ԿարևորՀասարակություն

Ոստիկանություն գնալը վտանգավոր է կյանքի ու առողջության համար․ փաստաբանները շարունակում են բողոքել

Շուրջ 900 փաստաբանի անունից Փաստաբանների պալատն այսօր դիմում է փոխանցել Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին՝ պահանջելով դադարեցնել փաստաբանի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանների լիազորությունները։ Հունիսի 7-ին մասնագիտական գործունեությունը իրականացնելիս բռնության էր ենթարկվել փաստաբան Կարեն Ալավերդյանը։ Նախօրեին փաստաբանները գլխավոր դատախազության, այսօր արդեն Ներքին գործերի նախարարության դիմաց են։ Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը լրագրողների հեզ զրույցում չի բացառել, եթե փաստաբանների իրավունքները չպաշտպանվեն ու մեղավորները չպատժվեն, պատրաստ են անգամ գործադուլի դիմել։

Փաստաբանները սաղավարտով, պաշտպանական վահանով ու զրահաբաճկոնով Ոստիկանության շենքի դիմաց են․ պնդում են, որ միայն այս կերպ կարող են իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնել, քանի որ պաշտպանված չեն տարատեսակ բռնություններից։

«Իմ գործընկերներին կոչ կանեմ, որ այսպես գնան աշխատանքի ու ոստիկանական բաժանմունքներ, քանի որ ոստիկանություն գնալը վտանգավոր է կյանքի ու առողջության համար»,– ասում է փաստաբան Գևորգ Մարտիրոսյանը։

Փաստաբանական համայնքի բողոքի ակցիայի շարժառիթը հունիսի 7-ի միջադեպն է, երբ փաստաբան Կարեն Ալավերդյանը մասնագիտական գործունեությունը կատարելու ընթացքում բռնության էր ենթարկվել, այն բանից հետո, երբ փորձել էր Ոստիկանությունում միջամտել իր պաշտպանյալի նկատմամբ ոստիկանների բռնությանը։

Իրավապահները  ծեծի են ենթարկել փաստաբանին, նրա ձեռնաշղթաներ են հագցրել ու խուզարկել՝ պնդում է ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը։

«Փաստորեն փաստաբանը, ով եկել է Ոստիկանության բաժանմունք իր վստահորդի իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու ենթարկվում է բռնության․ սա արդեն երկրորդ նմանատիպ ծեծի դեպքն է 4 ամսվա ընթացքում, դեռ ավելին այս անգամ ձեռնաշղթաներ, արցունքաբեր գազ են կիրառել»։

Շուրջ 900 փաստաբան գրավոր դիմում–պահանջով դիմում է Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին՝ փաստաբանին բռնության ենթարկած ոստիկանների ու բաժնի պետի լիազորությունները դադարեցնելու պահանջով։ Արա Զոհրաբյանն ասում է՝ հետևողական են լինելու, շարունակելու են բողոքի տարաբնույթ ակցիաները՝ պատրաստ են անգամ գործադուլի դիմել։ Պայքարելու են, քանի դեռ մեղավորները չեն պատժվել։  

«Ցույց ենք տալու, որ փաստաբանական ինստիտուտը կարևոր է, և հնարավոր չէ առանց փաստաբանության արդարադատություն իրականացնել, իսկ որպեսզի փաստաբանը կարողանա վստահորդի իրավունքները պաշտպանել, ապա պետք է կարողանա անկաշկանդ գործել։ Միջազգային բազմաթիվ փաստաթղթեր կան, որոնք երաշխավորում են փաստաբանի այդ իրավունքը և պարտադրում Կառավարություններին փաստաբանի աշխատանքի համար համապատասխան պայմաններ ստեղծել»,– ասում է Զոհրաբյանը։

Եվրոպական փաստաբանների միությունը դատապարտել է հունիսի սկզբին Հայաստանում տեղի ունեցած միջադեպն ու պաշտոնապես դիմել է հանրապետության նախագահին՝ խնդրին արձագանքնելու հորդորով։ Փաստաբանների միության նախագահ Սիմոն Բաբայանն ասում է՝ ակնկալում են հանրապետության նախագահի արագ արձագանքը։

«Արդեն քանի օր է մենք խոսում ենք այս իրավիճակի մասին, բայց, ցավոք, չենք տեսնում այն ակտիվ վարույթային գործողությունները, որոնք ցույց կտային փաստաբաններին, որ այս խնդիրը երկրում իսկապես մտահոգություն է առաջացրել և մենք պաշտպանված ենք»,– ասում է Փաստաբանների պալատի նախագահը։

Փաստաբանները ստեղծված իրավիճակում պատասխանատու են համարում նաև Քննչական կոմիտեին ու գլխավոր դատախազությանը։

Ավելի վաղ Ոստիկանությունից հայտնել էին, որ հունիսի 7-ի միջադեպի առնչությամբ ծառայողական քննություն է նշանակվել, փաստաբաններին սակայն սա չի բավարարում։ Արա Զոհրաբյանը հիշեցնում է՝ տարեսկզբին տեղի ունեցած դեպքը մինչև հիմա քննության փուլում է։

«2023թ փետրվարին տեղի ունեցած առաջի բռնարարքի ժամանակ երկու փաստաբանի էին ծեծի ենթարկել և այդ դեպքից հետո երկու օպերլիազորներին հեռացրին աշխատանքից, բայց քրեական գործը քննվում է մինչև այսօր։ Այսինքն` այս կարևոր հարցով 4 ամիս է քննություն են իրականացնում, մինչդեռ նախաքննությունը կարող էր ավարտվել ու մենք այսօր եզրակացություն ունենայինք։ Հետևաբար` քննչական կոմիտեի ու դատախազության անգործությունը ոստիկանության որոշ ծառայողների համար «ահազանգ» է, որ մեզ «պահելու են» եկեք հանգիստ մեր «սև գործն» անենք»։

Փաստաբան Կարեն Ալավերդյանի դեպքի առթիվ մեկ շաբաթ առաջ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել՝ խուլիգանության, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու և դատավարությանը մասնակցող անձին վիրավորելու հոդվածներով։ Բռնության ենթարկված փաստաբանին ևս մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց է կիրառվել երկրից բացակայելու արգելքը։ Առաջադրված մեղադրանքին արձագանքելով՝ փաստաբանն ավելի վաղ պնդել էր, որ մեղադրյալի աթոռին է հայտնվել միայն այն բանի համար, որ փորձել է ոստիկանությունում իր պաշտպանյալին փրկել պարեկների ու ոստիկանների հարվածներից։ 

Կարդացեք նաև

Back to top button