
Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի առկա վիճակից բողոքում են ոչ միայն ուղևորները, այլ նաև ուղևորափոխադրողները: Վերջիններս այսօր հրավիրված մամուլի ասուլիսում կրկին դժգոհել են ուղեվարձի գործող 100 դրամ սակագնից և պնդել են դրա բարձրացման անհրաժեշտության մասին, հակառակ պարագայում ոլորտում զբաղվող ընկերությոնները կարող են լուծարվել, դրանց մի մասը արդեն իսկ սկսել է սնանկացման գործընթացը:
Մինչև վերջերս մայրաքաղաքում չէր գործում 23 երթուղի, օրերս նրանց թիվը ավելացավ ևս 7-ով, այսօր հայտարարեց ՀՀ փոխադրող ընկերությունների միության անդամ Հրանտ Եղիազարյանը։ Առկա պայմաններում շատ երթուղիներ կորցնում են իրենց եկամտաբերությունը ինչպես ուղևորների պակասի, այնպես էլ վառելիքի, պահեստամասերի և այլ ծախսերի զգալի ավելացման պատճառով։ Արդյունքում՝ ընկերությունները փակում են ոչ եկամտաբեր երթուղիները՝ կենտրոնանալով դեռ գումար բերող գծերի շահագործման վրա:
Հրանտ Եղիազարյանը նշեց, որ ոլորտը կաթվածից փրկելու համար դիմել են երկրի իշխանություններին, քաղաքապետին: Արդեն ապրիլի 4-ին կգումարվի քաղաքապետարանի հատուկ հանձնաժողովի նիստը, որից ուղևորափոխադրողները մի ակնկալիք ունեն՝ ուղևարձի թանկացման վերաբերյալ որոշման ընդունում։ Ողևորափոխադրողների համար ընդունելի է 150 դրամ ուղևարձ և քաղաքային բյուջեից 50 դրամ համավճար սկզբունքը։




