ԿարևորՔաղաքական

Որն է գազի փականի հետ «խաղալու» Ադրբեջանի նպատակը

Ինչո՞ւ Ադրբեջանը որոշեց վերականգնել, այնուհետև կրկին արգելափակել Հայաստանից Արցախ գազամատակարարումը․ հարցը Հայաստանի վերլուծական դաշտում տարբեր մեկնաբանություններ է ստանում։ Հիշեցնենք, որ հուլիսի 8–ին մի քանի ժամով վերսկսվեց, իսկ հուլիսի 9-ի կեսօրից կրկին դադարեցվեց Հայաստանից Արցախ  գազամատակարարումը։ Այդ ընթացքում Արցախի տեղեկատվական շտաբը պարբերաբար հաղորդագրություններ էր տարածում ՝ անսպասելի զարգացումներից խուսափելու համար։ Արցախյան կողմը պնդում էր, որ տեղյակ չէ գազամատակարարումը վերականգնելու Ադրբեջանի ծրագրերից։ Իրավապաշտպաններն ահաբեկման տարրեր էին տեսնում, իսկ բանակցություններում ներգրավված միջազգային միջնորդներից ոմանք շտապում էին ոգևորվել փաստից։

3–4 ժամով Հայաստանից Արցախ գազամատակարարումը վերականգնելու, այնուհետև կրկին խափանելու Ադրբեջանի քայլը չի բացառվում, որ կապված է պաշտոնական Ստեփանակերտին արված առաջարկի և անցանկալի պատասխանի հետ։ Այս տարբերակը շրջանառվում է Հայաստանի վերլուծական դաշտում՝ առանց հստակեցումների։

«Ես չեմ բացառում, իհարկե, ինֆորմացիայի չենք տիրապետում, բայց հավանական է։ Իսկ մենք գիտենք, որ ինչ–ինչ ազդակներ կան, որ անուղղակի ինչ–որ երկխոսություն կա, եթե կարելի է այս կերպ ասեմ»։

Քաղաքագետ Արթուր Ղազարյանի այս կարծիքի հետ չեն համընկնում Հայաստանի նախկին օմբուդսմեն, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանի վերլուծությունները։ Նա կարծում է, որ այս  քաղաքականությունը վարվում է մարդկանց մեջ անորոշություն ու տագնապ տարածելու համար: Ժամկետի ընտրության հարցերը առավել քան կանխատեսելի են՝ ըստ քաղաքագետ Արթուր Ղազարյանի․

«Որովհետև այս օրերին մենք տեսնում ենք նաև, որ կրկին ՌԴ–ն, ԵՄ–ն Բերձորի միջանցքի հարցին են անդրադառնում, և փաստորեն, սրանով Բաքուն փորձում է և՛ Արցախի իշխանություններին, և՛ Եվրոպային, և՛ Ռուսաստանին հասկացնել, որ նման հարցեր մի բարձրացրեք, դա իմ «ներքին» հարցն է, ինչպես ցանկանամ, այնպես էլ կվարվեմ «իմ քաղաքացիների» հետ»։

Պայմանականորեն, «գազային փական»՝ ադրբեջանական հերթական  խաղից՝ հուլիսի 6–ից հետո, երբ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու վերաբերյալ Հայաստանի դիմումի առնչությամբ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատեց փետրվարի 22–ի որոշման չկատարումը։

Ադրբեջանական կիսաքայլը, սակայն, ոգևորեց  արևմտյան որոշ գործիչների։ Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի՝ մի քանի ժամով Արցախի գազամատակարարումը վերականգնելու առնչությամբ թվիրթերյան գրառումը տարօրինակ էր թվացել անգամ Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյին։ Նա իր զարմանքն էր հայտնել Կլաարի գրառման մեկնաբանություններում  և անգամ, կարելի է ասել, հեգնել․ «Լավ է կարդա՞լ, թե՞ պետք է գործել»՝ գործընթացում գործնական քայլերի մասին է ակնարկել Լուազոն։, նաև զարմացել, թե ինչու ադրբեջանական «Խանքենդին» պետք է պարտադիր օգտագործվի արցախյան Ստեփանակերտից առաջ։

Այս, եթե կարելի է ասել, «գրառումակռվից» հետո Կլաարը ևս մեկ գրառում է արել Թվիթերում՝ նշելով․ «Խոստումով սկսված օրը կրկին ավարտվեց հիասթափությամբ: Ինչպես բազմիցս վերահաստատվել է ԵՄ-ի կողմից, չափազանց կարևոր է, որ էներգիայի աղբյուրների հոսքը վերականգնվի առանց սահմանափակումների, ինչպես նաև՝ մարդկանց և ապրանքների տեղաշարժը Լաչինի միջանցքով: Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը պետք է սկսվի բռնությանը այլընտրանք առաջարկելու, խիստ անհրաժեշտ վստահություն ձևավորելու և արժանապատվություն ապահովելու նպատակով: ԵՄ-ն անհամբեր սպասում է առաջիկա եռակողմ հանդիպմանը Բրյուսելում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ»։

Կլաարի ակնարկած հանդիպումը սպասում է հուլիսի 21–ին։ Ակնկալվում էր, որ վաշինգտոնյան ոչ մեծ, բայց այդուհանդերձ արձանագրված առաջընթացը երկրների ղեկավարները՝ Շառլ Միշելի միջնորդությամբ կամրագրեին հենց Բրյուսելում։ Բայց պաշտոնական Բաքվի քայլերը և նոր սադրանքները արդեն թուլացնում են լավատեսությունը։

Քաղաքագետ Արմեն Պետրոսյանի համոզմամբ՝ պատճառները նաև տարբեր,  իրար հակասող հարթակներում բանակցություններից են։ Ավելի ստույգ՝ ցանկացած պահի մի հարթակից մյուս հարթակ տեղափոխվելու հնարավորությունից։ Համոզված է՝ դա է զսպում միջնորդներին, այս դեպքում կոնկրետ Արևմուտքին ավելի կոշտ քայլերի գնալու հնարավորությունից․  

«Եթե նման հնարավորություն լինի, բնականաբար ԱՄՆ–ն կպարտադրի Ադրբեջանին վերադառնալ կառուցողական հուն։ Իսկ քանի դեռ չկա այդ հնարավորությունը, և Ադրբեջանի համար կան հնարավորություններ ցանկացած պահի հրաժարվել արևմտյան հարթակներից, ապա ԱՄՆ–ն կփորձի հնարավորինս ավելի մեղմ քաղաքականություն վարել Ադրբեջանի նկատմամբ, որպեսզի նրան պահի իր ուղեգծում կամ կարգավորման իր հարթակներում»։

Եթե վերհիշենք արևմտյան միջնորդների վերջերս արված հայտարարությունները՝ Տոյվո Կլաարի ոգևորությունը գազի մատակարարման վերսկսումից կամ ԱՄՆ–ի պետքարտուղարի ներկայացուցչի դրական գնահատականը՝ Արցախի ղեկավարների «համաներման» մասին Ադրբեջանի նախագահի հայտարարության առնչությամբ, ապա այս ամենը հիմքեր է տալիս հայ վերլուծաբաններին նորից խոսելու ադրբեջանական լոբբինգի մասին։

«Մենք հստակ, փաստարկված հիմքեր ունենք, որովհետև դրանք ապացուցելու կարիք չունեն, երբ Ադրբեջանի նկատմամբ որևէ սահմանափակում, որևէ ճնշում, որևէ էմբարգո գործնական առումով, ոչ թե խոսքերի կամ պահանջների, չի իրականանում։ Բոլորն էլ, փաստորեն, սպասարկում են ադրբեջանական շահը , ավելին՝ եթե Եվրոպական միջազգային դատարանը որոշում է կայացնում, որ Բերձորի միջանցքը պետք է բացվի, դա հումանիտար տեսանկյունից աղետ է, տանում է դեպի ցեղասպանություն, և որևէ մի կառույց, որևէ գերտերություն ճնշում չի բանեցնում Ադրբեջանի վրա, անկեղծ չէ։ Մենք գիտենք, որ կան երկրներ, որ ցանկություն, կամք կդրսևորեն և Ադրբեջանին կպարտադրեն։ Դա ժամերի հարց է։ Երկուստեք նստեք բանակցությունների շուրջ, ողջունում ենք Ադրբեջանի այս ասածը, այն ասածը, սրանք բոլորն էլ խիստ կասկածելի են»։

Այն օրը, երբ Ադրբեջանը որոշեց մի քանի ժամով վերականգնել Արցախի գազամատակարարումը՝ հուլիսի 8-ին, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Դուբրովնիկի համաժողովում պանելային քննարկման մասնակիցներին տեղեկացնում էր, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը Ադրբեջանի կողմից մի քանի անգամ ենթարկվել է ներխուժումների, իսկ Արցախին առնչվող բանակցային գործընթացը նման է տանգոյի ։

«Միայնակ հնարավոր չէ հասնել տևական խաղաղության: Հայաստանը  բարեխղճորեն մասնակցում է բանակցություններին, բայց դրանց զուգահեռ դեռևս բախվում ենք ուժի սպառնալիքի և բուն ուժի կիրառմանը, ինչպես նաև ականատես ենք լինում Լեռնային Ղարաբաղի շրջափակման»:

Արարատ Միրզոյանը ճշտել է՝ դա նույնիսկ շրջափակում չէ, դա Լեռնային Ղարաբաղի պաշարում է. բավականին երկար ժամանակ է, ինչ սնունդ և դեղորայք չի մատակարարվում Լեռնային Ղարաբաղ։ Սա խնդիր է, որը, ցավոք, միայնակ չենք կարող լուծել՝ ասել է Հայաստանի արտգործնախարարը՝ դիմելով միջազգային հանրությանը և շեշտելով, որ աջակցության կարիք կա: «Կարծում եմ, որ յուրաքանչյուրն ունի կամ պետք է ունենա պատասխանատվության իր սեփական բաժինը։ Կրկին, եթե մենք ուզում ենք ապրել ոչ թե քաոսի, այլ կարգուկանոնի մեջ»,–ասել է Հայաստանի արտգործնախարարը:

Կարդացեք նաև

Back to top button