի գրեթե բոլոր հատվածները։ «Մի պահ չէի կարողանում շնչել, կարծես համակերպվում ես մահվան հետ, ու միտք է գալիս, որ լույսը բացվի կինս, մայրս իմանան զոհվել եմ, ոնց են դրանից հետո շարունակելու ապրել, ու այդ միտքը ինձ նորից կյանք է տալիս»,-պատմում է Վարդանը։

Ողնուղեղային վնասվածքի պատճառով չի կարողանում քայլել, բայց անգամ սայլակով նա այսօր ոչ միայն ինքնուրույն տեղաշարժվում է, այլև պարում Զինվորի տան պարի խմբում։ Նաև աշխատում է Զինվորի տան «Գեղեցկություն զինվորներից» նախագծում, որտեղ թիթեռներով գեղեցիկ կոմպոզիցիաներ են պատրաստում ու վաճառում։ «Կարևոր չէ ֆիզիկապես ինչ վիճակում ես, պետք է կյանքին նայել գեղեցիկ ու իրատես հայացքով»,-համոզված է Վարդանը։

Back to top button