
Փաստաբանական համայնքն օրը սկսել է բողոքի հերթական ակցիայով։ Չորս ամսվա ընթացքում փաստաբանների նկատմամբ բռնության երկու դեպք է արձանագրվել․ այս ցուցանիշը բացառիկ է Հայաստանի համար՝ պնդում են փաստաբաններն ու արձանագրում՝ շարունակելու են բողոքի ակցիաները, քանի դեռ դեպքերը պատշաճ արձագանք չեն ստացել։ Հերթական ակցիայի թիրախում ոստիկանապետն է․ փաստաբանները Արամ Հովհաննիսյանին «փաստաբանության թշնամի» են հռչակել՝ մասնավորապես Կարեն Ալավերդյանի նկատմամբ բռնության դեպքին, իրենց խոսքով, ոչ պատշաճ արձագանքելու համար։ Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանն ասում է՝ ոստիկանապետի «լռությունը» կարող է դիտվել որպես փաստաբանների նկատմամբ բռնության խրախուսում։
«Բնականաբար, մենք փորձում ենք բողոքի ակցիաներով պետական մարմինների ուշադրությունը գրավել ու որոշակի խնդրի լուծում ակնկալել։ Հիմա օրինական ճանապարհով այս ճնշման նպատակը պատասխանատու մարդկանց ուշադրությունը գրավելն է»,– ասում է Զոհրաբյանը։
Փաստաբանական համայնքի զայրույթի հիմնական շարժառիթը հունիսի 7-ի միջադեպն է, երբ փաստաբան Կարեն Ալավերդյանը ոստիկանության բաժանմունքում փորձել էր կանխել իր պաշտպանյալի նկատմամբ բռնությունը և ինքն էր բռնության ենթարկվել։ Դեպքից միայն մեկ ամիս անց ԱԱԾ–ն հաղորդագրություն տարածեց, որ քրեական հետապնդում է հարուցվել ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական բաժանմունքի պետի ու նրա տեղակալի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել պաշտոնավարման կասեցումը: Փաստաբան Կարեն Ալավերդյանը հաստատում է՝ հենց այս ոստիկաններն են իր ու իր վստահորդի նկատմամբ բռնություն կիրառել։
«Ինչպես կարելի էր հասկանալ տարածված հաղորդագրության ենթատեքստերից, այս գործընթացը շարունակական է լինելու և քաղաքացու նկատմամբ խոշտանգում ու բռնություն կիրառած բոլոր ոստիկանների արարքներին լիահույս ենք, որ կտրվի համապատասխան գնահատական։ Իսկ իմ գործին վերաբերող հաղորդագրությունը, կարծում եմ, լիարժեք չի արտահայտում ներկայացված մեղադրանքի ողջ ծավալը, հիմա միջոցներ ենք ձեռնարկում մեղադրանքի՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշումը ստանալու ուղղությամբ, դրանից հետո ամեն ինչ ավելի պարզ կլինի»,– մանրամասնում է Ալավերդյանը։
Այժմ բռնություն գործադրած ոստիկաններն իրենք փաստաբանի կարիք ունեն․ փաստաբան Գոռ Գևորգյանը շեշտում է՝ սա լավ առիթ է փաստաբանների աշխատանքի կարևորությունն ամրագրելու համար։
«Յուրաքանչյուր անձ ունի պաշտպանության իրավունք և յուրաքանչյուր անձ ունի նաև փաստաբան ունենալու իրավունք երբ պետական մարմինների կամ ուժային կառույցների կողմից հարկադրանքի միջոց է կիրառվում իրենց նկատմամր։ Հիմա իրենք ինչպես են ռեալիզացնելու իրենց պաշտպանված լինելու իրավքւոնք երբ կարճ ժամանակ առաջ հենց իրենք էին բռնություն գործադրում մեկ այլ անձի պաշտպանությունն իրականացնող փաստաբանի նկատմամաբ»,– ասում է փաստաբանը։
ԱԱԾ հայտարարությունն ու կիրառված խափանման միջոցը փաստաբանները դրական տեղաշարժ են որակում, սակայն բավարար չեն համարում բողոքի ակցիաները դադարեցնելու համար։
«Չնայած մի մարմին իրեն իրավաչափ դրսևորեց ու պաշտոնավարումը դադարեցրեց, բայց մինչև վերջ ոստիկանության պետը մնաց անդրդվելի ու այդ անդրդվելի կեցվածքով խրախուսեց փաստաբանների նկատմամբ կատարվող բռնությունը»։
Փաստաբանների հերթական բողոքի ակցիան եզրափակվեց Ներքին գործերի նախարարությանում, որտեղ ՆԳ նախարարն ու ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը փաստաբաններին հրավիրեցին հանդիպում–քննարկման։ Առաջիկայում հուշագիր կստորագրվի ու փաստաբաններից և ոստիկաններից կազմված հանձնախումբ կձևավորվի, որը նմանատիպ դեպքերում արագ արձագանք կտա՝ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արա Զոհրաբյանը։
«Իրենք հավաստիացրին, որ ծառայողական քննությունն ուժի մեջ է, որ մեղավորները օբեկտիվ պատասխանատվություն կկրեն, հավաստիացրին, որ ամեն ինչ կանեն, որ նման դեպքեր այլևս չկրկնվեն։ Այս հանդիպման արդյունքներից գոհ ենք, քանի որ ստացանք հստակ հավաստիացումներ ու հստակ ափսոսանք այս դեպքի հետ կապված։ հավաստիացնում եին, որ իրենց սկզբից զեկուցվել է, որ նման բան տեղի չի ունեցել և դա էր անտարբերության պատճառը»,– ասում է Արա Զոհրաբյանը։
Այնուամենայնիվ, փաստաբանները շարունակում են պահանջել ոստիկանապետի հրաժարականը՝ ասում է Զոհրաբյանը։ Իսկ կշարունակ՞են նախօրեին հայտարարած եռօրյա գործադուլը, թե՞ ոչ՝ կորոշեն փաստաբանական համայնքի՝ երեկոյան հրավիրված նիստի ընթացքում։






