

Ամառային ռազմամարզական ճամբարները հաջորդ ուսումնական տարվանից պարտադիր են լինելու 11-րդ դասարան փոխադրված բոլոր աշակերտների համար՝ բացառությամբ այն դեպքերի, երբ աշակերտը կունենա պարապմունքների հետ անհամատեղելի առողջական խնդիրներ։






ճամբարը շատ կարևոր է երեխաների համար, քանի որ նրանք գործնական հմտություններ են ձեռք բերում «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից։ Ճամբարին, հատկապես աղջիկները, մասնակցում են ավելի մեծ ոգևորությամբ։
«Տարեցտարի ավելանում է ռազմամարզական ճամբարի մասնակիցների թիվը։ Հաջորդ տարի, երբ ճամբարը դառնա պարտադիր, բնականաբար մասնակիցների թիվը ավելի շատ է լինելու։ Դա ողջունելի է։ Այս պահին ճամբարում դասավանդում են Արամ Մանուկյանի անվան ռազմամարզական վարժարանի և «Մոնթե Մելքոնյան» ռազմամարզական վարժարանի ուսուցչական կազմից», – ասում է «Արամ Մանուկյանի» անվան ռազմամարզական վարժարանի տնօրեն, ռազմամարզական ճամբարի ծրագրի ղեկավար Արկադի Պետրոսյանը։
«Ռազմամարզական ճամբարը իր նպաստն է բերում ՆԶՊ առարկայի որակապես բարձրացմանը։ Նշեմ, որ ՆԶՊ առարկայի նախ չափորոշիչն է էական փոփոխությունների ենթարկվել։ Եթե նախկինում մենք իրականացնում էինք դասընթացները լսարանային պայմաններում, այստեղ՝ ճամբարում, նոր չափորոշչով նախատեսված են գործնական պարապմունքներ և դասավանդման մեթոդներն էլ են նախատեսվում փոխվել՝ գնում ենք պարուրաձև զարգացման ուղիով։ Եվ այստեղ շատ կարևոր է մասնագետի հարցը, թե ո՞վ է ուսուցանելու ռազմամարզական ճամբարում»,–ասում է «Մոնթե Մելքոնյան» ռազմամարզական վարժարանի տնօրենի տեղակալ, ՆԶՊ առարկայի չափորոշչի հեղինակային խմբի ղեկավար Արթուր Կարապետյանը։