Դիվանագիտական ջանքերը դեռ սպառված չեն, ասում է ՀՀ- ում Ուկրաինայի դեսպանը


Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
ԱՊՀ արտգործնախարարները մինչ այժմ Ուկրաինայում առկա վիճակը քննարկելու ժամանակ չեն գտել ու Ուկրաինան հայտարարել է, որ ցանկանում է դուրս գալ ԱՊՀ կազմից, որովհետև անիմաստ է մնալ մի կառույցում, որտեղ միայն հավաքվում են թեյ ու սուրճ խմելու, այսօր Մեդիա կենտրոնում հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան։ Նա նշել է, որ Ղրիմը Ռուսաստանի միացնելու հայտարարությունը խախտում է Ուկրաինայի Սահմանադրությունը: Անդրադառնալով ուկրաինացի ծայրահեղականների կողմից ուկրաինական «Առաջին ալիքի» տնօրենին ծեծելու փաստին՝ դեսպանն ասել է, որ դա անընդունելի և Ուկրաինայի համար խայտառակություն է։
Ղրիմի հանրաքվեն խախտում է Ուկրաինայի Սահմանադրությունը, հայտարարեց Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան ու հստակեցրեց, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ նստել բանակցային սեղանի շուրջ ու խնդիրը կարգավորել դիվանագիտական ճանապարհով։ Նա նախկինի պես Ղրիմը համարում է Ուկրաինայի տարածք. Պատերազմի հավանականության մասին հարցերին էլ նա պատասխանեց, որ Ուկրաինան խաղաղ երկիր է եւ այդ պատճառով որևէ ռազմական գործողություն չի ծրագրում։
Ղրիմի հարցում գոյություն ունեն նորմատիվ փաստաթղթեր, որոնք ընդունվել են ԳՌ-ի և Ուկրաինայի ԱԱԽ կողմից։ Դրանք նախատեսում են ուժերի մոբիլիզացիա։ Ուկրաինան էլ հայտարարում է, որ պատրաստ է նստել բանակցային սեղանի շուրջ ՈԴ և Ղրիմի ներկայացուցիչների հետ՝ վերանայելու Ղրիմի Ինքնավար Հանրապետության լիազորությունների ընդլանման, այդ թվում ռուսալեզու բնակչության իրավունքների պաշտպանության հարցը, հայտարարեց դեսպանը։ «Կարծում են, որ դիվանագիտական ջանքերը դեռ սպառված չեն»,- նկատեց նա։
Դոնեցկում և Ուկրաինայի մյուս քաղաքներում ևս ակցիաներ են տեղի ունենում, տեղի բնակիչներն ուզում են հետևել Ղրիմի օրինակին: Դեսպանն այդ իրադարձությունները պատկերավորեց հետևյալ օրինակով: «Երևանում էլ հնարավոր է, մի որևէ փողոցի բնակիչներ ուզենան անկախանալ ու այդ նպատակով բողոքի ակցիաներ կազմակերպել։ Ու ի՞նչ՝ դա նշանակլո՞ւմ է թե համայնք առ համայնք պետք է անկախություն շնորհեք»։ Ուկրաինան ժողովրդավարական պետություն է և նորմալ են նաև բողոքի ակցիաները, ասաց Ուկրաինայի դեսպանը՝ միևնույն ժամանակ ավելացնելով, թե կպատժվեն բոլոր նրանք, ովքեր իրավախախտումներ թույլ կտան։
Լրագրողները փորձեցին նաև դեսպանի կարծիքը լսել Հայաստանի ԱԳՆ-ի՝ Ղրիմի հանրաքվեի մասին արված հայտարարության առնչությամբ: Հիշեցնենք՝ Էդուարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ Հայաստանը կողմ է, որպեսզի ուկրաինական ճգնաժամը կարգավորվի երկխոսությամբ, խաղաղ և բանակցային ճանապարհով` ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի հիման վրա: Իվան Կուխտան ձեռնպահ մնաց գնահատել այս հայտարարությունը, պարզապես նշեց, որ Ուկրաինայից առայժմ արձագանք չկա, իսկ մեկնաբանության համար լավ կլինի դիմել Հայաստանի կառավարությանը:
Իսկ ի՞նչ վերաբերմունք ունի ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանը ղարաբաղյան խնդիր կարգավորման հարցում, հարցրեցին լրագրողները՝ հաշվի առնելով Ղարաբաղի և Ղրիմի միջև առկա նմանությունները։ «Մեր դիրքորոշումը հստակ է և այն այսօր անփոփոխ է՝ Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում Ուկրաինան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը։
Ուկրաինայում ազգային փոքրամասնությունների վերաբերյալ հայ լրագրողներին հետաքրքրող հարցին ի պատասխան Ուկրաինայի դեսպանը նշեց, որ ամենամեծ համայնքն Ուկրաինայում ռուականն է և որևէ մեկը չի արգելում ռուսներին ռուսերեն խոսել: Նա իր օրինակով նշեց, որ կնոջ հետ առանց կաշկանդվելու շփվում է ռուսերենով։ Նա Ուկրաինայում ռուսերենով չշփվելու մասին հայտարարությունները մտացածին որակեց: Դեսպանն ասաց, որ հարգում է Ուկրաինաում բնակվող ազգային փոքրամասնություններին և հայ համայնքը մեծաթիվ է՝ մոտավորապես 300-ց 400 հազար ու որևէ մեկը չի ոտնահարի նրանց իրավունքը։ Դեսպան Կուխտան նաև նշեց, որ Հայաստանի հետ Ուկրաինան վիզային ռեժիմ չի սահմանի և ԱՊՀ-ից դուրս գալու Ուկրաինայի որոշումըս չի ազդի հայ-ուկրաինական հարաբերությունների վրա: